ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՌԱԶՄԱԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ
Նրանք են ամեն օր և անմիջական շփվում զինվորների հետ. զորքին տրված յուրաքանչյուր հրաման կատարում են հենց ստորաբաժանումների սկզբնական օղակները ղեկավարող սերժանտները: Այդ իսկ պատճառով վերջիններիս ներկայացվող մասնագիտամանկավարժական պահանջները իրենց նշանակությամբ բոլորովին էլ պակաս կարևոր չեն սպա հրամանատարներին ներկայացվող պահանջներից:
Զինվորն առաջին հերթին իր կենցաղային խնդիրների մասին տեղեկացնում է սերժանտին, ավելի հաճախ կիսվում հենց նրա հետ: Իր մասնագիտական խնդիրները հստակ և արդյունավետ կատարելու համար էլ նախևառաջ դիմում է սերժանտի օգնությանը: Այլ կերպ ասած՝ և՛ կենցաղային, և՛ ծառայողական խնդիրների կատարումը կապված է սերժանտի բարոյակամային և մասնագիտամանկավարժական վարպետությունից, ինչը պահանջում է, որ զինվորը լիովին վստահի սերժանտին և հակառակը:
Այս առումով սերժանտների՝ որպես կրտսեր հրամանատարների, պատրաստության խնդիրը դառնում է խիստ արդիական և նպատակային: Օրինակ՝ հրետանային անձնակազմին խնդիր է առաջադրվում հաշվարկներ կատարել ոչ միայն հրետանու սարքավորումներով, այլև իրականացնել համապատասխան հրանոթի ճիշտ տեղադրում և բացազատում: Բնականաբար, այս ամենի իրականացումը մարտկոցի կամ դասակի հրամանատարը առաջադրում է ընդհանուր առումով: Սակայն դրա առանձին տարրերի հղկում, վարժեցում կատարում է սերժանտը: Այլ կերպ՝ գիտելիքը հաղորդվում է դիվիզիոնի, մարտկոցի, դասակի հրամանատարների կողմից, իսկ հմտությունները ձևավորում է սերժանտը:
Սերժանտների պատրաստության գործին լրջագույն մասնագիտական մոտեցում ցուցաբերելու գործում դիպուկ էին սպարապետ Վազգեն Սարգսյանի մոտեցումները. «… Ուրախացնում է այն փաստը, որ սերժանտական ինստիտուտը ավելի ու ավելի է արմատավորվում մեր բանակում: Մեծանում է սերժանտի դերն ու նշանակությունը, հրամանատարները լրջորեն են զբաղվում սերժանտների ընտրությամբ և ուսուցմամբ, հասկանալով, որ լավ սերժանտը բանակի բջջի առողջացման գրավականն է»:
Զինված ուժերի բարեփոխումների նպատակներից է կրտսեր հրամանատարների պատրաստվածության մակարդակի որակական բարձրացումը առկա մարտահրավերներին դիմագրավելու, բանակին առաջադրված խնդիրների կատարման նպատակով, ինչի համար շատ կարևոր է իրավապես պատրաստված կրտսեր հրամանատարի դերը, որն ունակ լինի ինքնուրույն որոշումներ կայացնելու:
Կրտսեր հրամանատարների պատրաստման գործում լրջագույն խնդիր ունի նաև հասարակությունը: Վաղվա կրտսեր հրամանատարը երեկվա նախազորակոչային երիտասարդն է: Ուստի, նրա բարոյակամային և իմացական մակարդակի ապահովումը հասարակության, հատկապես ավագ դպրոցի խնդիրն է: Մեր վաղվա սերժանտը պետք է ունենա միջնակարգ կրթական մակարդակ, որպեսզի կարողանա հեշտությամբ յուրացնել անընդհատ բարդացող ռազմական տեխնիկան և հեշտությամբ սովորեցնի զինվորին: Սա հրամայական է, որի լուծումը հասարակությանն ու ազգինն է՝ բանակի հրամանատարությանը հավասար:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գնդապետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ստորաբաժանումների ամենօրյա ղեկավարման և ռազմաիրավական պատրաստության ամբիոնի պետ-սպա-իրավաբան
Խորագիր՝ #02 (1467) 18.01.2023 - 24.01.2023, Ազգային բանակ