Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՈՐԾԵԼ ԵՆ ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ



ԳՈՐԾԵԼ ԵՆ ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄՄեր հրետանավորներն ադրբեջանական ագրեսիայի այս օրերին առաջնագծում աչքի են ընկել խիզախությամբ, սահմանի ամենաթեժ ուղղություններում մարտական խնդիրներ են կատարել քաջաբար: Նրանք իրենց երդմանը հավատարիմ գործել են անմնացորդ նվիրումով՝ անվարան ու առանց խուճապի մատնվելու: Թշնամու անդադար հրետակոծությունների պայմաններում, արկերի տարափի տակ, մեր զինվորներն ու սպաները ճշգրիտ խոցումներով ոչնչացրել են թշնամու մեծաթիվ կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա:

-Երբ կրակոցներն սկսվեցին, առաջնագծից մեզ սպասարկող դիտակետը ազդանշան տվեց, ու մենք արագորեն զբաղեցրինք կրակային դիրքը: Այս ուղղությամբ  խոցել ենք հակառակորդի առաջնագիծը, խորքում՝ հրետանին: 44-օրյա պատերազմի կռիվներից ոչ մի բանով չէր տարբերվում,- մեզ հետ զրույցում ասաց հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Վարդան Մարությանը:- Ես և իմ զինակից ընկերները՝ 18 տարեկան զինվորները կանգնեցրին թշնամուն՝ պատճառելով մեծ կորուստներ: Նրանք իրենց հիմնական խնդիրը կատարել են գերազանց:

44-օրյա պատերազմի առաջին օրվանից ռազմաճակատում եղած հրամանատարը այս անգամ էլ կրակային դիրքում էր հակառակորդի նախահարձակ գործողությունների սկսվելու առաջին իսկ րոպեներից։ Եվ մարտակարգերը զբաղեցնելուն պես հրետանավորները գործել են արագ ու դիպուկ խոցումներով։

Հրամանատարը պատմում էր վերջին ծանր ու լարված օրերին 24 ժամ անընդմեջ ու անտրտունջ խնդիր կատարած քաջ հրետանավորների մասին ու շեշտում նրանց հզոր մարտական ոգին։

Սերժանտ Կարեն Գևորգյանը մահաբեր կրակի տակ հրետանու արկերը ծնկաչոք է հասցրել հրետանավորներին: Սերժանտ Հակոբ Հարությունյանի խիզախության ու գերճշգրիտ խոցումների շնորհիվ էլ թշնամու շրջափակման մեջ հայտնված մեր դիտակետի անձնակազմը կարողացել է դուրս գալ և անկորուստ հասնել ընկերներին:

-Մեր տղաները դիտակետում հայտնվել էին շրջափակման մեջ: Քանի որ հրանոթի կրակի շառավիղը շատ է մեծ, ուստի պիտի շատ զգույշ ու դիպուկ կրակեինք, որպեսզի հանկարծ մերոնց չվնասեինք, ինչն էլ առավել լարվածություն էր առաջացնում: Բացի այդ, մեր գլխավերևում արդեն «Կամիկաձե» ու «Բայրաքթար» էր պտտվում: Մի խոսքով, կարողացանք մեր ընկերներին բարեհաջող դուրս բերել շրջափակումից,- պատմում է ժամկետային զինծառայող Հարությունյանը:

Հիմա էլ սերժանտ Հարությունյանը ցանկացած պահի զինակից ընկերների հետ պատրաստ է մարտի։

– Պատրաստ եմ 100 տոկոսից էլ ավելի… Սպասում եմ հրամանի,- վստահեցրեց քաջ հրետանավորը:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Խորագիր՝ #28 (1450) 21.09.2022 - 27.09.2022, Ազգային բանակ


26/09/2022