Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱԿԻՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐՎԵԼ



Երկրում կառավարության և զինված ուժերի հրամանատարության միջև անհամաձայնությունների սրման համապատկերին վարչապետ Յուսուֆ Ռեզա Ջիլանիի հրամանով «պետական կառույցների միջև անհամաձայնությունների հանգեցրած լուրջ խախտումների ու անօրինական գործողությունների համար» պաշտոնանկ է արվել պաշտպանության նախարար Հալիդ Նաիմ Լոդխին: Պատճառը երկրի գերագույն դատարանում նախարարի խիստ ելույթն էր ԱՄՆ իշխանություններին վարչապետի ուղարկած նամակի առնչությամբ, որով կառավարության նախագահը խնդրում էր օգնել իրեն վերահսկելու զինված ուժերի հրամանատարության գործունեությունը: Զինվորական վերնախավն այս նամակը որակեց որպես «երկրի շահերի դավաճանություն», իսկ վարչապետը նրանց մեղադրեց պետական հեղաշրջման փորձի մեջ:

Պաշտոնանկության որոշումից հետո զինված ուժերի հրամանատարությունը վարչապետին սպառնացել էր խիստ հետևանքներով և հայտարարել հինգշաբթի օրը բանակային կորպուսների հրամանատարների խորհրդակցություն հրավիրելու մասին՝ հնարավոր համարելով կառավարության հրաժարականի պահանջի առաջ քաշումը:

Վերջին շրջանում բավական մեծացել է Պակիստանի բանակի հրամանատարության ազդեցությունը կառավարության վրա, ինչը մեծապես մտահոգում է երկրի իշխանություններին, քանի որ Պակիստանում մի քանի անգամ զինվորական հեղաշրջում է իրականացվել: Առաջինը 1958 թվականին էր, երբ իշխանության եկավ գեներալ Այուբ Խանը, որին 1969 թվականին պաշտոնականկ արեց նույնպես գեներալ Մուհամմեդ Յահյա Խանը: Նրան փոխարինած քաղաքական գործիչ Զիլֆուղար Ալի Բհուտտոն երկիրը ղեկավարեց ընդամենը երկու տարի, ապա մահապատժի ենթարկվեց գեներալ Մուհամմեդ Զիյա ուլ Հակի կողմից: Վերջին հեղաշրջումը Պակիստանում տեղի ունեցավ 1999 թվականին, երբ իշխանության եկավ գեներալ Փերվեզ Մուշարաֆը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


12/01/2012