Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

 

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի գնահատմամբ՝ պատժամիջոցները սահմանափակում են Ռուսաստանի տնտեսական հնարավորությունները:

Պատժամիջոցների հետևանքով ՌԴ-ից հեռացած մի շարք ամերիկյան ընկերություններ ուղիներ են փնտրում ՌԴ-ից ապրանքներ գնելու համար։ Նրանք թուրք գործարարներին առաջարկում են որոշակի միջնորդավճարի դիմաց Ռուսաստանից ապրանքներ գնել եւ փոխանցել իրենց Թուրքիայի գրանցումով։

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանից ԱԹՍ-ների առաջին խմբաքանակը արդեն Ռուսաստանում է: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով լուրը, ասել է, որ Իրանի հետ ՌԴ հարաբերությունները դինամիկ զարգանում են և կշարունակեն զարգանալ: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին էլ հերքել է ռուսական կողմին ԱԹՍ-ների հնարավոր փոխանցման մասին տեղեկությունը։

Ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը մոտակա շաբաթների ընթացքում կսկսի Հունգարիայում երկու նոր միջուկային ռեակտորների կառուցումը՝ 12.5 միլիարդ եվրո արժողությամբ։ 2014 թ. Ռուսաստանի և Հունգարիայի միջև գործարքի շրջանակում ընդլայնվում է «Պակշ» ատոմակայանը, որն այժմ  արտադրում է Հունգարիայում էլեկտրաէներգիայի 40 տոկոսը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2023 թ. հունվարի 1-ից զինված ուժերի անձնակազմը 137 հազարով ավելացնելու մասին։ Զինված ուժերի ընդհանուր կազմն այսուհետ կլինի 2 039 758 մարդ, որից 1 150 628-ը բանակի թվակազմն է։

2022-2024 թթ. բյուջեի նախագծի բաց մասի համաձայն՝ 2022 թ. Ռուսաստանի զինված ուժերի վրա կծախսվի 1067.3 մլրդ ռուբլի, 2023-ին՝ 1.110.6 մլրդ, 2024 թ՝ 1.143.7 մլրդ։

Թուրքական «Baykar Makina» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը   բացառել է Ռուսաստանի Դաշնությանը «Բայրաքթար» անօդաչուների վաճառքը:

«ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի իր դերն արկտիկական տարածաշրջանում՝ հաշվի առնելով այնտեղ Ռուսաստանի և Չինաստանի գործողությունների ակտիվացումը»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Սթոլտենբերգը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը վերջերս ակտիվացրել է իր գործունեությունը պաշարներով հարուստ այդ շրջանում՝ վերստին բացելով խորհրդային ժամանակաշրջանի բազաները և այնտեղ տեղավորելով ու փորձարկելով նոր ժամանակակից զինատեսակներ:

 

Թուրքիա

 

Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին դիմել է երկրի գործարար շրջանակներին՝ կոչ անելով անտեսել ԱՄՆ ֆիննախից հնչող սպառնալիքները ռուսական բիզնեսի հետ համագործակցության պատճառով հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ Թուրքիան համաշխարհային քաղաքական և տնտեսական կարևորագույն կենտրոններից է, և գործարար շրջանակները պետք է միշտ իրենց կողքին զգան պետության ուժը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նամակ էր հղել Թուրքիայի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությանը՝ նախազգուշացնելով Ռուսաստանի հետ համագործակցության հետևանքների մասին։

Թուրքական Yeni Safak թերթն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցիչները բացահայտ սպառնացել են թուրք գործարարներին։

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է. «Անկարան գուցե ավելի շատ է աջակցում Կիևին, քան ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներ։ Մենք բավական արդյունավետ երկխոսում ենք նաև Ռուսաստանի հետ»։ Որպես երկու կողմերի հետ համագործակցության արդյունք, Չավուշօղլուն նշել է հացահատիկային համաձայնագիրը և Ստամբուլում կազմակերպված ռուսական կողմի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի հանդիպումը, որից հետո համաձայնեցվել է փորձագետների այցը ռուս զինվորականների վերահսկողության ներքո գտնվող Զապորոժիեի ատոմակայան:

Թուրքիան հինգ անգամ կավելացնի Բոսֆոր և Դարդանել նեղուցներով անցման արժեքը Մոնթրոյի կոնվենցիայով վերապահված իրավունքներին համապատասխան։ 2022 թ. հոկտեմբերի 7-ին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո թուրքական կողմի հասույթը ընթացիկ 40 մլն դոլարից կհասնի 200 մլն դոլարի։ 1936 թ. ստորագրված Մոնթրոյի համաձայնագրով Թուրքիան իրավունք ունի Ստամբուլի և Դարդանելի նեղուցներով անցնող նավերից վճար գանձել փարոսի, տարհանման և բուժսպասարկման համար։

Թուրքիայի հետ Հունաստանի սահմանին Էվրոս գետի ողջ երկայնքով հունական կողմը ցանկապատ կկառուցի:

Թուրքական կողմի պնդմամբ՝ Հունաստանի զինված ուժերը թուրքական ռազմական ինքնաթիռների դեմ Ս-300 ՀՕՊ համակարգեր են կիրառել: Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները ապահով վերադարձել են օդանավակայան: Հունաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է Թուրքիայի հայտարարությունները՝ դրանք համարելով տարածաշրջանում լարվածություն ստեղծելու Թուրքիայի ձախողված փորձերի մաս։

 

Իրան

 

