ՀԵՐԹԸ ՏՂԱՅԻՆՍ Է
Տղաս զորակոչվեց նոյեմբեր ամսին։ Քառասունհինգ օր հետո իմացա, որ երդման արարողությունն է, ու ընկերոջս հետ մեկնեցի զորամաս։
Ձմեռային պայծառ-արեւոտ օր էր, ճանապարհը՝ բարեկարգ, տրամադրություններս՝ բարձր։ Ամեն բան կարծես նպաստում էր մեր զվարթ ընթացքին։ Ճանապարհին, գետի եզերքին՝ կամրջի մոտ, խնդրում եմ ընկերոջս կանգնեցնել մեքենան։ Հիշողության անիվը ինձ ետ է տանում։ Այստեղ էր, այս կամրջի տակ, գետը անցնելիս թրջվեցին ոտքերս, աշուն էր, ցուրտ. հենվեցի ժայռին, քամեցի գուլպաներս, հագա ու շարժվեցի առաջ։ Հրանոթները թնդում էին, պիտի արեւածագից առաջ մտնեինք Լաչին։
Դիմացը մեզ պարտադրված պատերազմի ուրվագիծն էր, որ դեռ պիտի ծավալվեր ու բռներ ամբողջ Արցախը։ Ես հազարավոր տղերքից մեկն էի՝ դուրս եկած մեր հողն ու պատիվը պաշտպանելու։
Ես այդ ժամանակ ամուրի էի, իսկ այսօր գնում եմ տղայիս երդման արարողությանը մասնակցելու։
Ընդառաջ են գալիս բարեկարգված փողոցներ, նորակառույց շենքեր, շքեղաշուք մի դպրոց, հենց ճանապարհի եզրին։ Ապրում է քաղաքը, շնչում, երիտասարդ է ու թարմ։ Պատերազմի վերքերը չկան։
Ձմեռային կարճ օրը իրիկնանում է, մենք շարժվում ենք առաջ՝ դեպի հարավ։
Ես տարուբերվում եմ ներկայի ու անցյալի միջեւ։ Տասնութ տարի առաջ ծնվեց տղաս, տասնինը տարի առաջ կազմավորվեց հայոց բանակը։ Ուրեմն` տղաս ու հայոց բանակը համարյա նույն տարիքի են։ Այսօր տղաս եկել է պահելու այս հողը, որ խլված էր մեզնից տարիներ շարունակ։
Մենք տեղ ենք հասնում գիշերով։ Ձմռան օրը շուտ է ավարտվում։ Ու երբ զորամաս հասանք, արդեն մթնել էր։
FFF
Զինվորների մի խումբ դուրս է գալիս ճաշարանից։ Գուցե տղաս նրանց մեջ է։ Գիտի, որ գալիս եմ, սպասում է։
Մտքերի մեջ եմ՝ հայացքս զորամասի վառվող լույսերին։
Երբ լույսը բացվեց, թանձր մառախուղ էր իջել զինվորական ավանի վրա։ Լսվում էր զինվորների աշխույժ աղմուկը, որ գալիս էր զորամասի կողմից։
Քիչ հետո զորամասի մուտքի մոտ ծնողների հոծ բազմություն հավաքվեց։ Մի պահ, երբ մառախուղը սկսեց սահել, երեւացին զորամասի հրապարակում հավաքված զինվորները։
Ծնողները մտնում են զորամաս։
Զորամասի հրամանատար գնդապետ Մելքոնյանին զեկուցում են՝ զորահանդեսը սկսվում է։
Մոտենում ենք երդման համար պատրաստ կանգնած զինվորների շարքերին։
Ընկերս փնտրում է զինվոր դարձած ուսանող թոռանը՝ Սամվել Սարգսյանին, ես՝ որդուս՝ Նժդեհ Սիրունյանին, ու չեմ գտնում։
Հարցնում եմ շարված տղաներին, առաջին շարքում կանգնած զինվորը ժպտում է, համարյա անլսելի ձայնով ասում. «Հայրիկ, ես եմ»… Աստված իմ, քառասունհինգ օրը ինչքան է փոխել տղայիս, որ անգամ չճանաչեցի նրան։
Առնական էր տեսքը՝ զինվորական համազգեստով, զենքը՝ ամուր սեղմած կրծքին։ Քառասունհինգ օր ու անճանաչելի փոփոխություն, իսկ դեռ ինչքան կփոխվի երկու տարվա ընթացքում։
Հնչում է զորամասի հրամանատար գնդապետ Մելքումյանի բոցաշունչ խոսքը` ուղղված զինվորներին ու ծնողներին…
Թեպետ երիտասարդ է, բայց զգում ես, որ այս մարդը ունի կրակոտ հոգի, Արցախի մեր փառապանծ զինվորականության սերնդից է՝ անկոտրում, ձգտումներով լի, բանակին ու զինվորին նվիրված։
Զինվորները մարտական վարժանքներ են ցուցադրում նվագախմբի խրոխտ երաժշտության ներքո։
Ամանորին հինգ օր է մնում. զորանոցից հեռանալիս ուզում եմ գրկել, համբուրել ու շնորհավորել բոլոր զինվորներին ու սպաներին, ցանկանալ նրանց արեւշատություն ու հաղթական ծառայություն…
ԱՐԱՄ ՍԻՐՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #01 (917) 12.01.2012 – 18.01.2012, Բանակ և հասարակություն