«ՀԱԴՐՈՒԹԸ ՄԵՐ ՍԻՐՏՆ Է, ՄԵՐ ԱՐՅՈՒՆԸ»
-Բոլոր հիշողություններս մնացին Հադրութում: Ամեն ինչ՝ մի ամբողջ կյանք մնաց Հադրութում:
Նորայի ձայնը նման է ջութակի ձգված լարի. թվում է՝ ուր որ է կկտրվի: Նա 44-օրյա պատերազմում զոհված սպա, վաշտի հրամանատար Արա Մկրտչյանի մայրն է:
-Եվ որդուս կորցրի, և Հայրենիքս, հիմա ապրում եմ ռոբոտի պես, ստվերի նման,- ասում է Նորան, ու ես փորձում եմ սփոփանքի բառեր գտնել.
-Մեր հիշողությունները ոչ ոք չի կարող խլել մեզնից:
-Իմ սիրտն ու միտքը Հադրութում են: Ու ամեն օր նույն ճանապարհն են անցնում՝ Արայիս ծննդյան օրվանից մինչև նրա վերջին զանգը ռազմաճակատից…
-Ե՞րբ է ծնվել Արան,- ես ավելի հարմար հարց չեմ գտնում՝ զրույցն առաջ մղելու համար: Նորան կկոցում է աչքերը, ասես հայացքով ինչ-որ բան է փնտրում, հետո ժպտում է փնտրածը գտնողի գոհունակությամբ:
-Արաս շատ չար էր փոքր ժամանակ, աշխույժ, աղմկոտ: Մենակ խաղալիս էնպիսի իրարանցում էր սարքում, որ մեր հարևան Արշալույս տատիկն ասում էր՝ հենց գիտես՝ 5-6 երեխաներ միասին խաղալիս լինեն: Աչքերիս առաջ եկավ. սիրուն, պայծառ Արաս էն կլոր ակներով բանից էր սարքել ու քշում էր՝ հրճվանքից ճչալով:
-Մեր գյուղում դրան գլգլիկ են ասում…
-Հա, հա, գլգլիկ: …1992 թվին ադրբեջանցինեը ռմբակոծեցին Հադրութը: Ես երեխաներին առա, գնացի Մեծ Թաղեր՝ իմ հայրական տունը: Մինչև 94 թիվը մնացինք Մեծ Թաղերում: Արաս մեծ Թաղերում մեծացավ :… Փոքր քրոջը՝ Վերժինեին մի ուրիշ քնքշությամբ էր սիրում: Երեխաներիս մանկությունը, կարելի է ասել, գյուղում անցավ պատերազմի պատճառով:
-Բա Ձեր ամուսի՞նը…
-Ամուսինս՝ ի՞նչ…Պատերազմի ժամանակ ղարաբաղցի տղամարդիկ սահմանին էին՝ ամուսինս, երեք եղբայրներս: 1993թ. կրտսեր եղբայրս՝ 22-ամյա Մասիսը զոհվեց պատերազմում: Երբ ասում էի՝ զգույշ եղիր, ասում էր՝ ի՞նչ զգույշ, Արան ու Վերժինեն պիտի ապրեն, հո չենք թողելու, որ թուրքը գա, խոխեքին կոտորի…. Նույն տարին ամուսինս վիրավորվեց ոտքից, 2-րդ կարգի հաշմանդամ է:
…Արաս հենց դպրոց գնաց, միանգամից խելոքացավ, ասես՝ փոխեցին տղայիս: Կարգապահ էր, աշխատասեր, պարտաճանաչ: Ամենակարևորը՝ նախկին աշխուժության հետքը չկար. խաղաղ էր, հավասարակշռված, հանդուրժող: Ուսուցիչները շատ էին սիրում Արայիս: Երբ հարցնում էի՝ ինչ մասնագիտություն ես ընտրելու, ի՞նչ ես ուզում դառնաս, ուսերը վերուվար էր անում: Մի օր էլ դպրոցից եկավ տուն, թե՝ զինվորական եմ դառնալու: Ասաց՝ զինկոմիսարատից զինվորական էր եկել դպրոց, պատմեց, բացատրեց, ու ես հասկացա, որ համազգեստն այն է, ինչ ես ուզում եմ… Մեր միակ տղան էր, մեր մինուճարը, բայց, համաձայնեցինք: Որովհետև Հայրենիքի պաշտպանությունը սուրբ գործ է արցախցու համար: Ամեն ինչից վեր է:
