ԿՐՔԵՐԸ ԲՈՐԲՈՔՎՈՒՄ ԵՆ ԼԻՑՔԱՎՈՐՈՂ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը լիցքավորող ինքնաթիռների մատակարարման համար միջազգային մրցույթ չի հայտարարի և դրանք կգնի միանգամից եվրոպական Airbus ընկերությունից: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ժերար Լոնգեն:
Սա Ֆրանսիայի յուրատեսակ պատասխանն է ԱՄՆ բանակի համար հայտարարված մրցույթում Boeing ընկերության հաղթանակին: Ընդ որում, ֆրանսիացիները այսքանով չեն սահմանափակվի: Մինչ այժմ նրանք արդեն հրաժարվել են ամերիկյան անօդաչուների գնումից և աստիճանաբար ԱՄՆ հետ ռազմատեխնիկական համագործակցությունը նվազագույնի են հասցնում:
Ֆրանսիան մեղադրում է ԱՄՆ-ին ռազմական արտադրանքի սեփական շուկան այլ պետությունների ընկերությունների համար չբացելու մեջ: Իսկ, օրինակ, Boeing-ը բազմիցս նշել է, որ ֆրանսիական կողմը զբաղվում է հովանավորչությամբ և վերջին 30 տարիների ընթացքում ամերիկյան ռազմական ինքնաթիռ չի գնել:
Լիցքավորող ինքնաթիռների` 35 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան մրցույթում ամերիկացիները ներկայացել էին KC-767, իսկ եվրոպացիները KC-47 տարբերակով: Ամերիկյան զինվորականները պաշտոնապես հայտարարեցին, որ Boeing-ի տարբերակը էժան է մոտ 330 միլիոն դոլարով: Սակայն հայտնի է, որ KC-47-ը տեխնիկական մի շարք չափորոշիչներով գերազանցում է իր մրցակցին:
Դա թույլ է տալիս որոշ մասնագետների կարծիք հայտնել, թե Boeing-ը հաղթել է բացառապես ազգային տնտեսությունը խթանող «Գնիր ամերիկյանը» պլանի շնորհիվ:
Ֆրանսիական կառավարությունը վերահսկում է EADS ընկերության բաժնետոմսերի 15 տոկոսը, որին էլ պատկանում է Airbus-ը: Փաստորեն, առևտրային տարաձայնությունների պատճառով սրվել են նաև երկու պետությունների միջև հարաբերությունները:
Նշենք, որ ամերիկացիները երկրորդ անգամ էին նմանատիպ մրցույթ անցկացնում: Առաջինի արդյունքները, երբ հաղթող էր ճանաչվել եվրոպական ընկերությունը, և համապատասխան պայմանագիր էր ստորագրվել, չեղյալ էր հայտարարվել, քանի որ ամերիկյան վերահսկիչների կարծիքով մրցույթի անցկացման պայմանները առավելություն էին տալիս եվրոպացիներին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական