Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՈՒՆԸ՝ ՀԱՎԵՐԺ, ՀԻՇԱՏԱԿՆ՝ ԱՆՄԱՀ



ԱՆՈՒՆԸ՝ ՀԱՎԵՐԺ, ՀԻՇԱՏԱԿՆ՝ ԱՆՄԱՀԱՐՍԵՆ ԴԱՎԹՅԱՆ

 

Աշուն էր, ոսկեբեր աշուն, սակայն այն մեր երազած աշունը չէր: Արևածագն ու արևամուտը կարմիրով ներկվեցին, և Հայրենի հողը դարձավ իր սուրբ հերոս-զավակների տունը…

 

Արսեն Անդրանիկի Դավթյանը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում: 2008 թ. ավարտել է մայրաքաղաքի Սմբատ Բյուրատի անվան 125 միջնակարգ դպրոցը, իսկ հաջորդ տարի զորակոչվել ՊԲ զորամասերից մեկը: Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո որպես պայմանագրային շարունակել է ծառայել նույն զորամասում,  դարձել է դիպուկահար: Մասնակցել է ապրիլյան քառօրյային, վիրավորվել: 2017 թվականին ավագ սերժանտ Արսեն ԱՆՈՒՆԸ՝ ՀԱՎԵՐԺ, ՀԻՇԱՏԱԿՆ՝ ԱՆՄԱՀԴավթյանը արձակվել է պահեստազոր: Կամավոր մասնակցել է քառասունչորսօրյա պատերազմին՝ որպես դիպուկահարների ջոկի հրամանատար, անձնական օրինակով ոգեշնչել է իր ստորաբաժանման մարտիկներին, քաջալերել ու վստահություն ներշնչել նրանց: Դասակի հրամանատարի զոհվելուց հետո ստանձնել է հրամանատարությունը: Հանդես բերելով  վճռականություն ու ցուցաբերելով մարտավարական հնարամտություն՝ թշնամուն պատճառել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ: 2020 թվականի հոկտեմբերի 15-ին հերոսաբար զոհվել է Հադրութի շրջանի պաշտպանության համար մղված մարտերի ժամանակ:

Անձնազոհության, խիզախության համար հերոս հայորդին պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության համար» մեդալներով:

Օրերս Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սմբատ Բյուրատի անվան դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվեց մերօրյա հերոսի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող և հուշաղբյուր: Համայնքի հոգևոր հովվի «Տերունական» աղոթքից հետո դպրոցի բարձր դասարանցիները հակիրճ ներկայացրին քառասունչորսօրյա պատերազմը և այդ պատերազմում անմահացած հերոսներից մեկի՝ Արսեն Դավթյանի անցած մարտական ու հերոսական ուղին:

 

ԱՆՈՒՆԸ՝ ՀԱՎԵՐԺ, ՀԻՇԱՏԱԿՆ՝ ԱՆՄԱՀՄայրական վկայություն

 

Որդիս շատ ընկերասեր էր, հոգատար: Բոլորին փորձում էր օգնել, ինչով կարողանար: Շատ կապված էր ինձ հետ: Երբ առաջին դասարան գնաց, ստիպված երկու շաբաթ կողքն եմ նստել, մինչև հարմարվեց դպրոցական առօրյային:

Երազում էր իրավաբան դառնալ:

Երբ պայմանագրային ծառայության անցավ, ամեն օր զանգում էր, փորձում ուշադրությամբ չեզոքացնել հեռավորությունը: Հիշում էր բոլորիս ծննդյան օրերն ու նվերներ ուղարկում:

ԱՆՈՒՆԸ՝ ՀԱՎԵՐԺ, ՀԻՇԱՏԱԿՆ՝ ԱՆՄԱՀՇատ էր սիրում իմ պատրաստած «Նապոլեոնը», թփով տոլման ու բորշչը: Խմելու հետ սեր չուներ, բայց ծխում էր:

