ՊԱՏՎՈ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՎԱՇՏ-30
Հայկական բանակի պատվո պահակային վաշտը ոչ միայն զինված ուժերի, այլև պետության հզորության առհավատչյան է, նրա այցեքարտը։ Չէ որ պատվո պահակախումբն է մասնակցում օտարերկրյա պետությունների ղեկավարների դիմավորման և ճանապարհման միջոցառումներին, առանց նրա մասնակցության չի նշվում պետության, բանակի համար կարևոր և ոչ մի միջոցառում։
Օրնիբուն՝ չորսից հինգ ժամ քրտնաջան ու լարված վարժանքներ շարահրապարակում` անկախ եղանակային պայմաններից, ամեն շարժման ու վարժության մանրակրկիտ մշակում և հղկում և, որ ամենակարևորն է` զինվորական կարգապահություն։
Պատվո պահակախմբի յուրաքանչյուր զինվոր ու սպա գիտակցում է այն մեծ վստահությունն ու պատասխանատվությունը, որ ընկած է իր ուսերին։
Պատվո պահակախմբի տղաների մարտական զենքով ներկայացրած զինվորական գեղեցիկ ցուցադրությունը, որը հայտնի է «Դեֆիլե» անվամբ, անջնջելիորեն մնացել է մարդկանց հիշողության մեջ: Մեզ անծանոթ այս եզրույթը, որը հայերեն թարգմանվում է շարանցում, իր կատարման բարդությամբ ու գեղեցկությամբ թերևս լիարժեք չի արտահայտում զինվորական փոքրիկ «ներկայացման» ամբողջ դիտարժանությունը, որ հիացմունքի ու ցնծության պահեր պարգևեց բոլորիս։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #03 (1468) 25.01.2023 - 31.01.2023, Ազգային բանակ