Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՂԱԶԱՆՉԵՑԻ ՀԵՐՈՍԸ



ՂԱԶԱՆՉԵՑԻ ՀԵՐՈՍԸՇիրակ աշխարհի Ղազանչի գյուղը հայտնի է իր անապակ, ձյունաբույր ու սառնորակ ջրով, որ սնուցում է նաև Գյումրու մի շարք թաղամասեր: Սար ու ձորերի վայրի, կուսական բնությամբ շրջապատված գյուղում բնակիչները ծանր ու տքնաջան աշխատանքով են արարում իրենց հանապազօրյա հացը: Նրանք կապված են իրենց քարքարոտ լեռնաշխարհին և, ինչպես Մելիքսեթն էր ասում, համոզված են. «Մեր գյուղից լավ տեղ չկա»:

Այս «ամենալավ տեղում»՝ մանկավարժների ընտանիքում է ծնվել Մելիքսեթ Արոսյանը: Հայրը՝ Սարգիս Արոսյանը, դպրոցի զինղեկն էր, մայրը՝ Ալինա Մազմանյանը, դասվար է: Փոքրիկ Մելոն աչքի էր ընկնում բացառիկ ընդունակություններով եւ շա՜տ էր կապված հայրենի հող ու ջրին:

Գարնան, ամռան, աշնան ամիսներին սիրելի ձիով վարգում էր սար ու ձորերում, իսկ ձմռան ամիսներին դահուկային սպորտով էր զբաղվում:

Տեղի դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո Մելիքսեթն ընդունվեց Շիրակի պետական համալսարանի ՆԶՊ և ֆիզկուլտուրայի բաժին: Դարձավ դասախոսների, ուսանողների ամենասիրելին, արժանացավ սպայի կոչման: 2010-2012 թթ. ծառայեց Հայոց բանակում: Ծառայության ընթացքում պարգևատրվեց «Քաջարի մարտիկ», «Լավագույն մարզիկ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով:

Հետախույզ-դիպուկահար, լեյտենանտ Արոսյանի մեծադիր նկարը կախված է զորամասում, Երևան-Արցախ մայրուղու, նաև՝ Երևան-Գյումրի մայրուղու ցուցատախտակներին…

Աշոցքի լեռների արծիվ էր Մելիքսեթը: Ելնում էր ամենաբարձր սարերի գագաթները, իրեն հաղթող էր զգում և գոռում էր ազատ-անկաշկանդ: Երկիրն արձագանքում էր, երկինքն՝ ուրախանում այդ ազատությունից…

***

Մերօրյա հերոսի հայրը՝ Սարգիսը, առողջական խնդիրների պատճառով ստիպված է լինում թողնել զինղեկի աշխատանքը: Մելիքսեթը որոշում է, որ պետք է թափուր տեղի մրցույթին մասնակցի։ Գիշեր ու զօր պարապում է:

-Պա՛ ջան, պատվի հարց է. դպրոցում ե՛ս եմ քեզ փոխարինելու,- ասել էր հորը:

Հաղթեց մրցույթում և մեծ հպարտությամբ էր կրում զինվորականի համազգեստը:

Աշակերտները սիրով էին մասնակցում նրա դասերին:

Մելիքսեթը հաճախ էր բացում մայրիկի դասասենյակի դուռը:

«Հը՛, Մազմանյան, ի՞նչ կա»,- հարցնում էր ու բարի հայացքով ժպտում:

Գյումրին իր քաղաքն էր համարում, հաճախ էր շրջում սիրելի քաղաքի փողոցներով: Մի անգամ տուն վերադառնալով՝ ասաց. «Մա՛, պատկերացնո՞ւմ ես, մի գնչուհի մոտեցավ ինձ, բռնեց ձեռքս և ասաց, որ ես երկու տարվա կյանք ունեմ ընդամենը: Մինչև հիմա ծիծաղս գալիս է: Ի՜նչ անհեթեթություն է, չէ՞…»:

Ծիծաղեցին՝ անցավ…

…44-օրյա պատերազմի ժամանակ Մելիքսեթը՝ որպես պահեստազորային, մեկնեց Ջրական: Ութ հոգուց կազմված նրանց ստորաբաժանումը շատ մոտ էր թշնամուն: Նրանք բոլորն էլ ճշգրիտ դիպուկահարելով հետ են մղել թշնամուն՝ նրանց ռազմական տեխնիկայի և մարդկային մեծ կորուստներ պատճառելով: Այնուհետև, Մելիքսեթի ղեկավարությամբ հետախուզական խմբով թափանցել են հակառակորդի թիկունք, ոչնչացրել են թշնամուն՝ առգրավելով յոթ ավտոմեքենա զենք և զինամթերք: Շարունակվող մարտերի ընթացքում ԱԹՍ-ից վիրավորված լեյտենանտ Արոսյանն անմահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին՝ 2020 թ. հոկտեմբերի 17-ին…

Մելիքսեթ Սարգսի Արոսյանի՝ Հայրենիքին մատուցած ծառայությունն ու սխրանքը բարձր է գնահատվել: Նա ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, Ղազանչիի միջնակարգ դպրոցի զինղեկի սենյակը կոչվում է հերոս լեյտենանտի անունով:

…2022 թ. հունվարի 23-ին ծնվեց Մելիքսեթի քրոջ՝ Շողիկի երկրորդ զավակը՝ փոքրիկ Մելիքսեթը: Մարտի 4-ին՝ նրա մկրտության օրը, համընկավ հերոս քեռու ծննդյան օրվա հետ: Միգուցե դա էլ իր խորհուրդն ունի: Հիմա մեր հերոսի ծնողներն ու քույրը մխիթարվում են այս փոքրիկով, որին Աստված է ուղարկել:

Մելիքսեթի հայրական օջախի պատուհանից պարզ երևում է հերոսի ամենօրյա ճանապարհին հայրիկի ջանքերով կառուցված՝ լեյտենանտի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողը. կենտրոնում Աստվածամայրն է, երկու կողմերից արծիվներն են բազմել… Ամեն օր ծնողները պատուհանից դիտում են հուշակոթողը և իրենց որդուն զգում շատ մոտ…

 

ՀՐԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Խորագիր՝ #37 (1459) 23.11.2022 - 29.11.2022, Ճակատագրեր


25/11/2022