Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ԶԻՆՎՈՐՆ ԵՍ



ԴՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ԶԻՆՎՈՐՆ ԵՍՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ժողովրդական նկարիչ

 

Բարև, տղա՛ս: Այս զորակոչը քեզ համար է, վերջապես եկավ քո ժամը, քո առաքելության ժամը: Երբ լսում եմ զորակոչ բառը, անմիջապես միտքս գնում է անցյալ, հիշում եմ իմ բանակային տարիները: Հիշում եմ վերադարձս, երբ բառացիորեն փողոցում էի ապրում, քնում էի երկաթուղային կայարանի նստարաններին: Բայց լիքը երազանքներ ունեի, համարձակ նպատակներ, հավատով ու լավատեսությամբ էի նայում կյանքին:

Այսօր բանակ գնացող զինվորին ակամա համեմատում եմ ինձ հետ: Ես այնքան շուտ եմ զրկվել ծնողներից, որ համարյա չեմ հիշում նրանց: Որբատանն եմ մեծացել: Մի խոսքով՝ ո՛չ ինձ բանակ ճանապարհող կար, ո՛չ էլ վերադարձիս սպասող: Բայց ես բանակային կյանքի զրկանքները իմաստավորող ինչ-որ բան գտնում էի, որ կարողանամ հաղթահարել դժվարությունները: Փակում էի աչքերս ու ինձ պատկերացնում այնտեղ, որտեղ ուզում էի լինել: Դու էլ այդպես արա: Ես գիտեմ, թե դու ինչ ես ուզում. ուզում ես խաղաղ, պաշտպանված, արժանապատիվ, ուժեղ հայրենիք: Անհնար բան չի ուզածդ: Բայց այդ հայրենիքը ոչ ոք քեզ չի տալու, դու ես կառուցելու այն, դժվարությամբ ես կառուցելու, քայլ առ քայլ ես կառուցելու: Գոտիդ պինդ ձգիր ու հավատա ինքդ քեզ:

Դու քո պատմական հայրենիքում ես ապրում, որքան էլ թշնամին վայրահաչի, իր օտարածին անունները տա քո քաղաքներին ու գյուղերին, բանի տեղ մի՛ դիր: Բաց հին աշխարհի քարտեզները, տե՛ս, թե որտեղից ուր է ձգվում Արմենիան, զգա նախնիներիդ արյան կանչը, շոշափիր նրանց ոտնահետքերը քո հողին: Այդ ոտնահետքերը այրում են թշնամու ներբանները: Որքան էլ թշնամին փորձի մաքրել քո հետքերը քո պատմական հայրենիքից, չի կարող, հանգիստ եղիր, մեկ էլ մի անկյունից, հողի տակից դուրծ կպրծնի մի իր, մի տառ, մի անուն, որը ի լուր աշխարհի կհայտնի, թե ինչ ազգություն ունի այն երկիրը, որը քոնն է: Քո նախնիները մշակույթ են ստեղծել քո հողի վրա դարեդար, հայացրել, անվերադարձ դարձրել են քոնը: Մնացածը ժամանակավոր ու անցողիկ է: Պետականությունը կորցնելուց 600 տարի անց մենք մեր դրոշն ունեցանք, մեր օրհներգը, մեր նախագահն ու մեր պետությունը: 600 տարի քո նախնիները հավատացին ու պայքարեցին: Նրանց արյունն է քո երակներում, քո դեռ չծնված որդու, թոռան երակներում, հավատա քո նախնիներին:

Ով քեզ կասի, որ քո ավագ ընկերները պարտվել են 44-օրյա պատերազմում, քո թշնամին է, մեր թշնամին է: Հայ զինվորը աշխարհի ամենալավ զինվորն է: Երբեք նա այնքան խիզախ ու ինքնազոհ չի կռվել, որքան վերջին պատերազմում: Ու հայ զինվորը չի պարտվել: Քո ավագ ընկերները կռվել են թուրքական ինքնաթիռների դեմ, որի մի զարկը տասնյակ զինվորների կյանք է խլում, իսկ հողի վրա մեր 18 տարեկանների 10-15 հոգանոց խումբը պարտության է մատնել ադրբեջանցիների՝ Թուրքիայում ֆիզիկական ու հոգեբանական պատրաստություն անցած հատուկ ջոկատայինների 50-60 հոգանոց խմբին: Նրանց արյունն է քո երակներում: Հիշո՞ւմ ես էն կադրերը, երբ մեր Տարոն անունով տղան մեն-մենակ դուրս էր եկել ադրբեջանցիների ոհմակի դեմ ու զենքը վայր չէր դնում, թեև թշնամին խոստանում էր պահպանել նրա կյանքը: Դու էդ հերոսի զարմից ես: Հենց հասնես սահման, ինքդ քո հոգու մեջ կզգաս, որ հերոս ես:

Գլուխդ բարձր պահիր: Որովհետև, դու իրոք հաղթող ես: Մենք քեզնից պիտի սովորենք, թե ոնց հաղթենք:

ԴՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ԶԻՆՎՈՐՆ ԵՍՄեզ ուժ տուր: Քո ժողովուրդը քեզ է ապավինել: Նրան ասա, որ դու աներեր ես լինելու սահմանին: Գոտիդ պինդ ձգիր, որովհետև դժվար է լինելու: Կարող է՝ մրսես մի քիչ, կարող է՝ ամենահամով ճաշերը չուտես դիրքերում, կարող է՝ քնատեղդ մի քիչ չոր լինի, բան չկա: Դիմացի՛ր: Եթե Աստված էս առաքելությունը քեզ է տվել, ուրեմն՝ դու արժանի ես, դու յուրահատուկ ես: Ուրեմն՝ Աստված քեզ հավատացել է: Ես էլ եմ հավատում, տղա՛ս: Տե՛ս, ես ծաղիկներ եմ նկարում: Չհասկացողը կասի՝ էս անդարդն ով է: Բայց ես իմ հավատն եմ նկարում, քո հաղթանակն եմ նկարում՝ Քեզ եմ նկարում: Ես մի կտավ ունեմ, որը ծնվել է 44-օրյա պատերազմից հետո: Այն նվիրել եմ պատերազմում զոհված հերոսներից մեկին, որը բոլոր քաջերին է մարմնավորում: Հերոսը Երկնքից նայում է երկրի ծաղկունքին. սա է պատկերված նկարում: Նա վերածնվում է մեր զարթոնքի հետ: Տղա՛ս, մենք պարտք ունենք Հայրենիքին կյանքը նվիրաբերած հերոսների առաջ: Նրանք ամենաթանկն են տվել մեր կյանքի ու մեր Հայրենիքի ազատության համար: Ես անընդհատ զգում են նրանց հայացքը վերևից: Դու էլ զգա: Նրանք իրենց գործն արել-գնացել են, հիմա քո հերթն է: Հուսախաբ չանես նրանց: Չթողնես, որ նրանք տխրեն Վերևում: Չթողնես, որ նրանց երազանքները մեռնեն անվերադարձ: Քեզ լավ նայիր, տղա՛ս: Տաք հագիր, ցուրտ է: Խրամատով անցնելիս զրահաբաճկոնդ ու կասկադ չմոռանաս: Մենք քեզ սպասում ենք: Ու երբ քո մատը փուշ է մտնում, մենք կոտրվում ենք: Մեր ողնաշարը ճկվում է, հիշի՛ր դա: Մորդ հաճախ զանգիր: Զվարթ ձայնով խոսիր մորդ հետ: Երբ մայրերն ուրախ են, Երկիրը ուրախ է:

Հրամանատարներիդ կլսես: Նրանցից շատերը կենդանի լեգենդ են: Գիտես՝ քանի հոդված եմ կարդացել, թե ոնց են մարմնով փակել արկի ճանապարհը, որ չդիպչի զինվորին, ոնց են մտել կրակի դաշտ, որ փրկեն զինվորի կյանքը:

Եղբայր կլինես զինակից ընկերոջ համար: Հարազատի պես կխնամես: Հիվանդ կլինի, թույլ կլինի, տխուր կլինի՝ դու ապավեն կդառնաս նրան: Դուք իրարով եք ուժեղ: Իրար թևութիկունք եղեք, սիրեք իրար, շատ սիրեք: Էդ սերը ձեր ուժը բազմապատկելու է:

Դուք նույն համազգեստն եք կրում՝ հայկական բանակի համազգեստը: Ինչ բախտավորություն է սեփական բանակի համազգեստը կրել: Պաշտպանել սեփական Հայրենիքի սահմանը: Մենք կենսունակ ժողովուրդ ենք: Մեզ մի ոտնատեղ հող տուր, մի փոքրիկ հենարան տուր, ոտքի կկանգնենք ու ամեն ինչ կսկսենք զրոյից:

Հպարտ կկանգնես սահմանին. դու աշխարհի ամենալավ զինվորն ես, հաղթողի ոգով կկանգնես, ձիգ կկանգնես, բազուկդ կպրկես, զենքդ ամուր կսեղմես կրծքիդ: Մենք քեզ հետ ենք, տղա՛ս: Բարով զինվորացար:

 

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #03 (1468) 25.01.2023 - 31.01.2023, Բանակ և հասարակություն


27/01/2023