Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՀԱՆՈՒՆ ԳԱՂԱՓԱՐԻ



ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՀԱՆՈՒՆ ԳԱՂԱՓԱՐԻԴիրքում հերթափոխ է։ Հագնելով զրահաբաճկոններն ու վերցնելով զենքերը՝ զինվորները շտապում են փոխարինել ընկերներին։

Հերթափոխն առաջնորդում է դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Գևորգ Խաչատրյանը։ Նա շուրջ ութ տարի բնակվել է արտերկրում, սակայն ծառայության տարիքը լրանալուն պես անվարան եկել է պաշտպանելու հայրենի հողը։

-Խիղճս հանգիստ չէր լինի, եթե չգայի,- ասում է Գևորգը,- ու ինձ պես շատերն են եկել։ 21 ամիս է, ինչ ծառայում եմ. ծառայում եմ նաև այն տղաների հիշատակի համար, որ կռվել են հերոսաբար, զոհվել մեզ համար։

Ժամկետային պարտադիր զինծառայությունն ավարտող Գևորգը ասում է՝ ամեն առավոտ, երբ իրենց են հասնում գյուղի երեխաների ձայներն ու աքլորների կանչը, կամա թե ակամա վերհիշում է Վազգեն Սարգսյանի պատգամներից մեկը. «Կռվել գաղափա՛րի համար»։

-Մենք բոլորս այդ գաղափարի համար ենք այստեղ կանգնած։ Դա մեր երկիրն է, մեր ընտանիքները, մեր երեխաները, որոնց համար այսօր պատրաստ ենք պայքարելու թշնամու դեմ։

Դիտակետերից մեկում իրեն վստահված հատվածի անվտանգությունն է հսկում Գերասիմը։ 11 եղբայր և քույր ունեցող զինվորը շեշտում է՝ իր համար պատվի և արժանապատվության հարց է ծառայած ավագ եղբայրներից հետ չմնալը։

-Հինգ ավագ եղբայրներս արդեն կատարել են իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ,- ասում է Գերասիմը,- հիմա իմ հերթն է:

Այս դիրքում մարտական ծառայություն է իրականացնում նաև Հրանտը։ Պատմում է, թե ինչպես 44-օրյա պատերազմի առաջին օրերին, պինդ գրկելով իրեն ու քրոջը, հայրը կամավոր մեկնեց պաշտպանելու Հայրենիքն ու իրենց ընտանիքը։ Այժմ էլ հերթն իրենն է՝ ապացուցելու, որ պտուղը ծառից հեռու չի ընկել։

-Շուտով ավարտելու եմ ծառայությունս, մեկ ամիս է մնացել, բայց, Աստված չանի, եթե ինչ-որ պահի մարտական գործողությունները վերսկսվեն, ես էլ, հայրս էլ պատրաստ ենք նորից մեր Հայրենիքի, մեր հող ու ջրի համար գալ ու կռվել։ Կռվել մեր անկախության, ազատության, մեր քույրերի, մեր մայրերի համար։

-Իմ անձնակազմի վրա վստահ եմ հարյուր տոկոսով և նույնիսկ ավելին,- հպարտությամբ ասում է դիրքի ավագ, սերժանտ Գևորգ Խաչատրյանը,- նրանց հայրենասիրությունը ամեն օր տեսնելով՝ վստահ եմ, որ ամեն վայրկյան պատրաստ են պաշտպանելու այս հողն ու ջուրը:

Խոսելով շուրջօրյա մարտական ծառայության մասին՝ զինվորներն անկեղծանում են. կյանքում կան բաներ, որոնց իրական արժեքն ու իմաստը հնարավոր է ընկալել արևածագը սահմանին դիմավորելուց հետո միայն։

-Երբ մարդիկ հանգցնում են գյուղի լույսերը, իրենց հանգիստն են վայելում՝ վստահ, որ մենք այստեղ կանգնած ենք՝ ես ու իմ ընկերները, սա մեզ համար անբացատրելի մի զգացողություն է, անփոխարինելի, թանկ ու կարևոր,- ասում է Ռաֆայել Սարգսյանը։

-Հասկանում ես, որ նրանք մեզ են ապավինում, ու դա մեզ մեծ զգոնություն է հաղորդում,- ընկերոջն է միանում Ալեն Սողոմոնյանը։

-Այնպես չէ, որ հեշտ է գիշերը, ցրտին դիրքում կանգնելը,- հավելում է Անտոն Օհանյանը,- բայց, երբ գիտես՝ ինչի համար ես կանգնած, անկախ քեզնից, ամեն ինչ շատ ավելի հեշտ է դառնում։

Վերջում, բոլորիս անդորրը գիշեր-ցերեկ հսկող զինվորներից Ալենը «Հայ զինվորի» միջոցով շնորհավորեց սիրելի մայրիկի ծնունդը:

-Մա՛մ ջան, շնորհավորում եմ ծնունդդ, քեզ ամենալավ բաներն եմ ցանկանում. լինես առողջ, երջանիկ։ Շատ եմ կարոտել, բայց ծառայությանս ավարտին բան չի մնացել, կծառայեմ ու անփորձանք կհասնեմ ձեզ։

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #03 (1468) 25.01.2023 - 31.01.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/01/2023