Արաս ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Տարին երկու անգամ էր տուն գալիս: Երբ հարցնում էի կուրսանտական կյանքի դժվարություններից, ասում էր՝ հետդարձի ճանապարհ չկա, ինչքան էլ դժվար լինի, պիտի առաջ գնամ: Երեք պատվոգիր բերեց Համալսարանից: Համալսարանն ավարտելուց հետո նշանակվեց տանկային դասակի հրամանատար Մարտակերտի զորամասում: 5 հատ պատվոգիր էլ զորամասից ստացավ: Վաշտի հրամանատար էր, երբ պատերազմն սկսվեց:
-Եթե ճիշտ եմ հիշում՝ հենց առաջին օրը Հադրութը ռմբակոծեցին:
-Հա, շատ ուժեղ ռմբակոծեցին, զանգեցի Արայիս, ասաց՝ իմ տեղը ապահով է, մի անհանգստացի: Մի քանի օր անց թոռնիկիս՝ Ալեքսին ապահովության համար տարա գյուղ: Արան, որ իմացավ, ասաց՝ պապային կողքիդ պահի: Ես հետո հասկացա՝ ինքն արդեն գիտեր, որ պիտի հարձակում լինի Հադրութի վրա:
Նորան անսպասելի լռում է:
-Հետո ի՞նչ եղավ,-հարցնում եմ՝ հուսալով, որ հայրենիքին կյանքը նվիրաբերած սպայի մորից կլսեմ հերոսական պատմությունը:
-Ով կմտածեր, որ էլ Հադրութ չենք գալու, մեր տուն չենք մտնելու: Սարսափելի է, երբ կորցնում ես քո ապրած կյանքը, տունդ, հայրենիքդ…
Ես հավաքում եմ ամբողջ քաջությունս ու հարցնում եմ.
-Ինչպե՞ս զոհվեց Արան:
-Եթե որոշել եք Արայի մասին գրել, ուրեմն՝ գիտեք:
-Գիտեմ,-ասում եմ,- բայց ուզում եմ մեկ անգամ էլ լսել մանրամասն:
-Մենք էլ մանրամասներ չգիտենք: Մեզ Արայի զինվորն է պատմել, միակը, որ փրկվեց տանկի անձնակազմից: Մեր տղաները ծանր մարտեր են մղել Ֆիզուլիում: Հոկտեմբերի 12-ի գիշերը Արան ասել է՝ գնում ենք Հադրութ, տղաները մեզ են սպասում: Զինվորն ասել է՝ հրամանատար, փրկվելու հույս չկա, բոլորիս կկոտորեն, շուրջբոլորը թուրքեր են, գոնե թող լույսը բացվի: Արաս ասել է՝ ժամանակ չունենք, պիտի փրկենք Հադրութը, ինչ գնով էլ լինի: Ու անձնակազմը տարել է ազատագրական մարտի:
…Տղայիս տանկը ոչնչացել է անօդաչուի հարվածից:
-Քեզնից ոչ ոք չի կարող խլել այն հողը, որի համար արյուն ես թափել,-ասում եմ ես.- Նորան գլխով է անում:
-Հայրենիքը սովորական հող չէ, տարածք չէ, որ մեկ օրում սեփականես, ժողովուրդը հայրենիք է կերտում սերնդեսերունդ, դարերով, հազարամյակներով…
-Հադրութը մեր սիրտն է, մեր արյունը,-Նորայի լացակումած ձայնն էլ չկա.
-Մենք պինդ ենք, չվախենաս,- ասում է նա հրաժեշտ տալիս:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #27 (1449) 14.09.2022 - 20.09.2022, Ճակատագրեր