Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԸ ԴԵՌ ՉԵՆՔ ԶԱՐԿԵԼ



ՄԵՆՔ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԸ ԴԵՌ ՉԵՆՔ ԶԱՐԿԵԼՀայրենիքի առեղծվածը մենք վերծանել ենք սերնդեսերունդ։ Կորցնել-փնտրել-գտնելով մեր գոյության խորհուրդը, մեր կյանքի բովանդակ էությունը՝ հայրենիքի մեջ ու հայրենիքից դուրս։ Հայրենի՛ք, քո սերը կրակե շապիկ է, հագնում եմ՝ վառվում եմ, հանում եմ՝ մեռնում եմ. մորմոքել է գրողը: Ու հեռավոր Ավստրալիայում, Ամերիկայում կամ Հնդկաստանում ծնված-մեծացած հայը հանկարծ այնքան որոշակի ու տիրական լսել-զգացել է հայրենիքի կանչը, մայր հողի ձգողական ուժը։ Փորձել է ազատվել այդ քաղցր-հարազատ-տառապալի բեռից… ու չի կարողացել։ Երանելի ցավով, շոշափելի ու հստակ, բոլոր զգայարաններով, արյան բոլոր բջիջներով զգացել է հեռու հեռավոր հայրենիքում, չտեսած-չիմացած մայր հողի ընդերքում ապրող-շնչող իր արմատը՝ հատված, մաս-մաս, վիրավոր, բայց անհաղթ ու անվախճան։ Մենք հայ ենք, ու մեզ ոչ մի ազգի վրա չես պատվաստի։ Մենք կապրենք ռուսի, վրացու, հնդիկի երկրում, բայց ռուս, վրացի ու հնդիկ չենք դառնա, քանի որ մեր արմատը հայրենի հողում չի մեռնում, շարունակում է իր տրոփը մեր արյան, մեր գենի հիշողության մեջ։ Ու կանչում է։

«Հայաստան, երկիր դրախտավայր»… Հիացել-սիրել-երկրպագել է բանաստեղծը, հերոսության չի կոչել, չի ճամարտակել հայրենասիրության մասին, այս քարքարոտ-դժվար հողը պահելու պատգամ չի տվել սերունդներին։ Երկիր դրախտավայր՝ ասել է, ու մենք հասկացել ենք, որ մեր բաժինն այստեղ է, այս փոքրիկ, քարակոփ, ժլատ հողի վրա, այստեղ է մեր դրախտը, մեր տունը, մեր արմատը։ Մեր հայրենիքը։

Հայրենիքի առեղծվածը մենք վերծանել ենք դարեր շարունակ: «Օ՜, հայրենի՛ք, դառն ու անուշ»,- ասել է հայոց մեծերից մեկը, իսկ անանուն, սովորական մի հայ ձեռքը հպել է հողին, շոյել է կոպիտ-կոշտացած մատներով, ու մատները ճանաչել են հողը։ Մատներն ու հողը տրոփել են նույն ռիթմով, խոսել են նույն բարբառով։ Մենք այդ հողը կորցնել չէինք կարող։ Հայը պիտի հայրենիք ունենար, ոչ թե որպես պարգեւ, որպես վերերկրային շնորհ, այլ դժվարին, բայց անպայման վաստակ… Ու կշեռքի նժարին մենք դրել ենք ամեն ինչ։ Ու մեր նորօրյա պատմությունը մաքառումների, տքնանքի, հերոսության ու հաղթանակի վիպերգ է եղել։

Փորձությունն ի սկզբանե էր։ Քոչվորի քթի տակ, բարբարոսի կողքին՝ քարաստան հայրենիքդ, որ հոգուդ ու բազուկներիդ ջերմությամբ դրախտ ես դարձրել։ Եվ արարիչ ես, ոչ թե սպանող, եւ խաղաղարար ես, ոչ թե կռվազան։ Բայց պիտի դիմանաս փորձությանը, որ ձգվում է դարեր ու չի ավարտվում։

…Մենք կորցրինք մեր պատմական հողերը։ Ու մինչ մենք` սգավոր ու գթահայց, փորձում էինք համոզել բոլորին, որ մեզ կոտորել են, մորթել են, խլել են մեր պատմական հայրենիքը, աշխարհը զուսպ ու քաղաքակիրթ ցավակցում էր մեզ ու չէր հասկանում, թե մեր ուզածն ինչ է, թե ինչ է տալու մեզ այս արեւի տակ իրենց տեղը նվաճած, իրենց բարոյական պատերազմը վաղուց իրական հաղթանակով ավարտած ժողովուրդների ցավակցությունը, երբ մեր խաչքարերը պղծվում են, մեր սրբություններն անարգվում, մեր հողերը բաժին են հասնում օտարին։ Չէին հասկանում, քանի որ մեր լեզուն` արդարություն աղերսողի, գութ հայցողի լեզուն, խորթ ու անհասկանալի էր նրանց համար, որոնց ունկերը վաղուց արդեն վարժվել էին ուժի ու ըմբոստության բարբառին։ Մենք պիտի սովորեինք այդ լեզուն, որքան էլ մեր սիրտը խորթացած լիներ։ Մենք պիտի պեղեինք մեր արյունն ու Տիգրան Մեծի տրոփը զգայինք մեր մակարդուն զարկերակներում։ Մեր հավաքական հիշողության խորխորատներում կար-ապրում էր Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի հպարտությունը, որ հաղթանակ բառին նոր իմաստ ու խորհուրդ էր հուշում։ Ու հիշեցնում, որ մեր նախնիները փառահեղ հաղթանակներ էլ են տոնել։ Մեր բազկի ուժը թշնամին զգացել է իր քառատվող ողնաշարին ու ծնկել է մեր առաջ։ Մենք հաղթել ենք, երբ հավատացել ենք ինքներս մեզ ու իրար։ Երբ եղել ենք հավաք, միասնական ու հուսավառ։ Մենք Տիգրան Մեծի, Վարդանի, Նժդեհի ու Անդրանիկի զարմից ենք ու չէինք կարող բարոյական հաղթանակների` մեզ գետնաքարշ անող բեռը 21-րդ դար տանել։ Որովհետև, նույնիսկ երբ կորցրել ենք ամեն ինչ՝ հող, տուն, ինչք, կյանք ու…Հայրենիք, ինչ-որ տեղ՝ արյան միլիարդավոր բջիջներից մեկում, գենի անսահման հիշողության խորքերում պահել-պահպանել ենք հաղթելու հավատը։ Ու ամենաօրհասական պահին խոսել է արյունը։ Ու նրա միլիարդավոր բջիջներից մեկը՝ ամենազորեղն ու ոգեղենը, վարակել է մեր ամբողջ արյունը արիության «բացիլով»՝ ֆրանսահայինը, պարսկահայինը, ռուսահայինը, թուրքի, քրդի անունով ծպտված հայինը… Ու հենց այդ արյամբ էր սնվելու Անկախության սրբազան խարույկը՝ 600 տարի։ Ու այդ խարույկը չէր մարելու, քանի դեռ Հայոց եռագույնի ծփանքը չէր հասել մեր պատմական հայրենիքի բոլոր ծագերը։ Քանի դեռ Հայոց բոլոր վանքերում չէր ծաղկել մեր խնկահոտ-սրբալույս աղոթքը, քանի դեռ Հայոց օրհներգը չէր հնչել յուրաքանչյուր հայի շուրթին, քանի դեռ Հայոց բանակը չէր կապել Թուր-Կեծակին, չէր հեծնել Քուռկիկ Ջալալուն ու չէր ելել քարայրից…

Ազատության հրապարակում երկինքն ակոսող խորհրդային ռազմական ուղղաթիռների հռնդյունն ու մեր քաջությանը, մեր հպարտությանը, մեր ըմբոստությանն ուղղված տանկերի մահաբեր փողերը այլեւս անկարող էին փակելու այն ճանապարհը, որ մեզ ռազմադաշտ էր տանելու։ Երեւի մե՛նք, միայն մե՛նք կարող էինք դիմանալ այդ փորձությանը։ Երկրաշարժը ավերել էր մեր տունը, սովը, ցուրտը, կարիքը, խավարը, թշվառությունը դաշն կնքած մտել էին մեր օջախները։ Ու թշնամին պահը չէր կորցրել. մեզ վերջնականապես ծնկի բերելու երազանք էր որոճացել՝ աչքը «տորթի լավագույն պատառին»։ Բայց Արցախը մեզ համար տորթի լավագույն պատառ չէր, Հայրենիք էր։ Ու երբ թշնամին հերթական անգամ մահ ու մոխիր է թողել իր ետեւում, թալանել է ու պղծել, ոչնչացրել է ու գերեվարել, երբ հայրենի հողը տնքացել է օտար սմբակների տակ, երբ հայրենի արեւը խամրել է մահատարած ծխից, հայ մայրը սուր է դրել իր զավակի ձեռքում, ելի՛ր՝ ասել է, փակի՛ր թշնամու ճամփան… Չի հարցրել՝ կարո՞ղ ես, չի հաշվել-հաշվարկել-բաղդատել ուժերը, չի ասել՝ պահպանի կյանքդ, հողդ պահպանի՝ պատգամել է առանց պայմանի ու պայմանականության։ Հայ մայրը-Մայր հայրենիքը։

….Մենք հայդուկապետին զորավար ենք ասել ու զորք ենք երազել պետականությունը կորցրած մեր հայրենիքի համար։ Բայց մեր հոգու խորքում ցավալիորեն հստակ ու հաստատ հասկացել-իմացել ենք, որ խմբապետը զորավար չէ, որ խումբը զորք չէ։ Ու քո տունը քոնը չէ, քանի դեռ երկիրդ անկախություն չունի, քանի դեռ հողիդ, տանդ պաշտպանը քո զավակը չէ։ Քո միս ու արյունից, քո սիրտ ու հոգուց, քո ազգից։ Քանի դեռ ուժդ ցաքուցիր է ու մասնատ, տունդ՝ անպաշտպան ու վտանգված:

Մենք ունեցել ենք զորք ու պետություն։ Պետություն ու զորք ենք ունեցել այնքան հաստատ, բնական ու օրինաչափ, որ զորքի ու պետության կորուստը թվացել է անհնար մղձավանջ, չարահնար սուտ։ Ի՞նչ պետություն առանց զինվորի, ի՞նչ հայրենիք առանց պաշտպան-զավակի։ Զորքը կորցրել ենք, իսկ հպարտությունը պահել աննվաճ։ Պետությունը կորցրել ենք, իսկ Անկախությունը պահել անկորուստ մեր հիշողության, մեր երազների թաքուն խորքերում…Ու ըմբոստության մարմրող խարույկը սնել-բորբոքել ենք մեր սրտակեղեք ցավով, անպարագրելի սիրով, ապստամբ վրիժառությամբ, երբ հայորդին զրկվել է զենք ու զրահ կապելու հպարտությունից, հայրենիքը պաշտպանելու պարտքից, իր օջախին տեր ու տիրական լինելու հնարավորությունից։ Զրկել են։ Երկիրը թողել անզորք, զինաթափ ու անտիրական։ Անզորք, անգլուխ, հպատակ երկրի տղամարդը, եթե հայ է, եթե հայի արյուն է երակներում, չէր հաշտվելու ճակատագրի հետ, հայդուկ ու ֆիդայի էր դառնալու, ազատամարտիկ ու երկրապահ։ Իր տան դուռը բաց ու անպաշտպան չէր թողնելու, ծնողին ու զավակին, քրոջն ու սիրածին ուրիշի հույսին, օտարի խնամակալությանը չէր հանձնելու։ Իր հողը մտած թշնամուն անվնաս, անկորուստ չէր զիջելու…

Մեր բանակի առաջին զորակոչը մարտակոչ էր, զորահավաքը` մարտահավաք։ Զորքը կռվի դաշտում էր ծնվում, բանակը ծնվում էր կրակների մեջ ու կրակի տակ։ Հայ մայրը գիտեր, թե ինչ գին է վճարելու զորք ու պետություն ունենալու համար, Մայր հայրենիքը գիտեր ստույգ ու հստակ, թե ուր է ուղարկում իր զավակին։ Ոչ ոք չէր ասում՝ հեշտ է լինելու, ոչ ոք չէր խոստանում, ոչ ոք չէր համոզում։ Մարտակոչ էր։ Եվ մենք դիմացանք։ Եվ մենք հաղթեցինք։ Մենք այնքան երկար էինք սպասել այս օրվան, որ պատրաստ էինք ցանկացած գին վճարել նրա համար։ Ու զորք-բանակ, երկիր-անկախություն ունենալու մեր ճանապարհը Եռաբլուրով անցավ։ Մենք վճարեցինք շռայլորեն ու անժլատ։ Եվ գտածը չնժարեցինք ոչնչով:

Մենք պահեցինք երկիրը։ Իմ եղբայրը, քո հայրը, մյուսի տղան, չորրորդի ամուսինը: Մենք։ Պարտվելու դեպքում արդարացումների պակաս չէինք ունենալու։ Երկրաշարժը ավերել էր երկիրը։ Մարդիկ հարազատներ էին կորցրել, վշտահար էին ու կոտրված։ Հազարավոր մարդիկ մնացել էին անտուն ու անօթեւան։ Երկիրը տնտեսական ճգնաժամի ճիրանների մեջ էր, խանութները դատարկ էին, գործարանները չէին աշխատում, ուտելիք չկար, հագնելիք չկար, հոսանք չկար, տաքություն չկար։ Թուրքը՝ մեր ոխակալ պապենական թշնամին, ինչո՞ւ պիտի չփորձեր (Արեւմտյան Հայաստանի համը բերանում) տորթի մի նոր պատառ պոկել դրկից հայերից, ինչո՞ւ պիտի բաց թողներ այդքան պատեհ պահը։ Ձեռագիրը նույնն էր։ Հենց սկզբից՝ ուժեղ հարված, հոգեբանական շեշտակի գրոհ՝ մեր աչքը վախեցնելու, 20-րդ դարասկզբի գիշատիչ, ահարկու թուրքի կերպարը հիշեցնելու, մեր արյան մեջ ննջող սարսափը արթնացնելու համար։ Այդպես էլ եղավ։ Ամեն ինչ հաշվարկված էր մանրակրկիտ։ Հայաստանը լցվեց բռնագաղթածներով, որոնք սարսափահար պատմում էին ադրբեջանցիների անօրինակ վայրագությունների մասին։

Բայց այս անգամ ցավը վախ չդարձավ, վիշտը սարսափ չծնեց, կորուստը չընկճեց մեզ, ծնկի չբերեց, այլ կոչեց արդար վրեժի, դարձավ քաջություն, ուժ ու հերոսացում։ Դարձավ Բանակ:

Ու մեր բաժին Անկախությունը կենդանի, մեր կյանքից, մեր սրտից սարքած զենք ու վահան էր մեր որդու ձեռքին, մեր հողը մտած թշնամու առաջ։ Մեր Բանակը կռիվ էր մեր հավաքական պատվի, ազգային արժանապատվության, լինելիության իրավունքի ու ազատության համար։

Գոյությա՛ն կռիվ էր։ Բայց գոյություն ասվածը ուրիշ խորհուրդ, ուրիշ բովանդակություն ուներ մեզ համար։ Մեր Բանակը զոհաբերում էր՝ բարեկեցության, ավուր հացի, լույսի ջերմության… առողջության, կյանքի։ Մենք Բանակին տվեցինք՝ ինչ կարող էինք։ Մեր զրկանքները դարձան փամփուշտ, դարձան զենք ռազմաճակատի համար, հաց ու ջուր դարձան հայրենիքը պաշտպանող զինվորի սեղանին։

Ու հայրենիքը տարավ իր բաժինը՝ արիացող տղեկներ, օջախի սյուն, մոր աչքի լույս, հոր թիկունք, տան ճրագ։ Ու հայրենիքին այնքան հպարտորեն նվիրաբերված։ Հայրենիքը տարավ իր բաժինը՝ ամենաթանկը, լավագույնը, պաշտելին։ Ու հայրենիքը փառավորեց իրեն իր զինվորացած զավակներով։ Սիրած-խնայած, շահած-փայփայած պատանուց հայրենիքի պաշտպան ձուլեց՝ հայրենասիրության, վեհության, քաջության շաղախ հավելելով նրա ազնվական կերտվածքին։

