ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼԸ
1993թ. ազատագրվեց Հակարի գետի ամբողջ ավազանը, և վերստին հայացավ հայոց երկրամասը։ Ծաղկաբերդ գյուղը Քաշաթաղի շրջանի առաջին վերահայացած բնակավայրերից էր, բայց Արցախյան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց գյուղը։ Տեղահանված ծաղկաբերդցիները սփռվեցին մեր երկրի տարբեր հատվածներում։ Սակայն երիտասարդներից ոմանք մնացին Հայոց զինված ուժերում՝ որպես պայմանագրայիններ ու շարունակեցին հայրենիքի պաշտպանությունը։ Գրիգոր Կիրակոսյանը ծնվել է Երևանում 1978 թ., ավարտել թիվ 181 դպրոցը և զորակոչվել հայոց բանակ: Ծառայությունից հետո տեղափոխվում է Ծաղկաբերդ, ընտանիք կազմում, գեղեցիկ առանձնատուն կառուցում, որտեղ հասակ են առնում երեք զավակները՝ Վարդանը, Աննան ու Դանիելը։ Խաղաղ տարիներին Ծաղկաբերդի տարածքում իրականացվում էր ականազերծում՝ «HALO TRUST»-ի կողմից։ Արցախյան առաջին գոյամարտի ժամանակ այդ հատվածն առաջնագիծ էր, և բազում ականներ էին տեղադրվել։ Տարածքից երիտասարդներ նույնպես ընդգրկվեցին այդ աշխատանքներում։ 2007-ին Գրիգորն էլ դարձավ սակրավոր։ Այդ մասնագիտությունը նրան պետք եկավ նաև Հայոց բանակում. 2013-ից որպես պայմանագրային զինծառայող ծառայության անցավ Քարվաճառի զորամասերից մեկում։ 2016 թ. ապրիլյան քառօրյայի առաջին օրվանից առաջնագծում էր ու մարտնչեց հերոսաբար, տուն եկավ։ 44-օրյային նույնպես մասնակցեց: Այդ ժամանակ էլ կորցրեց գյուղն ու իր ձեռքով կառուցած տունը, այգին, մեղուները։ Պատերազմից հետո հարազատները համոզում էին դուրս գալ բանակից, սակայն մարտական ընկերներ, հայրենիք, տուն ու տեղ կորցրած քաջորդին չէր կարող առաջնագծում մենակ թողնել ժամկետային զինծառայողներին, ընկերներին ու մնաց սահմանապահ զինվոր։ Այս տարվա սեպտեմբերի 13-ի գիշերը թշնամին հերթական անգամ Հայոց սահմանի վրա հարձակվեց։ Գրիգորը Ջերմուկի մատույցներում ականանետով մեծ կորուստներ պատճառեց թշնամուն, բայց ընկավ հերոսի մահով։ «Հայրս սեպտեմբերի 11-ին վերադարձել էր հերթապահությունից, սակայն հաջորդ գիշերը տագնապով նորից է բարձրացել դիրքեր ու սեպտեմբերի 13-ին զոհվել ԱԹՍ-ի հարվածից: Զոհվել են նաև մտերիմ մարտական ընկերները՝ Ռոբերտ Նանայանը, Արթուր Խաչատրյանը և Սիաբանդ Թամոյանը (Շեյխ Յուրո),- պատմում է որդին՝ Վարդանը, հավելելով. «Հայրս շատ էր հպարտանում հատկապես ժամկետային ծառայողների մարտական ոգով։ 2020-ի պատերազմի ժամանակ շատերի կյանքն է փրկել։ Նա գիտեր՝ ինչ աշխատանք է կատարում։ Երբ ասում էինք, որ դուրս գա համակարգից, պատասխանում էր. «Եթե ոչ ես ու ընկերներս, ապա ո՞վ պետք է պահի մեր Հայրենիքը»։ Ամենից շատ սիրում էր Հայրենիքը, որի համար էլ զոհեց սեփական կյանքը»:
Գրիգոր Կիրակոսյանին հուղարկավորեցին սեպտեմբերի 16-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #29 (1451) 28.09.2022 - 04.10.2022, Ճակատագրեր