Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ ՊԱՐՏՔ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ



ՀԱՂԹԱՆԱԿԱԾ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ  ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ ՊԱՐՏՔ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ44-օրյա պատերազմի առաջին կամավորագրվողներից էր կապանցի Շավարշ Մուրադյանը։

Հայրենասիրությունը գեներով էր փոխանցվել. ազատամարտիկ հայրը՝ Մարտուն Մուրադյանն իր երկու որդիներին՝ Շավարշին  ու Ալեքսին դեռ մանկուց Սյունյաց ամեն քար ու թփին էր ծանոթացնում, միասին շրջում էին հարազատ բնօրրանի սրբատեղիներում՝ Հալիձորի բերդ, Վահանավանք, Դավիթ Բեկի բերդ…. Ու այդ ճանապարհներին պատմության հերոսական դրվագներն էր հիշատակում՝ պատմում էր Հալիձորի անառիկության եւ հերոսական պաշտպանության մասին, նորօրյա ասքեր իր մարտական ընկերների անձնազոհ խիզախությունից, հետո միասին այցելում էին Կապանի եղբայրական հուշահամալիր, ծաղիկներ խոնարհում հայրենյաց պաշտպանների շիրիմներին…

Շավարշը դեռ փոքր տարիքից առանձնանում էր. չափազանց ընդունակ էր, դպրոցում փայլում էր գերազանց առաջադիմությամբ, օրինակելի վարքով, ու եթե կրթօջախ ստուգողներ էին գալիս, ուսուցիչները վստահ էին, որ նա իր անթերի ու սահուն պատասխաններով դարձյալ հիացնելու է։

Շավարշի մեդալներին, գովասանագրերին, պատվոգրերին թիվ ու հաշիվ չկար…

Դպրոցական տարիներին մասնակցեց անգլերենի «Սփելլինգ Բիի» քաղաքային ու մարզային մրցույթներին ու գրավեց առաջին տեղը։ Ավելի ուշ՝ 2013թ. մասնակցեց «Ֆլեքս» միջազգային ծրագրին և ուսումը մեկ տարի շարունակեց ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Վերնոնիա քաղաքի ավագ դպրոցում, որտեղ էլ ճանաչվեց տարվա լավագույն աշակերտ եւ դպրոցի տնօրինության կողմից պարգևատրվեց ոսկե մեդալով։

12-րդ դասարանում ուսումնատենչ երիտասարդն ընդունվեց Հայաստանի Ամերիկյան համալսարան։

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ  ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ ՊԱՐՏՔ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ2015թ. Շավարշը զորակոչվեց բանակ, Մարտակերտում էր ծառայում, մասնակցեց ապրիլյան պատերազմին ու հրաշքով ողջ մնաց…

Զորացրվելուց հետո կրթությունը շարունակեց Հայաստանի Ամերիկյան համալսարանում։

Շավարշը, չնայած մշտազբաղ առօրյային, սովորելուն և աշխատելուն զուգահեռ, ակտիվորեն զբաղվում էր նաեւ կամավորական աշխատանքներով, «Դավիթ-Բեկյան ուխտեր» հասարակական-հայրենասիրական կազմակերպության անդամ էր, անդամագրվել էր նաեւ «Կազակներ-խաղաղարարներ» միջազգային միությանը, «Արծիվ-30 Արարատ» մահապարտների ռազմահայրենասիրական կազմակերպությանը:

Շրջապատում նրան բոլորն էին սիրում եւ հարգում՝ անկեղծ էր, անշահախնդիր, անմնացորդ նվիրվող, հարեհաս… Նեղն ընկածին առանց հապաղելու ձեռք կմեկներ եւ այնքան նրբանկատ. նա ասպետ էր էությամբ:

Շավարշը ծնողապաշտ զավակ էր, մայրապաշտությունը սահմաններ չուներ: Նվիրումն անպարագրելի էր, բոլորին էլ շատ էր սիրում, բայց հայրենիքի հանդեպ սերը անգերազանցելի էր:

2020 թ. սեպտեմբերի 27-ին, պատերազմի լուրն առնելուց ժամեր անց, «Արծիվ-30 Արարատ» ՌՀՀԿ մահապարտների ջոկատի հետ առաջին սահման մեկնողներից էր:

-Այդ առավոտյան մի տեսակ անտրամադիր էր, տխուր, առանց նախաճաշելու աշխատանքի շտապեց ու քիչ անց աշխատավայրից զանգեց,- վերհիշում է մայրը ՝ տիկին Անահիտը,- ասաց՝ մա՛մ, պատերազմ է սկսվել, ախպերս… ու հուզվեց… (կրտսեր եղբայրը՝ Ալեքսը, զինվոր էր այդ ժամանակ, ծառայում էր Հադրութում): Ես եղբորիցս չորս տարի ավելի եմ ապրել, ինքը պատերազմ չի տեսել, ես տեսել եմ, ո՞նց մնամ այստեղ, պիտի գնամ…

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ  ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ ՊԱՐՏՔ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆԽնայեց մորը, չասաց, որ Ալեքսի հետ խոսել է, որ Ալեքսը Հադրութում արդեն դիրքեր է բարձրացել…

Մայրը կարծում էր, թե կրտսեր որդին երրորդ գծում է ծառայում, եղբայրներով մոր համար ժամանակին նման գեղեցիկ սուտ էին հորինել…

Գնալուց առաջ փարվեց մորը և որպեսզի կոտրի նրան համակած անհուն տագնապն ու անհանգստությունը, երեխայավարի հարցրեց՝ մա՛մ, ես քո ի՞նչն եմ։

-Դու իմ կյանքն ես, արևը, իմ օդն ու ջուրը, ամեն ինչը… Սև համազգեստն էր հագել, սև ակնոց դրել, այնքան գեղեցիկ էր,- արցունքոտ աչքերով հիշում է տիկին Անահիտը,- հիացած ասացի՝ ոնց որ՝ ամսագրի տղա լինես, բա ակնոցը ինչո՞ւ ես դրել։ Կատակեց՝ որ թուրքին լավ տեսնեմ…

***

Բակում ջոկատի մեքենային սպասելիս, վեր նայեց, հարեւաններն արցունքներն էին սրբում, բոլորն էլ Շավարշին մի առանձնակի ջերմությամբ էին սիրում: Նրանց էլ հուսադրեց, քաջալերեց. «Ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու ենք»։

***

Մահապարտների ջոկատին այլ ուղղությամբ տարան՝ Արցախի հյուսիս:

Մարտական ընկերը՝ ջոկատի բժիշկ Արթուր Գինոսյանը, վերհիշում է. «Շավարշը երբ իմացավ, որ Մարտակերտի հատվածում ենք տեղակայվելու, ուրախությունը չթաքցրեց. «Ջա՜ն, հարազատ չաստս է, այնտեղ եմ անցկացրել ժամկետային ծառայությունս»: Արդեն զորամասում ինքն էր ուղղորդում, հրահանգավորում, անգիր գիտեր տեղանքի ամեն միլիմետրը: Սեպտեմբերի 29-ի առավոտյան տեղեկացանք, որ դիրքերից մեկում օգնության կարիք կա, դիրքի անձնակազմից չորս հոգի էին մնացել, մնացածը զոհվել, վիրավորվել էին: Եփրեմ Մարգարյանը, որի հրամանատարության ներքո կռվում էինք, ասաց, որ տասը փորձառու տղաներ պիտի գնան տվյալ մարտական դիրք: Ավետն էր, Շավարշը, ես, Եփրեմը ու ևս վեց տղա շարժվեցինք առաջադրանքը կատարելու: Դիրքեր չհասած՝ նկատեցի երեք վիրավորի, ես՝ որպես բժիշկ, իջա օգնություն ցույց տալու, մնացածը շարժվեցին առաջ…Շավոյին էլ չտեսա, իմացա, որ մահացու վիրավորվել է…»:

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ  ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ ՊԱՐՏՔ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆՍեպտեմբերի 29-ին տղերքը հատուկ առաջադրանք են ստանում դարանակալել թշնամուն և ոչնչացնել։ Շավարշը որպես գնդացրորդ իր վրա է վերցնում առաջին համազարկի իրականացումը: Թշնամին մարտի դաշտում թողնելով երեք տասնյակից ավելի զոհ՝ հետ է շպրտվում: Ապա խումբը շարժվում է 152 մարտական դիրք: Թեժ մարտի ժամանակ զոհվում է Շավարշը… Խիզախ հայորդին հավերժացավ այն նույն մարտական դիրքում, որը պահել էր ապրիլյան պատերազմի ժամանակ…

Կյանքով լեցուն, կյանքն այդքան սիրող երիտասարդը կյանքը նվիրաբերեց հայրենիքին…

Նրա բոլոր լուսավոր երազանքներն անկատար մնացին. որոշել էր համալսարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակել ԱՄՆ-ի ռազմական ակադեմիայում, որ փայլուն գիտելիքներով վերադառնար հայրենիք, նվիրումով ծառայեր զինված ուժերում և իր անսպառ ներուժով է՛լ ավելի հզորացներ հայկական բանակը։

Տարիներ առաջ Ամերիկյան դեսպանատանը, Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ, երբ պատանի Շավարշին հարցրել էին՝ եթե ծովի հատակին գանձ գտնես, ի՞նչ կանես, պատասխանել էր՝ ամբողջ գումարը, մինչեւ վերջին լուման, կծախսեմ իմ երկրի բարգավաճման ու բարօրության համար…

Այսօր Ամերիկյան համալսարանում՝ ի պատիվ Շավարշի եւ ՀԱՀ- ի այն ուսանողների, որ 2020 թ. Արցախյան պատերազմում հերոսաբար ընկել են մարտի դաշտում, անվանական կրթաթոշակներ են սահմանված: Շավարշն ինքն էլ համալսարանում միշտ բարձրաձայնում էր, որ լավագույն սովորողները պետք է ուսման վարձի խնդիր չունենան, որ ամբողջ ժամանակը լիարժեք կենտրոնացնեն միայն ու միայն ուսման վրա:

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ  ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ ՊԱՐՏՔ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆՇավարշի ընկեր Թադեւոս Ծպնեցյանը բնորոշում է. «Շավարշը յուրահատուկ անհատ էր, նրա հետ կարելի էր անվերջ խոսել ամենատարբեր ասպարեզներից, բազմագիտակ էր, նրանից կարելի էր անդադար սովորել, սովորել: Նա խտացումն էր հայրենասիրության, իրական հայի կատարելատիպ էր..»:

-Որդուս հետ հաճախ էինք երկար-երկար զրուցում ամենատարբեր թեմաներից, քաղաքական իրավիճակը, զարգացումները այնքան ճշգրիտ էր վերլուծում, կանխատեսում, որ մինչ օրս զարմանում եմ նրա խորաթափանցության վրա,- տիկին Անահիտի ամեն բառից հպարտություն է կաթում, հետո ձայնը դառնում է կերկերուն,- մի օր էլ ասաց՝ մա՛մ, այ կտեսնես, իմ անունը հայ ազատագրական պայքարի պատմության մեջ ոսկե տառերով է գրվելու, հարցրի՝ այդ ի՞նչ ես անելու, տղա՛ս…

– Այնպիսի բան, որ դու հպարտանաս …

-Որդի՛ս, հայրենիքին կյանքը նվիրաբերած մեր զավակները հաղթած են հեռացել,- ասում է հերոս քաջորդու հայրը,- պարտվածը մենք ենք, ու մենք մեր զավակներին հաղթանակած, արժանապատիվ ու ծաղկուն հայրենիք ենք պարտք…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #30 (1452) 05.10.2022 - 11.10.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


07/10/2022