Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ ԲԱՐՁՐ Է



ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ ԲԱՐՁՐ ԷՀարավարևելյան սահմանագոտում էինք, որտեղ կրակային դիրքում մեր հրետանավորները հերթական մարտական խնդրին էին նախապատրաստվում։

-Ամենաինտենսիվ գործողությունները, կարծում եմ, եղել են այս թևի վրա: Փառք Աստծո, մեր զինված ուժերին հաջողվեց կանգնեցնել  թշնամու առաջխաղացումը և մեծ կորուստներ պատճառել նրան: Չնայած ծանր ու լարված օրերին՝ տղաներն իրենց խնդիրը հստակ են կատարել: Մեր զինվորի ու սպայի մարտական ոգին շարունակում է մնալ բարձր: Առաջին իսկ րոպեներից մեր բոլոր ուժերն ու միջոցները ներդնելով՝ թշնամուն կանգնեցրել ենք այն բոլոր բնագծերում, որտեղ ցանկացել է առաջ գալ կամ ինչ-որ խնդիրներ կատարել։ Անձնակազմի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է, յուրաքանչյուրը հստակ կատարում է իր մարտական առաջադրանքը, ընկճվածություն չկա: Ցանկացած խնդիր, որը դրվում է վերադաս հրամանատարության կողմից, կատարվում է ճշգրտորեն,- իրավիճակը ներկայացնելով՝ վստահեցրեց դիվիզիոնի հրամանատար Արտուշ Հովհաննիսյանը:

-Սկզբում թշնամին գրոհային խմբերի միջոցով իրականացնելով տեղային մարտեր՝ փորձեց զարգացնել հաջողությունը, սակայն մեր ստորաբաժանումների հստակ գործողությունների շնորհիվ կանգնեցվեց։ Ընդհանուր առմամբ, զորքն իր առջև դրված խնդիրները կատարել է: Թշնամու ռազմական ագրեսիան հաջողվել է կասեցնել,- մեզ հետ զրույցում հավաստեց զորամիավորման սպաներից մեկը:

ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ ԲԱՐՁՐ Է– Լարված օրեր ապրեցինք, բայց այժմ ամեն ինչ հանդարտվել է:  Զգոնությունը չենք թուլացնում, զորքի մարտական ոգին բարձր է, ամբողջ անձնակազմով պատրաստ ենք առաջադրված խնդիրները կատարել մինչև  վերջ,- ասաց ժամկետային զինծառայող Վահե Սարգսյանը:

Թշնամու հրետակոծության թիրախում ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներն էին, ընդ որում՝ թե հրետանային միջոցներով, թե հարվածային ԱԹՍ-երով։ Ուստի, պատրաստության բարձր աստիճանի էին բերված նաև հակաօդային պաշտպանության ուժերը։

 

***

 

Հովհաննես Ավալյանը Ադրբեջանի գրոհային ուժերի հարձակման առաջին տուժածներից է։ Հակատանկայինների դիրքում հակառակորդի առաջին իսկ սադրանքի պահին անցել են ուժեղացված ծառայության ու փորձել հակահարձակման անցնել։ Ուժերի անհամաչափության հետևանքով կրել են կորուստներ ու փորձել նոր բնագիծ զբաղեցնել։ Այդ ժամանակ էլ ժամկետային զինծառայողը ոտքից վիրավորվել է ու փորձել թիկունք հասնել. «Տղերքն ամեն կերպ փորձեցին օգնել. էլի վիրավորներ ունեինք։ Մեր ուղղությամբ կրակահերթերն ու հրետանու հարվածներն այնքան ինտենսիվ էին, որ դժվարանում էի քայլել կամ փորձել վազել. սողեսող իջա, մինչև հայտնվեցի չդիտարկվող հատվածում։ Լուսաբացին արդեն գլխավոր ճանապարհի եզրին էի, եկան, հասցրին հոսպիտալ ու օգնություն ցուցաբերեցին»,- պատմում է Հովհաննեսը։

ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ ԲԱՐՁՐ ԷՀակառակորդի հանկարծակի գրոհները եղել են հանրապետության արևելյան սահմանագոտու մի քանի տասնյակ դիրքերի ուղղությամբ։ Մարտական որոշ դիրքերի  հակառակորդին հաջողվել է մոտենալ, ճեղքել պաշտպանությունը, որոշ շրջաններում զինծառայողները կյանքի գնով պահել են իրենց վստահված հենակետերն ու խրամատները։ Այս գործողություններում ակտիվորեն ներգրավված էին նաև պայմանագրային զինծառայողներ, հատկապես ականանետային ստորաբաժանումներ, որոնք կարողացել են դիպուկ կրակով խոցել հակառակորդի թիկունքային ենթակառուցվածքները, զուգահեռաբար թիրախ դարձնել գրոհային խմբերի կուտակումները։ Հրետանավորների համազարկերի շնորհիվ թշնամու հարձակումը որոշակիորեն դանդաղել է, որից հետո հակառակորդը գործի է դրել հարվածային անօդաչու թռչող սարքերն ու հրթիռահրետանային խոշոր տրամաչափի միջոցները. «Մենք մինչև հարձակումն էլ ունեինք պլանային կոորդինատներ, հակառակորդի դիրքերի, առանձին ռազմական օբյեկտների նշանակետեր, որոնց ուղղությամբ էլ մարտական գործողությունների հենց սկզբից սկսեցինք կրակել, այնուհետև արդեն գրոհային խմբերին վերցրինք նշանառության տակ ու փորձեցինք կանխել նրանց առաջխաղացումը»,- ասում է պայմանագրային զինծառայող Կարեն Օխանյանը։

Մարտական գործողությունների ընթացքում դիրքերում հերթապահել են նաև եռամսյա վարժական հավաքների մասնակիցները։ Նրանք նույնպես հնարավոր բոլոր միջոցներով կռվել են թշնամու դեմ։ Նույնիսկ մարտերին մասնակցելու անհամատեղելի վնասվածք ստանալով շարունակել են մնալ խրամատում ու կրակել հակառակորդի անդադար մոտեցող խմբերի ուղղությամբ։ Պահեստազորային Դավիթ Թամրազովը բեկորային վնասվածք է ստացել դեմքի շրջանում, չդադարող արնահոսության պայմաններում նույնիսկ մնացել է զինակիցների կողքին ու մինչև վերջ կռվել է. «Արյունը չէր կտրվում, մի ձեռքով փորձում էի թաշկինակով փակել, մյուս ձեռքով կրակում էի։ Արյունն այնքան շատ էր, որ թաշկինակը մի քանի անգամ քամել, նորից վերքիս եմ դրել։ Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ չկար. ադրբեջանական հատուկ նշանակության զինծառայողները շատ մոտ էին։ Այդ վիճակում կռվեցինք մինչև առավոտ, եւ երբ արևը ծագեց, արնահոսությունը դադարեց, վերքս սկսեց փոքր-ինչ չորանալ։ Հոսպիտալում արդեն մաքրեցին վերքը, վիրակապեցին, արդեն լավ եմ, շուտով կվերադառնամ առաջնագիծ»։

ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ ԲԱՐՁՐ ԷԱյսպիսի տասնյակ վիրավորների են դիրքերից իջեցրել կայազորային հոսպիտալ, առաջին օգնություն ցույց տվել, վիրահատել, տեղափոխել այլ բժշկական հաստատություններ։ Կարգն է այդպիսին, հոսպիտալը չի կարող բոլորին պահել իր հարկի ներքո, որովհետև հոսպիտալը մշտապես պիտի պատրաստ լինի նոր վիրավորներ ընդունելուն։ Այդպես էլ տուժածների մի մասին երկրորդ օրը հասցրել են քաղաքացիական հոսպիտալներ և Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ. «Մարտական գործողությունների հենց առաջին րոպեներից անցել ենք ուժեղացված ծառայության, պատրաստ պահել վիրահատարանը, այն ինչ փորձը ցույց է տվել։ Մեր բուժանձնակազմը այսպիսի ճգնաժամային իրավիճակներում առաջին անգամ չէ. շատերի կյանքն ենք փրկել, վիրահատել, ուղարկել թիկունք հետագա բուժում ստանալու համար», – ասում է Գեղարքունիքի մարզի կայազորային հոսպիտալի պետ Հայկ Հարությունյանը։ Հոսպիտալում այս պահին մի քանի վիրավոր են բուժում ստանում՝ համեմատաբար թեթև վնասվածքներ ունեցողները։ Նույնպիսի օպերատիվությամբ և նվիրումով հանրապետության հարավային հոսպիտալն է գործել՝ շուրջօրյա հերթապահությամբ և վիրավորների խմբերին հնարավոր առավելագույն բուժօգնություն ցույց տալով. «Մենք մշտապես ունենք մարտական գործողությունների դեպքում անհրաժեշտ դեղորայքի, արյան պաշարը, որ յուրաքանչյուր վիրավորի կյանքն անմիջապես փրկենք, բարեբախտաբար մեր հոսպիտալում որևէ մահացություն չենք ունեցել», – վստահեցնում է Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ, գնդապետ Դանիել Մկրտչյանը։ Մարտական գործողությունները կարող են շարունակվել, կարող է հարաբերական կայունությունը պահպանվել, մինչդեռ հոսպիտալները դեռ երկար ժամանակ պետք է հատուկ ուշադրությամբ վերականգնեն հայրենիքը պաշտպանելիս վիրավորում ստացած մեր տղաներին։ Սա նրանց առաքելությունն ու նվիրական պարտքն է։

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

ՎՈԼՈԴՅԱ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #27 (1449) 14.09.2022 - 20.09.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/09/2022