ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգը չի բացառել, որ ուկրաինական հակամարտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև պատերազմի։
Թուրքիայի նախագահ Էրդողանը ցանկանում է վերսկսել թուրքմենական գազի մատակարարումը Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը, և մտադիր է այդ թեման քննարկել Թուրքմենստանի և Ադրբեջանի նախագահների հետ:
Լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ամենամյա հանդիպում չի անցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա հրաժարվել է հանդիպումից՝ «Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու սպառնալիքներից հետո»։
Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանին 82 մլն դոլար արժողությամբ էլեկտրոնային արգելապատնեշ կկառուցի:
ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանին կասկածում են իրանական անօդաչու թռչող սարքերի գնումներն ավելացնելու մեջ։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը ապացույցներ չունի Ռուսաստանին Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փոխանցման մասին, ինչի մասին ահազանգում են ուկրաինական և այլ աղբյուրներ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին. «Համաշխարհային միջուկային պատերազմի սպառնալիքն աճում է: Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել իրեն բոլոր առկա միջոցներով»։ Նա նաև հավելել է, որ Ուկրաինայում կարգավորման գործընթացը բարդ և երկարատև կլինի:
Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Բուտին փոխանակել են ամերիկուհի Բրիթնի Գրայների հետ, որոնք պատիժը կրում էին համապատասխանաբար ԱՄՆ-ի և ՌԴ-ի ուղղիչ հիմնարկներում։ Բուտը հայտնի է որպես զենքի առևտրական:
Ռուսաստանը Հնդկաստանի նավթի խոշորագույն մատակարարը դառնալու ճանապարհին է:
Պուտինը հայտնել է նավթի արդյունահանման կրճատման ՌԴ մտադրության մասին՝ ի պատասխան գների վերին շեմի սահմանմանը:
Ղազախստանի բանկերը ԱՄՆ-ից ռուսական «ԾՌՐ» քարտերով գործառնություններ կատարելու թույլտվություն են ստացել:
Իրան
«Իրանը չի ընդունում տարածաշրջանում աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն։ Դա Թեհրանի սկզբունքային քաղաքականությունն է»,- ասել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալի Ֆադավին՝ խոսելով Ադրբեջանի հետ սահմանին ԻՀՊԿ-ի վերջին զորավարժությունների մասին:
Ալի Ֆադավին նաև հավելել է, որ ժամանակին Ադրբեջանն անջատվել է Իրանից ղաջար թագավորների բանիմաց չլինելու պատճառով։ Իսկ այժմ հատուկ ուշադրություն պետք է դարձնել Ադրբեջանի շիա մեծամասնությանը:
Իրանը քննադատել է Չինաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների համատեղ հայտարարությունը` այն անվանելով Խորհրդի ձախողված իրանատյաց քաղաքականության շարունակություն և իրենց ֆինանսական, քաղաքական և նյութատեխնիկական աջակցությունը տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումներին թաքցնելու իզուր փորձ: Հայտարարությամբ խորհրդի անդամները վերահաստատել են իրենց աջակցությունը Արաբական Միացյալ Էմիրությունների ջանքերին՝ հասնելու Պարսկական ծոցի Աբու Մուսա, Փոքր Թունբ եւ Մեծ Թունբ կղզիների հարցի խաղաղ լուծմանը, իսկ Իրանը դրանք համարում է իր տարածքի անբաժանելի մաս։ Թեհրանում Չինաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ խորհրդի գագաթնաժողովին Չինաստանի նախագահի մասնակցությունից հետո։ Չինաստանի ներկայացուցիչը վերահաստատել է Պեկինի հարգանքը Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ։
Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը մինչև տարեվերջ համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին։
Իրանում իրականացվել է բողոքի ակցիաների մասնակցի առաջին մահապատիժը:
Իրանի ազգային նավթային ընկերությունը նավթի նոր հանքավայրեր է հայտնաբերել Իրանի հարավ-արևմուտքում:
Իրանի հետախուզության նախարար. «Ամերիկացիները պատանդ են վերցրել Եվրոպան»:
Թուրքիա
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերթական անգամ հնչեցրել է խաղաղության թուրքական ընկալումը. «Թուրքիայի կամ Ադրբեջանի հասցեին ցանկացած սպառնալիք կամ սադրանք՝ անկախ դրա աղբյուրից, կճանաչվի որպես ընդհանուր մարտահրավեր եղբայրական երկրներին»:
Նա կոչ է արել փակել տարածաշրջանում հակասությունների և ատելության էջը, սկսել ընդհանուր ապագա կառուցել միջազգային իրավունքի նորմերի հարգման հիման վրա:
«Ֆինլանդիան պետք է չեղարկի Թուրքիա զենքի մատակարարման էմբարգոն՝ որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին Թուրքիայի աջակցության պայման»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն։ Շվեդիան արդեն վերացրել է էմբարգոն: Միևնույն ժամանակ, Շվեդիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է Թուրքիայի պահանջով երկու անձանց արտահանձնման անհնարինության մասին:
Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները հունվարին կժամանեն Թուրքիա՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը քննարկելու համար։
Թուրքիան կրկին սպառնացել է միջոցներ ձեռնարկել Հունաստանի դեմ, եթե վերջինս շարունակի զինել Էգեյան ծովում գտնվող իր կղզիները։
«Եթե Հունաստանը խաղաղություն չի ուզում, ապա Թուրքիան կանի անհրաժեշտ ամեն ինչ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն
Ուզբեկստանը Թուրքիայի հետ ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքել:
ԱՄՆ պաշտպանական բյուջեի տեքստից հանվել է Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքի սահմանափակման մասին դրույթների բացառումը։
Թուրքիան ակնկալում է Ռուսաստանից գազի 25 տոկոսանոց զեղչ ստանալ: Գործարքը կարող է թուլացնել ճնշումը լիրայի վրա, որը վերջին տարվա վատագույն համաշխարհային արժույթներից է:
Թուրքիայում շտապօգնության մեքենաներում օգտագործելու համար հոլանդական ընկերության արտադրած կոմերցիոն արգելակները հայտնվել են այն հրթիռների մեջ, որոնք Անկարան օգտագործել է Սիրիայի հյուսիս-արևելքում հարձակումների ժամանակ:
Էրդողանն Ուկրաինային մարդասիրական օգնություն է խոստացել` առաջիկա ծանր ձմեռը հաղթահարելու համար:
Ադրբեջան
Թուրք գեներալ Բահթիյար Էրսայը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ այդ երկիրը վերահսկում է Ադրբեջանի զինված ուժերը: Էրսայը 2020 թ. պատերազմի ժամանակ համակարգել է ռազմական գործողությունները:
Ադրբեջանական պետական SOCAR ընկերությունը դադարեցրել է ռուսական նավթի մատակարարումը թուրքական նավթավերամշակման գործարանին։ Ռուսական նավթի գնումները ավելացել են ուկրաինական պատերազմից հետո, այժմ էլ SOCAR-ը վերանայում է իրավիճակը՝ արևմտյան պատժամիջոցներին հետևելու համար։
Ադրբեջանը օգնություն է ուղարկել Ուկրաինա՝ 45 ուժային տրանսֆորմատորներ և 50 գեներատորներ: Էլեկտրասարքավորումների ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 800 հազար դոլար։ Օգնության երկրորդ խմբաքանակը կուղարկվի առաջիկա օրերին։ Ադրբեջանն Ուկրաինային արդեն ուղարկել է ավելի քան 17,6 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն:
Եվրամիությունը 2 մլրդ եվրո կհատկացնի Ադրբեջանին՝ տնտեսության հետագա դիվերսիֆիկացման, աշխատատեղերի ստեղծման և գյուղական համայնքների ներառական զարգացման համար։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել ռուսական կողմին՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի շուրջ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ադրբեջանական կողմը ծրագրել էր այցելել նշված հանքավայրեր, սակայն հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցները և հարակից բնակավայրերի բնակիչները ինքնաբուխ արգելափակել են նրանց մուտքը հանքավայրերի տարածք:
Ադրբեջանում շարունակվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի վարկաբեկման ջանքերը։ Երկրի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, թե Բաքուն, իբր, քանիցս դիմել է ներկայումս իր կողմից վերահսկվող տարածքներ առաքելություն ուղարկելու հարցով, բայց ապարդյուն։ Նա ՅՈւՆԵՍԿՕ-ին կոչ է արել կատարել իր պարտավորությունները։ Իսկ իրականությունն այն է, որ տարիներ շարունակ հայկական կողմը փորձել է կազմակերպել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության այցելություն Արցախի տարածք՝ ապացուցելու, որ ոչ մեծ քանակությամբ ադրբեջանական ժառանգությունը միտումնավոր ոչնչացման չի ենթարկվում։ Սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանցիների ձեռքում հայտնված հայկական պատմական և մշակութային հուշարձանների ուսումնասիրության նպատակով առաքելության կազմակերպման հայկական կողմի բոլոր փորձերը համառ դիմադրության են հանդիպել հենց Ադրբեջանի կողմից։ Վերջին շրջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի վրա Ադրբեջանի հարձակումները պայմանավորված են նրանով, որ կազմակերպությունը ղեկավարում է ֆրանսուհի Օդրի Ազուլեն, իսկ այժմ Բաքվի հարաբերությունները Ֆրանսիայի հետ լարված են:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բռնազավթած Շուշին 2023 թվականին, այսպես կոչված՝ «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» հռչակելու մասին կարգադրություն է ստորագրել։
Ադրբեջանցի պատգամավոր Ջեյհուն Մամեդովը բողոքել է իրանական հեռուստաալիքների և ռադիոյի «խաթարող» գործունեությունից: Նա նշել է, որ. «Պետք է կազմակերպել ադրբեջանական հեռուստատեսային եւ ռադիոալիքների հեռարձակումը պարսկերեն և արաբերեն լեզուներով՝ տեղեկատվական պատերազմի ֆոնին արտասահմանյան լսարանին Ադրբեջանի մասին ճշմարտությունը հասցնելու համար»։
Ադրբեջանի իշխանամետ Haqqin.az պարբերականը խոսուն վերնագրով հոդված է հրապարակել՝ «Ուղերձ Թեհրանի վարչակարգին. Թուրքիայի և Ադրբեջանի բանակները պատրաստ են անցնել Արազ գետը»։
Մեկ այլ՝ «Ադրբեջանն ու Թուրքիան զորքեր են կուտակում Իրանի սահմանի մոտ, բայց անհանգստացած է Հունաստա՞նը» վերնագրով հոդվածում փաստացի ակնարկվում է Հունաստանի դեմ Թուրքիայի ագրեսիային Ադրբեջանի մասնակցելու հնարավորությունը:
Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյա Լոուրենս Մերեդիթը Բաքվում Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում գոհունակությամբ նշել է, որ. «Միջին միջանցքի» (Չինաստանն ու եվրոպական երկրները կապող) իրականացման հետ կապված Ադրբեջանի ցուցաբերած նախաձեռնությունն ու ակտիվությունը այդ երկիրը դարձնում է տրանսպորտի և տարանցման ոլորտի կարևոր գործընկերներից մեկը, նաև՝ առաջնահերթ ուղղություն ԵՄ-ի ներդրումների համար։
Այսպիսով, հերթական եվրոպացի պաշտոնյան լիակատար փոխըմբռնում է ցուցադրում Ադրբեջանի հետ:
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #40 (1462) 14.12.2022 - 20.12.2022, Տարածաշրջան