Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՆՈՐ ՌԱԶՄԱՆԱՎԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ



ԱՄՆ պետդեպարտամենտը խստորեն դատապարտել է Թեհրանի կողմից ուրանի հարստացման «Ֆորդու» գործարանի շահագործումը՝ համարելով այն «Ստանձած պարտավորությունները չկատարելու աղաղակող փաստ, ինչը հերթական անգամ վկայում է, որ Իրանում են թաքնված այս երկրի միջազգային մեկուսացման պատճառները»:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ բազմակի նշանակության «Abraham Lincoln» ատոմային ավիակրի առաջնորդությամբ ամերիկյան ռազմանավերի հերթական խումբը ճանապարհվել է Արաբական ծով: Սա Իրան ուղարկվող երրորդ ատոմային ավիակիրն է: Շաբաթվա սկզբին «Carl Vinson» ավիակիրը նույնպես Հնդկական օվկիանոսով ճանապարհվել էր Արաբական ծով, որտեղ արդեն իսկ անցած դեկտեմբերից գտնվում էր «John C. Stennis»-ը` պահպանության համար նախատեսված համապատասխան նավախմբով:

Իրանի ափերի մոտ դեսանտային նավերի ու ծովային հետևակի հարվածային ստորաբաժանումներից կազմված ռազմածովային խմբավորում կենտրոնացնելուն զուգընթաց Վաշինգտոնն անընդհատ հիշեցնում է ռազմական ուժի կիրառման հնարավորության մասին:

Իրանի շուրջ իրավիճակի հերթական սրման պատճառով զգալիորեն բարձրացել են նավթի գները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


12/01/2012