Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

 

Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինայի էներգետիկ համակարգի ամենազանգվածային հրթիռակոծությունը պատերազմի սկզբից ի վեր։ Այս հարձակումը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն Ուկրաինայի, այլև որոշ հարևան երկրների էներգետիկ համակարգերի վրա։ Ուկրաինական կողմի համաձայն՝ ռուսական զորքերը մոտ 100 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։

Լեհաստանը հայտնել է իր տարածքում Ուկրաինայի հետ սահմանի մոտ հրթիռների ընկնելու մասին, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Լեհաստանում «ռուսական» հրթիռների ընկնելու մասին հաղորդագրությունը սադրանք է անվանել, նշելով, որ ռուսական խոցման միջոցներով ուկրաինա-լեհական պետական սահմանի մոտ գտնվող թիրախներին հարված չի հասցվել։ Լեհաստանում այս հարցով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել։

«Ուկրաինան դե ֆակտո և դե յուրե չի կարող և չի ցանկանում բանակցություններ վարել, հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Թեհրանում անվտանգության հարցերի շուրջ ռուս-իրանական խորհրդակցություններ են անցկացրել:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել է Խերսոնի մարզը Դնեպր գետի ձախ ափից պաշտպանելու՝ Ուկրաինայում իրականացվող ՌԴ հատուկ գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինի առաջարկին։ Այդպիսով՝ կազատվեն միջոցներ և ուժեր, որոնք կարող են ակտիվ գործողությունների մասնակցել այլ ուղղություններով:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները կարող են ծառայել ՌԴ զինված ուժերում: Փոփոխությունների համաձայն՝ զինծառայության կարող են զորակոչվել օտարերկրյա պետության քաղաքացիություն, բնակության թույլտվություն կամ մշտական բնակության իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ ունեցող քաղաքացիները։

Չինաստանը հանդես է եկել G-20-ից Ռուսաստանին դուրս մղելու դեմ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, ըստ որի՝ Ռուսաստանի վրա պատասխանատվություն է դրվում փոխհատուցելու Ուկրաինային ռազմական գործողությունների ժամանակ պատճառված վնասը։ Քվեարկությանը մասնակցող 181 երկրներից 94-ը կողմ է քվեարկել բանաձևին, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 73 երկիր: Գլխավոր ասամբլեայի որոշումները իրավաբանորեն պարտադիր փաստաթղթեր չեն՝ ի տարբերություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի։ Բանաձևի համահեղինակներն են Կանադան, Գվատեմալան, Նիդերլանդները և Ուկրաինան։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այն իրավաբանորեն պարտավորեցնող չէ, և Ռուսաստանը դեմ է դրան։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Բալիում G-20-ի գագաթաժողովի շրջանակում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ խնդրել է նրան հորդորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերադառնալու Կիևի հետ բանակցություններին։

«Մենք չպետք է սխալվենք՝ թերագնահատելով Ռուսաստանին»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը։

Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել ռուսական «Գազպրոմ»-ի գերմանական դուստր ձեռնարկության՝ «Gazprom Germania»-ի ազգայնացումը։

 

Իրան

 

Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ դժգոհություն և մտահոգություն են հայտնել Իրանում հակաադրբեջանական քարոզչության և Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների սպառնալից հռետորաբանության առնչությամբ։

Նախօրեին էլ Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն է կանչվել Իրանի ԱԳՆ՝ ադրբեջանցի պաշտոնյաների հակաիրանական հայտարարությունների առնչությամբ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն տեղեկացրել է, որ Իրանն ստեղծել է հայրենական առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը։

Նրա խոսքով՝ նոր հրթիռը ունակ է հաղթահարելու հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը, և առաջիկա տասնամյակների ընթացքում հակազդող տեխնոլոգիաներ դժվար թե լինեն։

«Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները լուսավոր ապագա ունեն»,- ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և հավելել, որ անկախ երկրների միջև համագործակցությունը ԱՄՆ-ի պատժամիջոցներին և ապակայունացման քաղաքականությանը ամենավճռական պատասխանն է։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը արևմտյան հատուկ ծառայություններին մեղադրել Է Իրանում անկարգություններ կազմակերպելու մեջ։

Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի հետ տեղեկատվության մշտական փոխանակում են կատարում իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերականգնման վերաբերյալ:

Իրանցի օրենսդիրների խումբն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝  Ադրբեջանի սահմաններից դուրս ապրող հայրենակիցների լեզվական իրավունքների մասին մեկնաբանությանը, ինչն Իրանում ընկալվել է որպես բացահայտ ակնարկ այդ երկրում ապրող մեծաքանակ ադրբեջանցիների մասին։ Պատգամավոր Սեյեդ Ալբորզ Հոսեյնին Ալիևին հիշեցրել է, որ Ադրբեջանն է ժամանակին անջատվել Իրանից Գյուլիստանի պայմանագրով։

 

Թուրքիա

 

Ստամբուլի կենտրոնում ահաբեկչության հետևանքով զոհվել է վեց մարդ, մի քանի տասնյակը վիրավորվել են։ Թուրքիան հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի ցավակցությունները՝ նշելով, որ իրենք գիտեն, թե որտեղ է կոորդինացվել հարձակումը։

ԱՄՆ նախագահ Բայդենը և Թուրքիայի նախագահ Էրդողանը Ինդոնեզիայի Բալի կղզում G-20-ի շրջանակում հանդիպել են, հարցերի բավական լայն շրջանակ քննարկել՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ընթացքը, ռուս-ուկրաինական հարաբերությունները, «հացահատիկային միջանցքը», ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի շուրջ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունները և այլն:

Պենտագոնի նախկին պաշտոնյա Մայքլ Ռուբինը կոչ է արել Թուրքիային ճանաչել որպես ահաբեկչության հովանավոր։

Կիպրոսի՝ Թուրքիայի բռնազավթած հյուսիսային մասը դարձել է «դիտորդ» Թյուրքական պետությունների կազմակերպությունում։ Եվրահանձնաժողովը դատապարտել է այս որոշումը՝ հիշեցնելով, որ կազմակերպության մի քանի անդամներ վճռական աջակցություն են հայտնել տարածքային ամբողջականության սկզբունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։

«Թուրքիան «հատուկ» տնտեսական օգուտ է ստանում հակառուսական պատժամիջոցների շրջանցման շնորհիվ, մինչդեռ Հունաստանը և մյուս պետությունները ստիպված են վճարել սահմանված սահմանափակումների համար»,- հայտարարել Է Հունաստանի առաջին փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը։

Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, որ իր երկիրը 52 տարի սպասում է Եվրամիության դռների մոտ և պատրաստ է անհրաժեշտ պատասխանը տալ, երբ ժամանակը գա։

Թուրքիան ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր է կնքել 1963 թվականին, իսկ 1987-ին պաշտոնապես հայտարարել է Միության անդամ դառնալու ցանկության մասին։ Այնուամենայնիվ, Անկարային ԵՄ ընդունելու մասին բանակցությունները սկսվել են միայն 2005-ին, ընդ որում, գործընթացը մի քանի անգամ ընդհատվել է կողմերի տարաձայնությունների պատճառով։

Սամարղանդում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին։ Օրբանն ասել է, որ Ալիևն օգնում է Եվրոպային դիվերսիֆիկացնել էներգիայի աղբյուրները, իսկ Էրդողանը միակ ղեկավարն է, որը հաջողությամբ միջնորդի դեր ստանձնեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

 

Ադրբեջան

 

Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2023 թ. ռազմական համագործակցության պլանը:

Ադրբեջանի առաջին տիկին, համատեղության կարգով առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան անսպասելիորեն հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի դերից, ինչի մասին տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեին ուղղված նամակում: Հավանաբար պատճառը Ազուլեի Ֆրանսիայից լինելն է, որտեղ Սենատը քննարկել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների բանաձևը։

Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւով կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Բանաձևի օգտին քվեարկել են 296 օրենսդիրներ, դեմ՝ 1-ը։ Բանաձևը ենթադրում է պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերում, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացում, երկու երկրների միջև շարունակական խաղաղության հասնելուն ուղղված նախաձեռնության սատարում։ Ադրբեջանը բողոք է հայտնել Ֆրանսիային՝ կապված Սենատում բանաձևի ընդունման հետ։

Ադրբեջանին «հաղթանակի» օրվա առիթով շնորհավորել են Թուրքիան, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Բելառուսը, Պակիստանը, Իրանը, Ալժիրը, Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսրայելը և Ուկրաինան։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #36 (1458) 16.11.2022 - 22.11.2022, Տարածաշրջան


18/11/2022