Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՄԻԱՆԱ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ



Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սելջուկ Ունալը հայտարարել է, որ իր երկիրը չի միանա Իրանի դեմ պատժամիջոցներին, որոնց ընդունումը պնդում է ԱՄՆ-ը:
Նա նշել է, որ Թուրքիան կուսումնասիրի ամերիկյան առաջարկները, սակայն չի ենթարկվի դրանց: Իր երկրի համար նշանակություն ունեն Իրանի վրա ներգործելու միայն այն միջոցները, որոնք ընդունել է ՄԱԿ-ը:

Այս կերպ Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ում ընդունված օրենքին, որի համաձայն Իրանի կենտրոնական բանկի հետ գործեր վարող արտասահմանյան ընկերություններին կարգելվի աշխատել ամերիկյան տարածքում: Իսկ Իրանի կենտրոնական բանկի միջոցով վճարումներ են կատարվում իրանական արտահանվող նավթի ու գազի դիմաց:

Պաշտոնապես ամերիկյան պատժամիջոցները ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից, սակայն առայժմ ամբողջ ծավալով չեն գործում: Օրենքը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հնարավորություն է տալիս կարգավորելու պատժամիջոցների կիրառման ժամկետները, ինչպես նաև փոփոխել տնտեսական ճնշման ուժգնությունը:
Թուրքիան Իրանից ներմուծում է ամբողջ երկրում օգտագործվող նավթի շուրջ 30 տոկոսը, ինչպես նաև զգալի ծավալով բնական գազ:

Ամերիկյան պատժամիջոցներին միանալու պատրաստակամության մասին հայտարարել են Եվրամիության երկրները և Ճապոնիան: Ռուսաստանը կտրականապես դեմ է արտահայտվել` նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձևաչափից դուրս ցանկացած որոշում կապ չունի Իրանի ատոմային խնդրի լուծման հետ, իսկ որոշ պետությունների կողմից սահմանվող պատժամիջոցները կամ ռազմական հարվածները միջազգային հանրությունում կընկալվեն որպես Իրանի ղեկավարության փոփոխությանը միտված քայլեր:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


13/01/2012