Իրանում անցկացվել են խոշոր զորավարժություններ տարբեր տեսակի 150 անօդաչու սարքերի կիրառմամբ: Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի, ռազմաօդային, ռազմածովային ուժերի և հակաօդային պաշտպանության զորամասերը մշակել են մարտական անօդաչուների ներգրավմամբ փոխգործակցություն հետախուզության, օդային հարվածների համար:

Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մտադիր են համատեղ ներդրումներ կատարել Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման համար՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացման շրջանակում:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Իրանն ատոմակայանների կառուցման կենտրոն կդառնա։ Իրանի առաջին եւ միակ ատոմակայանը Բուշերում կարող է ժամում մոտ 1 գիգավատ էլեկտրաէներգիա արտադրել։

Իրանի Բուշերի ատոմակայանում շահագործման է հանձնվել ջրի աղազրկման խոշոր կայան, որի հզորությունն օրական 70.000 խորանարդ մետր է։ Աղազերծման նախագիծը 9 հեկտար տարածք է զբաղեցնում ատոմակայանի տարածքում, Պարսից ծոցից 2.5-ից մինչև 3.5 խմ/վրկ ջուր է աղազրկում, իսկ օրական հզորությունը կարող է 105 000 խմ հասցվել։

Նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել է, որ Իրանը համարվում է բժշկական ծառայությունների տարածաշրջանային հանգույց: Նա նշել է, որ հարևան պետությունների շատ քաղաքացիներ, որոնք նախկինում բուժման նպատակով մեկնում էին Եվրոպա, այժմ նախընտրում են բժշկական ծառայությունների համար մեկնել Իրան։ Իսկ Իրանում օգտագործվող դեղերի ավելի քան 90 տոկոսն արտադրվում է երկրի ներսում, և երկիրն այժմ նաև դեղագործական արտադրանքի խոշոր արտահանող է։ Իրան այցելած բժշկական զբոսաշրջիկների թիվը 2007 թվականի 20 հազարից աճել է և 2019 թվականին հասել 300 հազարի, եւ այդ զբոսաշրջությունից ստացված ընդհանուր եկամուտը հասել է 1,2 մլրդ դոլարի։

Իսրայելի հետախուզության` «Մոսսադ»-ի ղեկավար Դևիդ Բարնեան Վաշինգտոնում կքննարկի Իրանի հետ միջուկային նոր համաձայնագիրը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցից և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էյալ Հուլաթից հետո Բարնեան կլինի Իսրայելի երրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որը վերջին օրերին այցելում է Վաշինգտոն՝ քննարկելու Իրանի գործարքը:

2021 թ. Իրանի գազի արտահանման եկամուտն աճել է 64 տոկոսով:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցի համաձայն՝  Իրանը սկսել է ուրանի մինչեւ 5 տոկոս հարստացում՝ Նաթանզի ստորգետնյա միջուկային օբյեկտում: 2015 թ. Իրանի միջուկային համաձայնագրով Իրանում ուրանի հարստացման թույլատրված մակարդակը չպետք է գերազանցի 3.67 տոկոսը։

 

Ադրբեջան

 

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ միջոցներ են ձեռնարկվում ադրբեջանական բանակի կապի համակարգերի հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։ Ստացվել և շահագործման են հանձնվել էլեկտրոնային պատերազմի պահանջներին համապատասխան դիմացկուն կապի նոր միջոցներ։

Ադրբեջանի մշակույթի նախարարությունն ավարտել է «Հայրենական Ղարաբաղյան պատերազմ» պայմանական անունով գեղարվեստական սերիալի նկարահանման մրցույթը։ Հաղթողը թուրքական ընկերություն է։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե օրերս կազմակերպված միջոցառման ընթացքում Շուշի չեն այցելել Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները, որը գնահատվում է որպես «անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Հաջիևը դժգոհել է, թե Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, «չեն նպաստել հակամարտության կարգավորմանը»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ։ Ադրբեջանի ԱԳՆ-ում դժգոհել են, թե Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են ԱՄՆ-ին հեռացնել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից։

ՄԻԵԴ-ը մերժել է Բերձորում ու հարակից տարածքներում տներ այրելու դեմ Ադրբեջանի դիմումը:

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին խոսել է իր երկրին բնական գազով ապահովելու հարցում Ադրբեջանի կարևորության մասին:

Ադրբեջանից էներգակիրներ ներմուծելու մտադրության մասին հայտնել է նաև Սերբիայի ղեկավարը։

Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Բաքվում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ստորագրվել է հռչակագիր երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման և դաշնակցային փոխգործակցության խորացման մասին:

 

Վրաստան

 

Վրաստանում օգոստոսի 29-ին մեկնարկել են ԱՄՆ-ի հետ համատեղ «Արժանի գործընկեր-2022» (Noble Partner-2022) բազմազգ զորավարժությունները։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Զորավարժությունների նպատակը Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակիցների փոխգործակցության մակարդակը բարձրացնելն է՝ Սև ծովի տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայր ապահովելու համար»: Մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Սլովակիայի, Նորվեգիայի, Հունգարիայի, Լիտվայի, Ադրբեջանի, Գերմանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի, Լեհաստանի ավելի քան 2 400 զինծառայողներ, ինչպես նաև Լիտվա-Լեհաստան-Ուկրաինա բազմազգ բրիգադի զինծառայողները:

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #25 (1447) 31.08.2022 - 06.09.2022, Տարածաշրջան


02/09/2022