ՎԱՐԺԱՆՔՆԵՐ՝ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՄԲ
Օրերս զորավարժարաններից մեկում, պատրաստության պլանի համաձայն, հերթական պատրաստությունն անցավ հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկը։ Սա ձմեռային վարժանքի առաջին փուլն էր։ Համաժամանակյա ներդաշնակ գործելաոճն այս ստորաբաժանման համար պարտադիր է, իսկ դժվարություններն ու արգելքները միասին և ակնթարթների ընթացքում հաղթահարելը՝ անհրաժեշտություն։ Խումբը մեկ առ մեկ անցավ արգելագոտիները, հաղթահարեց նույնիսկ անհաղթահարելի թվացող դժվարությունները: Խմբի յուրաքանչյուր անդամ գիտի այն առաջնահերթությունները, որոնց շնորհիվ միայն հնարավոր կլինի հասնել հաջողության։ Վարժանքները լեռնային գոտում եզրափակվեցին ցուցադրական զորավարժությամբ։ Ըստ հարձակողական սցենարի՝ ականանետային ստորաբաժանումը հատուկ միջոցներով զինված մեքենաների և ուղղաթիռային կրակի աջակցությամբ հընթացս ոչնչացրեց երևացող թիրախները և ճանապարհ բացեց մյուս ստորաբաժանումների գործողությունների համար։ Դիպուկահարներն էլ դիրքավորվեցին յուրայինների առաջխաղացման անվտանգությունն ապահովելու համար:
Երկու կողմից առաջապահ ստորաբաժանումների կրակի տակ հայտնված ստորաբաժանումները ինտենսիվ կրակով մխրճվեցին ու հաջողությամբ ավարտեցին հատուկ գործողությունը։
Սցենարի համաձայն՝ այս վարժանքն իրականացվեց հետախուզական անօդաչու թռչող սարքերի օժանդակությամբ. դրանց միջոցով համակարգվեց ամբողջ գործողությունը։ Հատուկ նշանակության խմբի վարժանքին հետևող ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, բարձր գնահատելով վարժանքի մասնակիցների պատրաստությունը, ասաց.
-Վարժանքը գնահատում եմ լավ: Այո՛, ունենք անելիքներ, կան խնդիրներ, բացթողումներ, որոնք ուշադրության կենտրոնում պահելով և այսպիսի վարժանքներ իրականացնելով՝ հասնելու ենք առավելագույն բարձր գնահատականների, գերազանց արդյունքների:
Հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտավարամասնագիտական վարժանքներն ավարտվեցին։ Հաջորդիվ նախատեսվում է ավելի ընդգրկուն զորավարժություններ անցկացնել, այս անգամ ամբողջ զորամասի կազմով՝ նաև մյուս զորատեսակների ներգրավումով։
Սա բացառիկ հնարավորություն է անձնակազմի մարտունակությունն ամրապնդելու և պատրաստության աստիճանը բարձրացնելու համար:
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #42 (1464) 27.12.2022 - 29.12.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում