Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳԸ՝ ԲԱՆԱԿ



ԱԶԳԸ՝ ԲԱՆԱԿՄեր ժողովուրդը դարեր շարունակ մարտնչել է թշնամու դեմ, պայքարել հանուն իր երկրի ազատության։ Նույն վիճակն է նաև այսօր և առավել ծանր։ Գնալով փոքրանում է մեր երկիրը, և այն պահպանող միակ ուժը հայ ժողովուրդն է իր բանակով։ Վերջին պատերազմներն ստիպել են, որ երկրում կազմավորվեն ռազմամարզական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, որոնք ժողովրդին կպատրաստեն պայքարելու, երկիրը պաշտպանելու համար։ Այս կառույցներից թերևս առանձնանում է «Ողջ մնալու արվեստ» անունը կրող ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որ հիմնադրվել է 2014 թվականին։ Նախագահն է առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը։ ՈՄԱ-ի նպատակն է ստեղծել ավելի մարտունակ բնակչություն։ «ՈՄԱ» կազմակերպության առաջնային գաղափարն է Հայաստանից և Սփյուռքից պահեստազորի, նորակոչիկների և կամավորների պատրաստումը, որը կօգնի ստեղծել ավելի հզոր պետություն և դառնալ իրական պահեստային բանակ։ Ըստ ՈՄԱ-ի հայեցակարգի՝ Հայաստանի յուրաքանչյուր շրջան պետք է լինի ինքնապաշտպանունակ։ Կարևորվում է երկրի ռազմական արդյունաբերությունն ու բանակի տեխնոլոգիականությունը, դպրոցականներին զինվորական ծառայության նախապատրաստելը, աղջիկների ռազմական կրթությունն ապահովելը։ Վերջին ռազմական իրադարձությունները առավել ծանրաբեռնել են ՈՄԱ-ի գործունեությունը, և այս օրերին հարյուրավոր կամավորներ ներգրավված են այս կառույցում՝ պատրաստ անհրաժեշտության դեպքում առաջնագիծ մեկնելու։ ՈՄԱ-ի կենտրոնում զրուցեցի կառույցի ներկայացուցիչների և կամավորականների հետ։ Համակարգող կազմի անդամ, «ՄշակութաMET» նախաձեռնության համահիմնադիր, երաժիշտ Ջեմմա Մանուկյանը կամավորների հետ էր զրուցում, ներկայացնում ՈՄԱ-ի ծրագիրը։ Նա տեղեկացրեց՝ խաղաղ ժամանակներում դասընթացները լինում են եռամսյա և վեցամսյա, իսկ այժմ, երբ հարաբերական է անդորրը, կառույցը կազմակերպում է արագընթաց՝ 10-օրյա դասընթացներ, հիմնականում մարտավարական, կրակային վարժանքներ, առաջին բուժօգնություն, երբեմն՝ ալպինիզմ։ Ջ. Մանուկյանը նշեց, որ կրակային պատրաստության վարժանքներն իրականացնում են «Ազատազէն» կառույցի հետ համագործակցելով և հավելեց. «Մենք պետք է հասնենք նրան, որ ազգը բանակ դառնա։ Ազգ-բանակ համագործակցությունը մեր ողջ մնալու միակ գրավականն է։ Մեր հավատը, ինքնությունը, ազգայինը, մշակույթը պետք է պահպանենք»։ Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին էլ ՈՄԱ-ի ջոկատներից կան առաջնագծում և թիկունք են ԱԶԳԸ՝ ԲԱՆԱԿժամկետային ու պայմանագրային զինծառայողներին։ Կամավորական Սուսաննա Մանասերյանը, որ նույնպես «ՄշակութաMET» նախաձեռնության անդամ է, երաժիշտ, ասաց՝ արդեն 10 օր է՝ համագործակցում է ՈՄԱ-ի հետ և արդեն պատրաստ է, սովորել է կրակել։ Ցանկանում է նաև մասնակցել եռամսյա պարապմունքներին, երբ սկսվեն։ Այն հարցին՝ կա՞ անհրաժեշտություն, որ կանայք մասնակցեն ռազմական գործին, Սուսաննան պատասխանեց՝ օրվա հրամայականն է՝ լինել պատրաստ, ստանալ զինվորական գիտելիք։ Կամավորական Արմեն Քերամյանը տարիներ առաջ Ռուսաստանից վերադարձել և բնակություն էր հաստատել Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում։ Զբաղվում եր գյուղատնտեսությամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր։ Այլևս չկարողացավ վերադառնալ իր տուն։ Թշնամին 2020 թ. հոկտեմբերի կեսերին գրավեց Կովսականը։ Այժմ պատրաստ է անհրաժեշտության դեպքում առաջնագիծ մեկնել՝ չնայած արդեն 50-ն անց է։ Մինչ Երևան գալը՝ Վեդիում է մասնակցել ՈՄԱ-ի եռամսյա մարզումներին։ Համոզված է՝ մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի ինքնապաշտպանության, ազատագրի կորցրած հայրենիքը։ Ընթացքում ներկա եղա ֆիզիկական պատրաստության վարժանքների, որոնց մասնակից էին նաև Անմահ հերոսների մայրեր, հարազատներ։ 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած Արայիկ Աշոտի Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը, ասաց՝ 1996 թ. ծնված որդին ծառայել է Քարվաճառում՝ որպես գնդացրորդ, մասնակցել ապրիլյան պատերազմին, տուն եկել։ 2020 թ. սեպտեմբերի 28-ին կամավոր մեկնել է Արցախ։ Կռվել է Ջրականում, վերջին անգամ կապ են հաստատել հոկտեմբերի 3-ին, և մինչ օրս նրա մասին տեղեկություն չկա։ Ժամկետային զինծառայող Կարապետ Մկրտչի Բուռնազյանը նահատակվել է Վարանդայում։ Հուղարկավորված է «Եռաբլուրում»։ Նույն Վարանդայում է նահատակվել նաև ժամկետային զինծառայող Խորեն Արամի Հաջաթյանը, որ ծառայում էր «Մարտունի 2»-ում։ Հուղարկավորված է «Արին-Բերդ» հանգստարանում։ Էրիկ Էդուարդի Եղիազարյանը նույնպես եղել է ժամկետային զինծառայող, նահատակվել է Ջրականում, հանգչում է «Եռաբլուրում»։ Որդիների կորստյան ցավը միավորել է հերոսածին մայրերին՝ Անահիտ Պատատյանին, Ասյա Սահակյանին և Անուշ Սահակյանին։ Այն հարցին՝ ինչո՞ւ են մասնակցում մարտական վարժանքներին, ասացին՝ պատրաստ լինենք ինքնապաշտպանության և ամենակարևորը՝ Վրեժը… Ժամանակն է ազգովի բանակ դառնալ, պաշտպանել երկիրն ու ազատագրել կորցրածը։

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #29 (1451) 28.09.2022 - 04.10.2022, Բանակ և հասարակություն


30/09/2022