ԿՌՎԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՈՒ ՊԱՀԵՑԻՆ ԴԻՐՔԵՐԸ
Արցախյան վերջին պատերազմի վավերագրական դրվագներից հայտնի Կարո Հարոյանին հավանաբար շատերն են հիշում։ Մայոր Հարոյանը 44-օրյա պատերազմի հերոսներից է: Նա նույն ոգով, քաջաբար կռվել ու վիրավորվել է վերջին եռօրյա պատերազմի ժամանակ:
-Այդ օրը պատասխանատու էի զորամասում: Լսվող ձայներից պարզ դարձավ, որ գործողությունները սկսվել են: Տագնապով դուրս եկանք, և ամեն ստորաբաժանում, համաձայն մարտական պլանի, զբաղեցրեց իր մարտակարգը։
Մայոր Հարոյանի ստորաբաժանումը կռվել է հարավային ուղղությամբ: Նրա հրամանատարությամբ զինվորները կատարել են մարտական առաջադրանքը՝ հրետանային դիպուկ կրակով մեկը մյուսի հետեւից ոչնչացնելով թշնամու կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան:
Այդ խիզախ տղաներից մեկն էլ ժամկետային զինծառայող, հրետանավոր Տիգրան Զաքարյանն է, որ բեկորային ծանր վիրավորում է ստացել որովայնի շրջանում:
-Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, տագնապը հնչելուն պես, առանց խուճապի շտապեցինք հենակետ և անմիջապես մտանք մարտի մեջ: Իրար օգնելով, իրար պահելով՝ գիշեր-ցերեկ անդադար կռվել ենք: Ու երբ լսում էինք մարտկոցի հրամանատարի ոգևորող ձայնը՝ կրակե՛ք, տղե՛րք, կրակե՛ք, հասկանում էինք, որ մեր համազարկերը հասնում են իրենց նպատակին՝ ոչնչացնելով անարգ թշնամուն,- պատմում է հերոս հրետանավորը:
Այդպես միմյանց գոտեպնդելով ու խրախուսելով՝ հաջողվում է խոցել հակառակորդի հրետանային մարտկոցներ, քողարկված հետևակներ և դիտակետեր:
-Իմ հաշվարկը անհամբեր սպասում էր, որ հնչեր երկրորդ կրակի հրամանը… Սաստիկ հրետակոծում էին, նույնիսկ մի քանի անգամ մեր դիրքին մոտենալու փորձեր արեցին, սակայն դիպուկ կրակով հետ շպրտեցինք՝ պատճառելով մեծ կորուստներ: Մենք մեր դիրքերը պահեցինք,- պատմում է կրտսեր սերժանտ Մհեր Մկրտչյանը:
Հրետանային հաշվարկի հրամանատար Մհերը Տիգրանի կողքին է կռվել, մի քանի բնագիծ այն կողմ: Կրտսեր սերժանտը վիրավոր վիճակում անգամ միայն մարտական խնդիրը կատարելու և թշնամուն անվրեպ խոցելու մասին է մտածել։
***
Մեր զինվորներն ու սպաները հակառակորդին ծանր կորուստներ են պատճառել մարտական գործողությունների բոլոր ուղղություններով։ Արևելյան սահմանագոտու պաշտպանները նույնպես կռվել են ոչ միայն հրթիռահրետանային զինատեսակներով, այլ նաև բնագծում՝ դեմ առ դեմ.
-Տղերքի քաջության, «դուխի», բարձր պատրաստվածության շնորհիվ մենք դիրքերը պահեցինք, նաև մեր կողքի դիրքերին աջակցեցինք ու կարողացանք պահել, պահել մինչև վերջ: Փա՛ռք Աստծո: Ուրիշ տարբերակ չկար, մենք մեր Հայրենիքի համար ենք կռվում,- ասում է ժամկետային զինծառայող Գարիկ Ադամյանը:
Դիրքապահներից յուրաքանչյուրի սխրանքը յուրովի առանձնահատուկ է ու բացառիկ, ոգու արիության դրսևորումներն էլ՝ բազմաթիվ, որոնցից մեկն էլ մեզ հետ զրույցում մտաբերեց ականանետային մարտկոցի հրամանատար, կապիտան Մակիչ Քոխյանը, որի փոքրաթիվ ստորաբաժանումը շրջապատման մեջ կռվել է մի քանի անգամ իրեն գերազանցող թշնամու դեմ ու դուրս եկել շրջապատումից:- Կրակային դիրքում շրջապատման մեջ ընկանք: Կռվել ենք մոտ մեկ ժամ: Ես գնդակային վիրավորում ստացա: Թեև ինքնաձիգիս խզակոթը կոտրվել էր, բայց կարողացել եմ կրակել… Ստորաբաժանումը կռվել է անձնուրաց ու փախուստի մատնել թշնամուն: Փախչելու ժամանակ էլ ականանետով ենք շատերին փռել գետնին:
Հայ զինվորն ու սպան հերթական անգամ կռվեցին մեծ նվիրումով ու հերոսաբար, զինվորական երդմանը հավատարիմ: Մակիչը, Գարիկը, Մհերը, Տիգրանը, Կարոն եւ մյուսները իրենց սխրանքով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայրենիքն անգին է: Ու թեև նրանք հոսպիտալում են, բայց բոլորը միաբերան խոստանում են՝ ապաքինվելուն պես դարձյալ կանգնելու են հարազատ հողի պաշտպանության դիրքերում:
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Լուսանկարները՝
ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #29 (1451) 28.09.2022 - 04.10.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում