ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ԲԱՐՁՐ Է
Սյունիքի արևելյան լեռնաշղթան առաջնագիծ է, ամբողջ երկայնքով հայկական դիրքերն են, իսկ մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ՝ ադրբեջանականը։ Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվեց հենց այդ ուղղությամբ և հրետանային միջոցների, հարվածային անօդաչուների աջակցությամբ ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք: Թշնամու հատուկ նշանակության գրոհայիններին դիմադրել են հայկական բանակի ժամկետայինները, պայմանագրայինները, եռամսյա վարժական հավաքի մասնակիցները։ Ամենաթեժ մարտերը ծավալվել են առաջին ժամերին։ Հայ դիրքապահներն անցել էին պաշտպանության և կրակ վարել մեծաքանակ թշնամու ուղղությամբ։ Երկամյա ծառայության անցած տղաների համար սա առաջին ամենախոշոր հարձակումն էր։ Դիրքապահ Հրաչյա Ներսիսյանը կռվել է ոչ մի քայլ հետ սկզբունքով.
-Երբ կրակոցները լսեցինք, գետնատնակի դիտորդ էի, անմիջապես ձայն տվեցի մյուսներին, ու բարձրացանք խրամատներ և արթուն հերթափոխի հետ անցանք շրջանաձև պաշտպանության։ Թշնամին դեռ չէր երևում, սակայն կրակոցները գնալով ուժգնանում էին։ Ամբողջ գիշեր չդադարող կրակի տակ տղաները խրամատից շարունակել են խոցել իրենց ուղղությամբ եկող թշնամու խմբերին։ Ժամկետայինները գործել են հերոսաբար ու մոտեցող գրոհայիններին ոչնչացրել են խրամատներին չհասած: Նրանց թիվը չեմ կարող ասել, շատ էին, կրակոցներից արձակված կայծերից էինք կողմնորոշվում, թե ինչ դասավորությամբ են մեզ մոտենում։ Երբ սկսեցինք ակտիվ կրակահերթերը, նրանց վազքը ասես կանգնեց, աստիճանաբար շարքերը նոսրացան: Լսում էինք նրանց գոռոցները: Հետո գրոհը դանդաղեց։ Այդպես շարունակեցինք նրանց ոչնչացնելը, մինչև հրետանին օգնության հասավ…
Մեր դիրքերն ու բնագիծն անխոցելի են մնացել ոչ միայն առաջնագծի պաշտպանների, այլև անմիջապես թիկունքում դիրքավորված հրետանավորների ու կապավորների ճշգրիտ գործողությունների շնորհիվ։ Ականանետային ստորաբաժանումը նույնպես հարձակման լուրն առնելով՝ անմիջապես լիցքավորել է տեխնիկան ու մտել մարտի մեջ:
-Ունեինք պլանային նշանակետեր, որոնց վրա անդադար աշխատում էինք, փորձելով հակառակորդի թիկունքը նշանառության տակ առնելով՝ կանխել նրա առաջխաղացումը հենց առաջնագծում։ Ավելի ուշ ստացանք նաև նոր կոորդինատներ հակառակորդի կուտակումները ոչնչացնելու համար,- մեզ հետ զրուցելիս պատերազմի առաջին օրերի քրոնիկոնն է ներկայացնում հրետանավոր, ժամկետային զինծառայող Րաֆֆի Բարսեղյանը:
Մարտական մկրտությունը մեր տղաները պատվով են անցել՝ գործելով համախմբված, հմուտ և անթերի:
-Մեր հրամանատարը ծանր վիրավորվեց: Մենք նրա անունը պետք է բարձր պահեինք ու լավ կռվեինք, անվրեպ կրակեինք: Այդպես էլ արեցինք: Թշնամին հասկանալով, որ կարող ենք ամբողջությամբ կոտրել իր մեջքը, մի պահ կրակն ուղղեց մեր դիրքի վրա: Մենք էլ մեր հերթին առանց խուճապի սկսեցինք ավելի ուժգին կրակ վարել՝ մեկը մյուսի հետևից ոչնչացնելով թիրախները,- պատմում է ականանետային ստորաբաժանման փոքրամարմին զինվորը՝ Գոռը։
Տղաները մեծ կորուստներ են պատճառել թշնամուն:
Առաջնագծում մարտական ոգին աննկարագրելի բարձր է: Մեր դիրքապահները սպասում են թշնամու հաջորդ սադրանքին, որպեսզի դաժանորեն պատժեն։
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Խորագիր՝ #29 (1451) 28.09.2022 - 04.10.2022, Ազգային բանակ