Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԵԿՈՐԸ



ԲԵԿՈՐԸՀրետանին լռել էր… Շուրջբոլորը պայթած արկերից առաջացած փոսեր էին, ծուխ ու փոշի…Գիտակցության էր եկել… Աչքերն այնպես էր չռել, թվում էր՝ ուր որ է, դուրս կթռչեն… Փորձեց բարձրանալ, չստացվեց… Մարմնի մեջ մխրճված բեկորն իր մասին հիշեցրեց… Շուրջը մեռելային լռություն էր, ու թվաց, թե ինքն ամբողջ աշխարհում մենակ է մնացել, մեն մենակ՝ ինքն ու իր բեկորը: Ամեն կերպ ջանում էր գիտակցությունը տեղը պահել, վերհիշել օրվա իրադարձությունները:

«Այ, էս մասում էր, որ արկն ընկավ…Վաղոն…Վաղոյի ձայնն էր,- «Տղե՛րք, խփեցին»… ու նորից մշուշ… Քիչ անց կրկին լարեց հիշողությունը. «Աշոտը կողքս էր…Աշոտը…Մենակ թե՝ Աշոտին բան եղած չլինի, նշանածը չի դիմանա…ջահել են դեռ, դեռ պիտի ամուսնանան, երեխաներ, բան…»: Զգաց, որ շատ հեռուն է գնացել: Հիմա կարևորը Աշոտին ողջ գտնելն է: Անիծված բեկորը չէր թողնում՝ իրար գա, մի բան ձեռնարկի Աշոտին գտնելու համար:

«Մի քիչ էլ ուժ հավաքեմ, Սիրան տոտս, գնում եմ Աշոտիդ գտնելու…ողջ…ուրիշ տարբերակ չկա: Ես քեզ խոսք եմ տվել, որ Աշոտիդ գլխից մազ չի պակասելու…»:

Ու հիշեց, որ ինքն էլ իր սերն է թողել քաղաքում, հիշեց, որ Էլենին խոսք է տվել, որ միասին կինո պիտի գնան, ադի-բուդի պիտի առնեն ու ինչ-որ մի ֆիլմ դիտեն: Բայց հիմա կարևորն Աշոտն էր, նրա նշանածն ու Սիրան տոտային տված խոստումը:

ԲԵԿՈՐԸԵրկնքում սկսեցին աստղեր նշմարվել: Մշուշն ու ծուխը ցրվել էին…Ինքն էլ պառկած էր աստղազարդ երկնքի տակ՝ իր բեկորի հետ միասին: Հեռվից կարծես թե մեկն իրեն էր ձայն տալիս.

-Դա՛վ…Դավոոո՜…

«Չէ՛, թվաց երևի»…

Աչքերը փակեց, լարեց լսողությունը՝ ոչ մի ձայն:

«Չէէ, հաստատ թվացել ա»…

Կոկորդը չորացել էր, մի կում ջուր էր ուզում, կարծում էր, որ էդ մի կումն անելուց հետո վեր էր կենալու ու գնար Աշոտին փնտրելու: Քիչ անց նորից ձայն լսեց.

-Դա՛վ, Դավո՛, ախպե՛րս, ձեն հանի, ցավդ տանեմ, է՜…

«Չէ՛, ոնց որ, իրական է, ոնց որ թե Վաղոյիս ձայնն է…»:

Թվաց՝ խելագարվում է, բայց հանձնվելու ժամանակ չկար, պիտի հավաքեր մնացած ողջ ուժն ու գոռար, որ ինքը ողջ է, որ աստղազարդ երկնքի տակ պառկած է իր բեկորի  հետ:  Աչքերը փակեց  ու մի ուժեղ հարվածից վեր թռավ:

-Դա՛վս, ես քո ինչն եմ ասել…

Դավիթը ժպտաց.

-Վաղո՛, մերս քեզ մատաղա պարտք, Էլենը՝ մի տոպրակ ադի-բուդի ու մի կինոյի տոմս:

Սկսեցին ծիծաղել, բայց հանկարծ Դավիթը հիշեց Աշոտին:

-Վաղո՛…Աշոտը…

-Հանգիստ կաց, ապահով տեղա…Էս ամեն ինչը վերջանա, գնում ենք Աշոտի ու Մարիամի հարսանիքին: Գիտես, չէ, մի հատ մոխրագույն կոստյում ունեմ, դա եմ հագնելու, վիպուսկնոյիս էի առել…

-Ես էլ էս կրծքիս բեկորը մի սիրուն տուփով նվեր կտանեմ, հեն ա, նվերի ծախսից էլ կպրծնեմ,- Դավիթն էր կատակում…

Ծիծաղում են երկուսով…

Ու Դավիթը մտքով արդեն տանն է…Մայրը, իր մեղմ ու հոգատար մայրը, գրկել ու բաց չի թողնում, Էլենն էլ խելոք մի անկյունում  կանգնած  շուտ-շուտ արցունքներն է սրբում: Տանը եռուզեռ է: Եղբայրն ու ընկերները  շրջապատել են իրեն ու հարցախեղդ են անում: Հայրը, որ այս ամբողջ պատերազմը լուռ ու զուսպ ապրել էր՝ հիմա արտասվում է:

Մի գերդաստանի սրտում ցնծություն էր…Իրենց Դավիթը տուն էր վերադարձել՝ դեմ գնալով պատերազմի գրված ու չգրված օրենքներին…

 

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՀԻՆՅԱՆ

Խորագիր՝ #29 (1451) 28.09.2022 - 04.10.2022, Հոգևոր-մշակութային


30/09/2022