2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՍԸ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ «НВО»-Ի
21-րդ դարի երկրորդ տասնամյակը սկսվեց «արաբական գարունով» և ավարտվեց «սառը պատերազմի» ժամանակների հռետորաբանությամբ: Արաբական Արևելքի արևմտամետ վարչակարգերին սկսեցին փոխարինել չափավոր իսլամականները, որոնց թիկունքում պարզ երևում է «Ալ Քայիդան», և շատերի կարծիքով տարածաշրջանում կարող է ձևավորվել սուննի դավանանքի պետությունների դաշինք, որը կգլխավորեն վահաբական Սաուդյան Արաբիան ու նրան հարող Թուրքիան: Դաշինքի հիմնական հակառակորդը կլինի շիա Իրանը:
Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հարաբերությունների բարելավման փուլն էլ ավարտվեց հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի ստեղծման՝ Վաշինգտոնի ծրագրին Մոսկվայի անհամաձայնությամբ և համակարգը Ռուսաստանի դեմ չուղղելու իրավական երաշխիքներ չստանալու դեպքում ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին համաձայնագրին Մոսկվայի անդամության դադարեցման սպառնալիքով ու Կալինինգրադի ռադիոլոկացիոն կայանի գործարկումով:
Բարձրտեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը վաղուց արդեն սկսվել է և բազմաթիվ պետություններում, այդ թվում և ԱՄՆ-ում սովորական սպառազինությունների կրճատումը փոխհատուցվում է նոր սերնդի զինատեսակների, ինչպես, օրինակ, անօդաչու թռչող սարքերի և կիբեռնետիկ պատերազմի միջոցների մշակմամբ ու արտադրության ծավալների ընդլայնմամբ:
Այս իրադարձությունների համապատկերին ռուսաստանյան «Независимое военное обозрение» հայտնի պարբերականն առանձնացրել է 2011 թվականի այն տասը ռազմական իրադարձությունները, որոնք առաջացրել են աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ, ազդել են գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության խնդիրների վրա, ինչպես նաև մեծ նշանակություն ունեցել աշխարհի առաջատար պետությունների զինված ուժերի համար:
1. «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ԵՎ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՎԱՐՉԱԿԱՐԳԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ
2011 թվականի հունվարին ողջ Արաբական Արևելքում, բացի Ալժիրից, սկսվեցին զանգվածային հուզումներ, որոնք արագորեն ճնշվեցին միայն Պարից ծոցի միապետական երկրներում: Հորդանանն ու Մարոկկոն հուզումները հանդարտեցրին քաղաքական զիջումների օգնությամբ: Իսկ արաբական աշխարհում ԱՄՆ մերձավոր դաշնակից Եգիպտոսում, իշխանությունից հեռացնելով զինված ուժերը, դատարանին հանձնեցին նախագահ Մուբարաքին: Զինվորականներն իշխանությանը տիրացան նաև Թունիսում, որի նախագահ Բեն Ալին փախավ երկրից, Եմենում Սալեհը իշխանությունը հանձնեց միայն զինված ընդիմության ճնշման ներքո, իսկ Մուամար Քադաֆին օտարերկրյա զինված միջամտության արդյունքում հեռացվեց իշխանությունից ու սպանվեց: Հերթը կարծես Սիրիայի նախագահ Բաշար Ասադինն է, որի դեմ են միավորվել Արևմուտքը, Արաբական պետությունների լիգան ու Թուրքիան, որն ապաստան է տալիս զինված ընդիմադիրներին: Միջդավանական հողի վրա երկրում սկսվում է քաղաքացիական պատերազմ, քանի որ բնակչության մեծամասնությունը կազմող սունիները դեմ են ալավի նախագահին:
Այսպիսով, Արևմուտքը պաշտպանեց ոչ թե իր ավանդական դաշնակիցներին, այլ նրանց հակառակորդներին, սակայն ժողովրդավարների փոխարեն իշխանության են գալիս իսլամական ուժերը:
2. ՊԱՏԵՐԱԶՄԸ ԼԻԲԻԱՅՈՒՄ
