ԽՈՍՔ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ
Հարգելի նորակոչիկներ: Իմ սիրելի եղբայրներ, այսօրվանից՝ իմ զինակից ընկերներ…
Այսօր արժանահիշատակ օր է ձեր կյանքում, քանի որ դուք կատարում եք ձեր առաջին քայլը իսկական տղամարդ դառնալու ճանապարհին: Լավագույն տղամարդը մեծագույն զինվորն է, որը պաշտպանում է իր հայրենիքը, իր սիրելիներին, որը պայքարում է հանուն իր երազանքների, նպատակների, հանուն խաղաղ երկնքի: Այդ ապագայի պատասխանատուն մենք ենք՝ ապագա զինվորներս: Այսօր մենք շատ երիտասարդ ենք՝ եռանդով ու ավյունով լի: Այդ ավյունն ի նպաստ դնենք մեր երկրի և մեր կայացմանը: Դառնանք իրապես անխոցելի առասպելական անպարտելի բանակ՝ այնպիսին, որ մեր մասին երգեր ու վեպեր գրեն, ինչպես մեր փառապանծ նախնիների մասին: Դառնանք հոմանիշ ազնիվ և հզոր պայքարի, անկոտրում ուժի և անսահման կամքի:
Մենք շատ երիտասարդ ենք, բայց մեր ճիշտ տեղում ենք՝ այստեղ ենք: Ուրեմն՝ լինենք այնպիսին, որ մեր դարավոր երկիրը միշտ հպարտանա մեզնով, որ ամեն հարկի տակ խմեն զինվորի կենացը պարծանքով, որ երեխաները կրկին երազեն զինվոր դառնալ, իսկ բոլոր գեղեցկուհի աղջիկները զինվորի համազգեստ տեսնելիս շտապեն իրենց համար հարսանյաց զգեստ կարելու:
ԴԱՎԻԹ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #02 (1467) 18.01.2023 - 24.01.2023, Ազգային բանակ