Արցախում ծառայելու տարիներին մի աղջկա էր հավանել: Մի անգամ հարցրեց, եթե որոշի ամուսնանալ, իր հետ կգնա՞մ այդ աղջկա ձեռքը խնդրելու: Ես էլ ասացի, որ ինձ համար իր որոշումն ու երջանկությունը ամենակարևորն են:

Աշխատասեր էր ու պրպտող: 10-րդ դասարանից աշխատում էր, որպեսզի ֆինանսապես անկախ լինի ու մեզնից գումար չխնդրի:

Հայրենիքը ամենից շատ էր սիրում: Արցախյան քառօրյային էր մասնակցել ու վիրավորվել, բայց մեզ ոչինչ չէր ասել: Երբ 44-օրյա պատերազմը սկսվեց, անհամբեր սպասում էր, թե իրեն երբ են կանչելու: Երբ զինկոմիսարիատից զանգեցին, և մենք իրեն տեղեկացրինք այդ մասին, աշխատանքից անմիջապես տուն եկավ, առաջին անհրաժեշտության իրերն ու պարագաները վերցրեց ու փութաց զինկոմիսարիատ: Նույնիսկ չհասցրեց հրաժեշտ տալ:

Ես սպասում եմ քեզ ամեն օր ու աղոթքն իմ հյուսում,

Քո անունով վրձին ունեմ՝ տե՛ս,

որը միայն կարոտ, ցավ ու ափսոսանք նկարել գիտի:

Բայց, որդի իմ բարի ու միակ սիրելի,

Դարերում գալիք կապրես հավերժ,

Քո սուրբ անունով ու կոչումով՝ հերոս:

 

***

 

Իմ համեստ, զուսպ, պարկեշտ, Արսեն, կանցնեն տարիներ, կթերթենք Արցախյան գոյամարտի պատմության էջերը, որտեղ ոսկե տառերով գրված կլինի քո և ընկերներիդ սխրագործությունների մասին: Արսենին սիրում էին բոլորը: Յուրահատուկ էր իր մոտեցումներով, նվիրվածությամբ, պարզապես իր կերպարով:

Աղավնի Միլիտոնյան

Առաջին դասղեկ, պատմության ուսուցչուհի

 

***

 

Հերոսների մասին դժվար է անցյալ ժամանակով խոսել, իսկ երբ ճանաչում ես, դասավանդել ես՝ առավել ևս:

Արսենը բնավորությամբ խաղաղ էր ու հավասարակշռված, ընկերասեր, դասարանի ներկապնակն իր ուրույն գույնով հարստացրած խոհուն մի պատանի, ում մեջ Հայրենիքի հանդեպ սերը, զինվորական գործի հանդեպ հետաքրքրությունը գեներով էր գալիս. զինվորական էր եղել պապը, զինվորական էր քեռին:

Մեր Արսենը հերոսացավ՝ թողնելով մի պատգամ ապրողներիս՝ շենացնել ու հզորացնել մեր սիրելի ու պաշտելի Հայաստան հայրենիքը:

Ռաիսա Թարզյան

Արսենի դասղեկ

 

***

 

Արսենը համեստ ու բարի, ինքնամփոփ, ընկերասեր, շատ աշխատասեր աշակերտ էր: Նրա մասին խոսելիս կարելի է անվերջ թվել մարդուն բնորոշ բոլոր դրական հատկանիշները: Այն ժամանակ մենք դեռ չգիտեինք, որ մեր կողքին հասակ է առնում մի այնպիսի հայրենասեր  պատանի, որը պատրաստ է իր կյանքը գիտակցված զոհաբերելու հանուն Հայրենիքի:

Սուսաննա Եսայան

Կենսաբանության ուսուցչուհի

 

***

 

Ընկերս բնավորությամբ խաղաղ էր, հանդարտ, ազնիվ էր ու պարկեշտ: Նաև զգացմունքային էր…

Անցան տարիներ, դպրոցն ավարտեցինք ու զորակոչվեցինք: Բոլորս վերադարձանք տուն, իսկ Արսենն իր պարտքը դեռ կատարած չհամարեց ու որոշեց մնալ Արցախում՝ որպես արդեն պայմանագրային զինծառայող: Երբ արձակուրդներին գալիս էր Երևան, ընկերներով հավաքվում էինք, զրուցում, լսում Արսենի պատմությունները: Ու բոլորս մեկ մարդու պես հիանում ու հպարտանում էինք մեր ընկերոջ հայրենասիրությամբ: Արսենը հենց այդ հայրենասիրությամբ էլ տարբերվում էր բոլորից:

Մենք հիշում ու միշտ էլ հիշելու և հպարտանալու ենք մեր հերոս ընկերոջով:

Հովիկ Մուզյան

Մանկության ընկեր, դասընկեր

 

***

 

Արսենը բոլորիցս տարբերվում էր իր աշխարհընկալմամբ ու գաղափարներով: Նա պարզ ու շիտակ էր, հասարակ, անմիջական ու անկեղծ: Իսկ ամենակարևորը՝ հավատարիմ ու նվիրված ընկեր էր, պատվախնդիր ու հայրենասեր տղա: Մարդկային բոլոր վեհ գծերը նրա մեջ կային:

Ընկերներ՝ Կարեն, Բաբկեն, Սարգիս

 

***

 

2020 թվականի հոկտեմբերի 9-ն էր: Կենտրոնական զինվորական հավաքակայանում 60 հոգանոց անձնակազմից որոշվում էին այն 11-ի անունները, ովքեր որպես դիպուկահարներ պետք է մեկնեին Արցախ՝ հատուկ նշանակության գործողության մասնակցելու: Արսենն այդ 11 խիզախներից մեկն էր: Ջոկատի անդամներին ընտրելուց հետո մեզ ուղարկեցին հանգստի, քանի որ արդեն ուշ գիշեր էր: Որոշեցինք չքնել ու ծանոթանալ: Կարճ զրույցից հետո բոլորս սկսեցինք լուռ լսել Արսենին, քանի որ ռազմական գիտելիքներից բացի, նաև փորձառու էր ու հմուտ զինվորական գործում: Հաջորդ օրը որոշվեց, որ Արսենն է լինելու մեր ջոկի հրամանատարը:

Արսենը տարբերվում էր իր լրջությամբ, քչախոսությամբ ու կարգապահությամբ: Ուշադիր ու հոգատար էր ջոկի տղաներիս նկատմամբ: Մարտի դաշտ ուղևորվելիս որոշեցինք մեզ համար մականուններ ընտրել: Արսենին տվեցինք «Արջ» մականունը: Արսենը միշտ առաջինն էր, անսասան: Անգամ կռվի ամենաթեժ պահին վիրավոր ընկերոջը առաջին օգնություն ցույց տվեց՝ նրան Թութակներ կոչվող սարից իջեցնելով և անվտանգ վայր հասցնելով կրկին վերադարձավ մարտի դաշտ: Երբ արդեն ակնհայտ էր, որ թշնամու առաջխաղացումն անխուսափելի է, լսվեց նրա հրամանը՝ նահանջե՛ք, ես ձեր թիկունքը կպահեմ: Պահեց ու զոհվեց հերոսաբար, ինչպես վայել է իսկական հերոսին:

Հավերժ փառք մեր խիզախ ընկերոջն ու հրամանատարին՝ Արսեն Դավթյանին:

Զինակից ընկերներ՝ Տիգրան Ավագյան,

Դավիթ Առուստամյան, Տիգրան Մարտիրոսյան,

Միքայել Խզմալյան, Արտյոմ Սահակյան,

Արման Սաֆարյան

 

ԱՄԱԼՅԱ ԴԱՎԹՅԱՆ

«Արիության» և «Մարտական ծառայության համար»

մեդալների ասպետ Արսեն Դավթյանի մայր

Խորագիր՝ #29 (1451) 28.09.2022 - 04.10.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


30/09/2022