Փետրվարի 16-ին սկսված զանգվածային հուզումներից մի քանի օր անց ապստամբները տիրացան Բենգազի քաղաքին, իսկ բանակային ու ոստիկանական ամբողջական ստորաբաժանումներն անցան ընդիմության կողմը, ինչից հետո Քադաֆին ապստամբների դեմ զինվորական ավիացիա կիրառեց: Եգիպտոսը սկսեց զենք մատակարարել ապստամբներին, մարտի 11-ին Եվրոպական Միությունն Ազգային անցումային խորհուրդը ճանաչեց որպես Լիբիայի միակ օրինական իշխանություն, իսկ մարտի 17-ին ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն արգելեցին թռիչքները Լիբիայի ողջ տարածքում:
Երկու օր անց սկսվեց օդային օպերացիան, որի ընթացքում ղեկավարվող զենքի կիրառման տեսակարար կշիռը կազմեց 85 տոկոս: Կորցնելով ռազմաօդային ուժերը` լիբիական բանակը շուտով հրաժարվեց նաև տանկերից ու ծանր հրետանուց և շեշտը դրեց պիկապ ջիփերի վրա տեղադրված գնդացիրների ու ականանետների կիրառման վրա, ինչը խիստ նվազեցրեց օդային ռմբահարումների արդյունավետությունը: Քադաֆիի տապալմանը մեծապես նպաստեցին Աֆղանստանից եկած իսլամ գրոհայիններն ու Քաթարից ժամանած հատուկ նշանակության ստորաբաժանումները:
ՆԱՏՕ-ի զինված միջամտությունն ավարտվեց վեց ամիս անց՝ սեպտեմբերի վերջին, իսկ Քադաֆին սպանվեց: Լիբիական հեղափոխության արդյունքում իսլամ գրոհայինները թալանեցին զինապահեստների զգալի մասի պարունակությունը, այդ թվում անգամ` ժամանակակից կառավարվող զենիթահրթիռային համալիրները, երկրում սկսվեց անիշխանություն, և նրա տարածքը, փաստականորեն բաժան-բաժան արվելով, անցավ հակամարտ տարբեր ցեղերի իշխանության ներքո:
3. ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Եվրոպայում տեղակայվող նոր համակարգն իրականում ընկալվում է որպես ԱՄՆ ազգային հակահրթիռային պաշտպանության «առաջին էշելոնի» ծավալում, որի նպատակն է մինչ Միացյալ Նահանգների տարածքին մոտենալը որսալ ռուսական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները: Ընդ որում, Վաշինգտոնը հրաժարվում է իրավական երաշխիքներ տալ համակարգի` Ռուսաստանի դեմ ուղղված չլինելու վերաբերյալ: Ի պատասխան ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նոյեմբերի 23-ին հրապարակեց ռազմատեխնիկական ու դիվանագիտական համազոր միջոցառումների բավական ընդգրկուն մի ծրագիր, որը կիրականացվի, եթե Վաշինգտոնը չփոխի իր դիրքորոշումը: Սակայն ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները հաստատակամ է ծավալելու հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգը: Փոխադարձ անվստահությունն առավել խորացավ, և կողմերը միմյանց հետ սկսեցին խոսել «սառը պատերազմի» տարիների հռետորաբանությամբ:
4. ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ «ԳԼՈՆԱՍՍ» ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՈՒՂԵԾՐԱՅԻՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՈՒՄԸ
Համակարգի՝ ուղեծրում գտնվող «ԳԼՈՆԱՍՍ» և «ԳԼՈՆԱՍՍ-Մ» 31 տիեզերական ապարատները կոորդինատների տեղորոշման ազդանշանով ծածկում են Երկրագնդի ողջ մակերևույթը: Նախատեսվում է կոորդինատների որոշման ճշգրտությունն առաջիկա ամիսներին հասցնել մեկ մետրի, ինչով այն գործնականում կհավասարվի ամերիկյան «Navstаr/GPS» արբանյակային համակարգի ճշգրտությանը:
5. ԿՈՏ-Դ’ԻՎՈՒԱՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Այն ընդմիջումներով շարունակվում էր 2000 թվականից, իսկ բռնությունների վերջին ալիքը հետևեց 2010 թվականին կայացած նախագահական ընտրություններին, երբ պարտություն կրած գործող նախագահ քրիստոնյա Լորան Գբագբոն հրաժարվեց հեռանալ իշխանությունից, և պատերազմ սկսվեց երկրի քրիստոնյա հարավի ու մահմեդական հյուսիսի միջև, որին երկու կողմից էլ մասնակցում էին լիբերիացի գրոհայիններ: Ե՜վ քրիստոնյա, և՜ մահմեդական համայնքները չխորշեցին զանգվածային հաշվեհարդարից:
Արևմուտքը պաշտպանեց մահմեդական Ալասսան Ուտարրիին, քանի որ 2002 թվականին ֆրանսիական խաղաղապահ ստորաբաժանումներին երկիր հրավիրած Գբագբոն այս անգամ հրահրեց հակաֆրանսիական ջարդեր և գրոհեց նրանց հենակայանները: Դրանից հետո ֆրանսիական խաղաղապահներն աջակցեցին հարձակման անցած Ուտարրիի ուժերին և ապրիլի 10-ին ձերբակալեցին Գբագբոին, որը շուտով կկանգնի դատարանի առջև:
6. ՍԿՍՎԵՑ ԲՈՒՆԴԵՍՎԵՐԻ ՌԵՖՈՐՄԸ
Արևմտյան Եվրոպայի ամենախոշոր՝ գերմանական բանակում ընթացող բարեփոխումների նպատակն է բանակը համապատասխանեցնել ժամանակակից սպառնալիքներին՝ ահաբեկչությանն ու լոկալ պատերազմներին, բարձրացնել անձնակազմի մարտունակությունն ու ապաբյուրոկրատացնել շտաբային համակարգը: Բունդեսվերն այսուհետև կհամալրվի միայն պայմանագրային զինծառայողներով, սակայն կամավոր ժամկետային զինծառայողների համար պահպանվում է 5.000 հաստիք: Բացի այդ, բանակի ընդհանուր անձնակազմը կկրճատվի շուրջ 20 տոկոսով՝ մոտ 200.000 մարդով:
Իսկ ահա բարեփոխումների հակառակորդները պնդում են, թե բունդեսվերն այդպիսով կվերածվի էքսպեդիցիոն և ոչ թե Գերմանիայի պաշտպանության համար ստեղծված բանակի:
7. ԱՄՆ-Ը ՓՈՐՁԱՐԿԵՑ ՀԻՊԵՐՁԱՅՆԱՅԻՆ ԶԵՆՔ
Նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ում առաջին անգամ իրականացվեց հիպերձայնային զենքի հաջող փորձարկում. «Minotaur IV» կրող հրթիռից արձակված «Falkon HTV-2» սարքը, զարգացնելով մինչև 20 М արագություն, կես ժամում հաղթահարեց 3700 կիլոմետր տարածություն: Այսպիսով, իրական դարձավ հիպերձայնային մարտագլխիկի ստեղծումը, որը արձակվելով ԱՄՆ տարածքից, ընդամենը 60 րոպեի ընթացքում կարող է հասնել Երկրագնդի ցանկացած կետ:
8. ԿԱՊՐԱԼ ՇԱԼԻԹԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ
Հինգ տարի առաջ ՀԱՄԱՍ խմբավորման կողմից գերված կապրալը փոխանակվեց պաղեստինցի ավելի քան 1.000 բանտարկյալների հետ, որոնց թվում քիչ չեն ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներ ու անմիջական կատարողներ, որոնք դատապարտվել էին ցմահ ազատազրկման: Դրանով Իսրայելը ևս մեկ անգամ ապացուցեց, թե իր զինվորի կյանքը փրկելու համար որչափ մեծ զոհողությունների է պատրաստ դիմել, իսկ գրոհայինները հավաստիացան, որ գերվելիս մի օր անպայման ազատություն ձեռք կբերեն և ՀԱՄԱՍ-ն արդեն իսկ հայտարարել է, թե իրենց ռազմավարական խնդիրն այժմ հրեա զինծառայողներ գերի վերցնելն է:
9. ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
Մայիսի 2-ին ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանումը Պակիստանի տարածքում ոչնչացրեց աշխարհի թիվ մեկ ահաբեկչին և «Ալ Քայիդայի» գաղափարական առաջնորդին, որը ամերիկյան հետախուզության կողմից որոնվում էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Գործողությունն իրականացվեց առանց Պակիստանի իշխանություններին տեղյակ պահելու և առավել քան սրեց Վաշինգտոնի ու Իսլամաբադի միջեւ առանց այդ էլ բարդ հարաբերությունները, իսկ ահա «Ալ Քայիդայի» գործունեության վրա նկատելի ազդեցություն չթողեց:
10. ԻՐԱՆԸ ՏԻՐԱՑԱՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ «RQ-170» ԳԱՂՏՆԻ ԱԹՍ-ԻՆ
Իրանի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգնությամբ անվնաս իջեցված «Lockheed Martin RQ-170 Sentinel» («Ժամապահ») անօդաչու թռչող սարքն այնքան գաղտնի էր, որ մինչև 2009 թվականը Վաշինգտոնը ժխտում էր նման մոդելի գոյությունը:
Այդ իրադարձությունը վկայեց, որ բարձրտեխնոլոգիական զենքը հնարավոր է վնասազերծել ոչ միայն կրակային խոցման, այլև նույնքան բարձրտեխնոլոգիական հակամիջոցի օգնությամբ, և որ Իրանն ունի այդ հնարավորությունը:
Թեհրանը հայտարարել է ԱԹՍ-ն ապակոդավորելու և նրա հիմքի վրա սեփական սարք ստեղծելու մասին: Ըստ ամենայնի, ապակոդավորման գործողությունը կիրականացվի Ռուսաստանի ու Չինաստանի մասնագետների օգնությամբ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական