Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԵՐՈՍԱՆՈՒՄ ԵՆՔ, ՄԱ՛Մ ՋԱՆ»



«ՀԵՐՈՍԱՆՈՒՄ ԵՆՔ, ՄԱ՛Մ ՋԱՆ»«Կամանդորի»՝ Գևորգ Կիրակոսյանի մասին ռեպորտաժ պատրաստելիս նրա լուսանկարներից մեկում նկատել էի ճիշտ նույն գլխարկը, որը մի առիթով տեսել էի կրտսեր սերժանտ Վահագն Հովակիմյանի գլխին՝ պատերազմական լուսանկարներից մեկում։ Գլխարկը Գևորգինն էր, իսկ թե ինչպես էր հայտնվել Վահագնի մոտ, ինչ կապ էին ունեցել Մատաղիսի այսօր արդեն լեգենդար երկու պաշտպանները, պետք է, որ պատահական դիպված չլիներ։

 

…Վահագնը դեռ վաղ հասակում էր իր մտածողությամբ տարբերվում հասակակիցներից։ Հաճախում էր շախմատի խմբակ ու հաճախ էր մասնակցում տարբեր մրցաշարերի և երբեմն վերադառնում էր պարտված, բայց, զարմանալիորեն երջանիկ։ Նա ինքը չէր պարտվում, խաղի ելքը ինքն էր այդպիսին ընտրում, որ մրցակիցն էլ վայելեր հաղթանակի բերկրանքը։ Երևի հենց այս վեհանձնությունն էր Վահագնի անբացատրելի ուժեղ ու կամային լինելու հիմքում։ Ու ամեն անգամ ինքն իր ուժից, ասես, է՛լ ավելի էր խանդավառվում: Ուժի, ուժեղ լինելու Վահագնի ընկալումներն այլ էին։ Պատմություն լավ գիտեր, ու սուր վերլուծական մտքի շնորհիվ եղելությունների, այսօրեական իրադարձությունների մասին ինքն իր հստակ դիրքորոշումներն ուներ՝ հիմնավորված, ծանրակշիռ։ Հենց Վահագնի նախաձեռնությամբ ընտանիքը մեկնել էր Արցախ շրջագայության։ Մայրը՝ Անժելա Բաբայանը, հիշում է, որ որդին բազմիցս էր կրկնում, որ Արցախում է ծառայելու ու մնալու է Արցախում։

♦♦♦

Վահագնը ընդունվում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ։ Հուլիսի 30-ին զորակոչվում է ժամկետային զինվորական ծառայության։ Ճշգրիտ հաշվարկի բացառիկ կարողություններով, ռազմական գիտելիքներով և համարձակությամբ օժտված զինվորին հրամանատարությունը գործուղում է սերժանտական դասընթացների։ Կարճ ժամանակ անց կրտսեր սերժանտ Վահագն Հովակիմյանն ստանձնում է մարտական դիրքի ավագի պարտականությունները։ Վահագնը տիրապետում էր միանգամից մի քանի զինատեսակի, սովորում էր անընդհատ… Պատերազմի առաջին իսկ օրից Վահագնը առաջնագծի ամենաթեժ կետերում էր՝ Մատաղիս-Թալիշ հատվածում։ Վահագնը պահանջված նշանառու էր, եւ նրան տեղափոխում էին դիրքից դիրք։

«ՀԵՐՈՍԱՆՈՒՄ ԵՆՔ, ՄԱ՛Մ ՋԱՆ»Սեպտեմբերի 29-30-ը նրա հրաձգային վաշտն ընկնում է շրջապատման մեջ։ Վահագնը ու իր հրամանատարը երկու օր կռիվ տալով՝ հետ են մղում թշնամու գրոհները։ Այսպես նրանք ապահովում են ծառայակից ընկերների  անվտանգ նահանջը՝ շրջապատումից դուրս բերելով մի ամբողջ վաշտ։

Բարձունքը, որի պաշտպանությունը վստահված էր Վահագնի ստորաբաժանմանը, հայկական առաջապահ ուժերի համար ռազմավարական մեծ նշանակություն ուներ. կորցնելով առաջնագծի այս հատվածի վերահսկողությունը՝ փաստացի թշնամու առաջ բացվելու էին  պաշտպանական գծի հյուսիսային հատվածի դարպասները, հակառակորդը հասնելու էր Մարտակերտ։ Վահագնի անձնուրաց սխրանքի շնորհիվ հաջողվում է ժամանակավորապես կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։

– Զանգեց, ասաց՝ հերոսանում ենք, մա՛մ ջան,- հիշում է մերօրյա հերոսի մայրը՝ տիկին Անժելան:

Հոկտեմբերի 13-ից հակառակորդը լայնածավալ գրոհի է անցնում։ Զինամթերքն արդեն սպառվում էր, տղաներից շատերը զոհվել էին, մյուսները՝ տարբեր վիրավորումներ ստացել։ Վահագնն ու ընկերը՝ լեյտենանտ Արսեն Նիկողոսյանը, մնում են  դիրքում՝ ապահովելով իրենց մարտական ընկերների նահանջը։ Հակառակորդը գրոհել էր ամբողջ ուժով՝ գործի դնելով թե՛ հրետանի, թե՛ ավիացիա։  Արսենը մարտի ընթացքում զոհվում է:

Թեպետ արդեն վիրավոր, բայց Վահագնը շարունակում է կրակ վարել մինչև այն պահը, երբ նկատում է դիրք մտնող թշնամու զինվորներին ու ձգում նռնակի օղը՝ «կյանք՝ կյանքի դիմաց» սկզբունքով։

Վահագնը իր անօրինակ սխրանքների համար պարգևատրվում է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով…

Լուսանկարում Վահագնը  Մատաղիսի զորամասի լեգենդար հրամանատարներից մեկի՝ Գևորգ Կիրակոսյանի գլխարկն է կրում։ Բոլորը գիտեին՝ Գևորգն այս գլխարկն առանձնահատուկ էր սիրում։ Թե որքան է գնահատել Վահագնին ու նրա տեսակը հրամանատար Գևորգ Կիրակոսյանը, որ նրան է նվիրել իր գլխարկը, այժմ կարելի է ենթադրել՝ այսօր արդեն լուսանկարներին նայելով միայն։

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (1457) 09.11.2022 - 15.11.2022, Ճակատագրեր


11/11/2022