Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆՆ ԻՐ ԱՏՈՄԱԳԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ



Իրանի մայրաքաղաքում մեքենայի տակ տեղադրված ռումբի պայթյունից զոհվել է Թեհրանի պոլիտեխնիկական համալսարանի 32-ամյա պրոֆեսոր Մուստաֆա Ահմադի Ռոշանը, որը համարվում էր երկրի առաջատար ֆիզիկոս-ատոմագետներից մեկը։

Ռոշանը ղեկավարում էր Կենտրոնական Իրանի Նաթանզե քաղաքում գործող ուրանի հարստացման գործարանի դեպարտամենտներից մեկը։

Պայթյունի կազմակերպման համար Իրանի իշխանությունները մեղադրել են Իսրայելին, պնդելով, որ նման ահաբեկչություններով Թել Ավիվը փորձում է վիժեցնել երկրում մարտին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները:

Իրանի ատոմային գործակալությունը, դատապարտելով ահաբեկչությունը, հայտարարել է, որ միջուկային ծրագրի իրականացումն անշրջելի գործընթաց է, և այն վիժեցնելու նպատակով «Ամերիկայի ու Իսրայելի սիոնիստական վարչակարգի կեղտոտ փորձերը դատապարտված են ձախողման»:

Ի դեպ, Ռովշանի սպանությունը համընկավ իրանցի մեկ այլ ֆիզիկոս-ատոմագետ Շահիդ Բեհիշտիի սպանության երկրորդ տարեդարձին: Նրա հետ զոհվեց նաև կինը, իսկ Իրանի ատոմային գործակալության ներկայիս ղեկավար Ֆերեյդուն Աբբասի Դավանին վիրավորվեց: Հաջորդ օրը՝ հունվարի 12-ին վերստին պայթյունի հետևանքով զոհվեց ատոմագետ, պրոֆեսոր Մասսուդ Ալի Մոհամմադին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


12/01/2012