40-ԱՄՅԱ ՏԱՐԵԴԱՐՁ՝ ԱՌԱՆՑ ՀԵՐՈՍԻ
Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում նշեցին մերօրյա հերոսներից մեկի՝ Անդրանիկ Շահնազարյանի ծննդյան 40-ամյակը։ Անդրանիկն իր մարտական ընկերների՝ Հարություն Անդրեասյանի, Սարգիս Հարությունյանի, Արմեն Մարտիրոսյանի, Սմբատ Ավետիսյանի, Ռոման Մարգարյանի, Հարություն Մկրտչյանի, Գևորգ Արշակյանի եւ Գարիկ Բարսեղյանի հետ մարտիրոսվեց Արցախյան 44-օրյա պատերազմում:
Անհավասար կռվում արմավիրցի հերոսները դարձան մահապարտներ։ Նրանք հերոսաբար կռվեցին իրենցից բազմապատիկ ավելի հատուկ ջոկատայինների դեմ՝ պատճառելով մեծ կորուստներ: Մի ամբողջ օր կռվեցին ու զոհվեցին հերոսաբար։ Ցուցաբերած խիզախության համար տղաները հետմահու արժանացել են «Արիության համար» մեդալի: Հարազատների պատմելով՝ թշնամին զարմացել է, երբ իմացել է, որ իրենց դեմ կռվել է 9 հոգանոց մի ջոկ։
Արմավիրի մարզի Տանձուտ գյուղից 44-օրյա պատերազմում զոհվեցին նաեւ 43-ամյա կամավորական Կարեն Գրիգորյանն ու 28-ամյա կապիտան Աղասի Միքայելյանը:
Տանձուտի Սբ. Սահակ եկեղեցու հարեւանությամբ, Մեծ հայրենականում նահատակված տանձուտցիների հուշահամալիրում բացվել է նաև Արցախյան պատերազմներում և 44-օրյայում նահատակվածների հուշակոթողը, ուր միշտ թարմ ծաղիկներ են…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #04 (1469) 01.02.2023 - 07.02.2023, Ճակատագրեր