«Ես համոզված էի, որ հաղթելու ենք»՝ այսպես են ասում բոլոր նրանք, ովքեր կամավոր մեկնել են ռազմաճակատ՝ պաշտպանելու Արցախի հողերը։ «Ինչո՞ւ,- հարցնում եմ,- ինչո՞ւ էիք համոզված, ի՞նչ երաշխիքներ կային հաղթելու համար»։ Պատասխան չկա։ Որովհետեւ ոչ մի երաշխիք էլ չկար՝ բացի, թերեւս, հողը պահելու մեծ ցանկությունից, Արցախի ազատագրության համար կյանքը զոհաբերելու պատրաստակամությունից եւ վրեժի, ցավի, սիրո ու տղամարդկային խոցված արժանապատվության միահյուսումից ծնված անկասելի ուժից։

Մենք պահեցինք երկիրը, որովհետեւ ազգովի բանակ դարձանք։ Երկրապահ-բանակ: Պատմության թատերաբեմից կուլիսներ նետված կամ ընդհանրապես պատմություն ու հիշողություն դարձած քանի ազգեր են իրենց դառը ճակատագրի դասերը թողել նրանց, ովքեր դեռ չեն կորցրել ապրելու, գոյատեւելու ու հզորանալու վերջին հնարավորությունները։ Մենք դասեր քաղեցինք սեփական պատմությունից։ Մենք դասեր քաղեցինք մեր անհատնում կորուստներից։ Մեր խորհրդատուն մեր ցավն էր, մեր չհատուցած պարտքերը։ Մենք պահեցինք երկիրը։ Ուսյալ ռազմագետները կփորձեն հասկանալ։ Ու չեն հասկանա։ Դրվագ առ դրվագ կվերծանեն մեր հերոսական ճակատամարտերի ամեն մի վայրկյանը ու չեն հասկանա, թե ինչպես կարելի է ապրել, երբ ապրելու հավանականությունը չկա, ինչպես կարելի է հաղթել, երբ հաղթելու ոչ մի երաշխիք չունես։

…. Ոսոխը հասկացավ իր «հաղթանակի» ֆենոմենը՝ անզեն, անպաշտպան մարդկանց դեմ, ոհմակով ու վայրագաբար։ Նա հասկացավ, որ ինքը ավարառու է, ոչ թե ռազմիկ, թալանչի է, ոչ թե պատերազմող, հոշոտող է, ոչ թե կռվող։

Մենք չէինք կարող 20-րդ դարը փակել պարտության ամոթալի խարանով, ու թշնամին 20-րդ դարավերջին հատուցեց իր պարտքի մի մասը։ Ոչ սեփական կամքով, այլ՝ պարտադրաբար։ Եկել է հատուցման ժամանակը, ու որքան երկար կտեւի այն, դժվար է ասել: Մենք գիտենք, թե որտեղից է սկիզբ առնում մեր երկրի սահմանը եւ որտեղ է ավարտվում։ Որովհետև սահմանին մեր սիրտն է մշտարթուն՝ մեր Բանակը: Հիմա մեր ողբը ցասում ունի, ցավը` հպարտություն, տառապանքը` վրեժ։ Որովհետև մենք կարողացանք իրականություն դարձնել ազգային բանակ ունենալու դարավոր երազանքը, բանակ, որ… պատմության թատերաբեմում ճակատագիրը չգուժեր հայոց կենսագրության վերջին արարն ու չփակեր վարագույրը մեր մաքառումի կեսճանապարհին։

Ամեն սերունդ իր բաժինն է տվել Անկախությանը։ Անկախության զոհասեղանին է դրել իր տուրքը…Ու դեռ պարտքը չի մարվել…

Ու 21-րդ դարում մենք կրկին մեր հողը սնեցինք մեր արյամբ, մենք կրկին մեր հին ու ազնիվ տեսակի ու մեր դարավոր լինելության կնիքը դաջեցինք մեր հողին, կանգնելով մեր Տուն մտած թուրք, ազերի ու այլազան բաշիբոզուկների ոհմակի առաջ, որոնք եկան խուռներամ, հարյուրապատիկ գերազանցելով մեզ…Մենք փառքի ու հերոսության նոր դյուցազնապատումներ գրեցինք մեր պատմության ոսկե էջերում, մենք հարստացրինք գալիք սերունդների կենսագրությունը նոր վիպերգություններով, մենք հայրենիքի հանդեպ սիրո ու ինքնանվիրումի նշաձողը բարձրացրինք է՛լ ավելի վեր՝ որպես ապագային ուղղված պատգամ ու հերոսական ժառանգություն: Որովհետև մեր բանակը կանգուն մնաց ամենակործան ու անկասելի փոթորկի առաջ և իրեն բազմապատիկ գերազանցող թուրք-ադրբեջանական ահաբեկչական բանակին անասելի մարդկային ու նյութական կորուստներ պատճառեց: Ոսոխը մեկ անգամ էլ զգաց մեր հուժկու հարվածի ուժը իր ողնաշարին: Ոսոխը մեկ անգամ էլ հասկացավ, որ մեզ հաղթելու համար պիտի տասնապատիկ չէ, հարյուրապատիկ ուժեղ լինի մեզնից: Իր ցնորմիտ հավակնությունների ճանապարհից մեզ հեռացնելու թյուրքական զառանցանքը այս անգամ էլ զառանցանք մնաց: Ու մենք էլ մնացինք նույնը թշնամու հավաքական մտապատկերում՝ անընկճելի, իր պատմական հայրենիքի ոչ մի թիզ կորստի հետ չհաշտված, ամենածանր հարվածից հետո անգամ ոտքի ելնելու պատրաստ…ու անհավանական խիզախ, հայրենասեր ու անձնազոհ:

Մենք վերջին զարկը չենք զիջել։ Ու չեն զիջելու: Մենք սուր ենք բարձրացրել, երբ դանակը հասել է ոսկորին։ Բայց մեր վերջին զարկն անվրեպ է եղել։ Ու թշնամին ծնկել է մեր վերջին զարկից։ Այդ վերջին զարկը երբեմն ուշացել է դարերով, երբեմն թվացել է` այլեւս ուժ չի մնացել զարկելու, բայց երբ պահը եկել է, մենք մեր կամքը պողպատ ենք դարձրել, մենք պրկել ենք մեր բազուկն ու… զարկել ենք։ Մենք պարտվել ենք, երբ կարելի էր հաղթել։ Մենք հաղթել ենք, երբ հաղթելը թվացել է անհնար։ Մենք մեկը տասի դեմ կռվելով ենք հաղթել։ Մենք մեկը հարյուրի դեմ կռվելով ենք պարտվել: Ու երբ թշնամին վառել է մեր տները, լլկել է մայր ու մանուկ, խոշտանգել է անզեն ու անօգնական մարդկանց, երբ անարգել, երբ պղծել է մեր սրբությունները, մենք գազանի դեմ գազան չենք դարձել, մենք վայրագությանը չենք պատասխանել վայրագությամբ։ Մենք սուր չենք բարձրացրել ընկածի վրա, չենք գնդակահարել անզեն ոսոխին, թուրքի կնոջը չենք անպատվել։ Թուրքի զավակին չենք գլխատել մոր աչքի առաջ։ Մենք հայ ենք մնացել։ Ու հենց էդ վերջին զարկի ուժն էր, որ 600 տարվա խավարից հետո վառեց Անկախության լույսը մեր Հայրենիքում: Էդ վերջին զարկի ուժն էր, որ ազատագրեց Արցախը 20-րդ դարավերջին…

Ու որքան էլ դժվար լինի, մենք միշտ զարկելու ենք մեր վերջին զարկը, որպես սրբազան դաս՝ յուրացնելով մեծն Հրանտ Մաթևոսյանի պատգամը, թե՝ Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ, Հայրենիքները նվաճվում են ամեն օր: Եվ որքան էլ դժվար լինի, մենք մեր Հայրենիքի անկախությունը նվաճելու ենք ամեն օր: Մենք գիտենք, որ, ինչպես Գարեգին Նժդեհն էր սովորեցնում, մի ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն Հայրենիքը դառնալ… Բռնագրավված հողերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը՝ պայմանով, որ նրանց մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպի Հայրենի Երկիրը։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #28 (1450) 21.09.2022 - 27.09.2022, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


26/09/2022