Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ԱԿՈՒՆՔՆԵՐԸ



ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ԱԿՈՒՆՔՆԵՐԸ«Հայ զինվորի» հյուրասրահում ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գնունին է

 

Երևանի տարածքը բնակեցված է եղել ամենավաղնջական ժամանակներից: Այն գտնվում է բնակության համար մի կատարյալ վայրում՝ նախալեռների և հարթավայրերի սահմանին: Նման նպաստավոր դիրքը հնագույն մարդը չէր կարող աչքաթող անել: Երևանի տարածքում հայտնաբերվել են հնագիտական նյութեր, որոնք վերաբերում են դեռևս պալեոլիթյան ժամանակաշրջանին: Դրանցից են, մասնավորապես, Մուշավան-1 կայանը և մեր հանրությանն ավելի լավ հայտնի Երևան-1 քարայրը: Այստեղ Բենիկ Երիցյանի՝ տասնամյակներ տևած պեղումների շնորհիվ հայտնաբերվել են տասնյակ հազարավոր աշխատանքային գործիքներ, որոնք թույլ են տալիս խոսել հնագույն մարդկանց ապրելակերպի մասին: Մասնավորապես՝ քարայրի բոլոր շերտերում հայտնաբերվել են օջախի մնացորդներ, որոնք վկայում են, որ եղանակը մեզանից մոտավորապես 45-50 հազար տարի առաջ շատ ավելի խստաշունչ էր: Հարկ է մի շատ հետաքրքիր հանգամանք ևս նշել: Պարզվում է, որ այն հումքը, որ օգտագործվում էր քարե գործիքներ պատրաստելու համար, բերվում էր մոտավորապես 40-50 կմ հեռավորության վրա գտնվող քարհանքերից: Խոսքը հիմնականում վանակատի և դացիտի հանքավայրերին է վերաբերում, որոնք համընկնում են այսօր մեզ հայտնի Սևանի Ջրաբեր, Նուռնուս և ավելի հեռու ընկած բնակավայրերին: Այս փաստը վկայում է, որ դեռևս այդ ժամանակաշրջանում տարածքի յուրացման արեալը բավականին ընդարձակ էր: Հայտնաբերվել են նաև վաղ բրոնզի շրջանին վերաբերող (4-րդ հազարամյակի կեսերից մինչև 3-րդ հազարամյակի երկրորդ քառորդը) նյութեր: Դա առաջին հերթին նորաբաց բնակատեղին է՝ Ներքին Չարբախի տարածքում և իհարկե՝ Շենգավիթը: Շենգավիթը բացառիկ նշանակություն ունի Երևանի հնագիտության համար, քանի որ այն այս տարածքի խոշորագույն հնագույն բնակավայրերից է: Եվ պատահական չէ Շենգավիթի նման բուռն ծաղկումն ու բարգավաճումը, ինչի մասին վկայում են այստեղից պեղված նյութերը: Նախ և առաջ՝ այն իդեալական տարածք էր հողագործության համար: Շենգավիթը՝ քիչ հեռու նաև Կարմիր բլուրը, այն տարածքն է, որտեղ Հրազդանը կիրճից դուրս է գալիս դեպի հարթավայր: Ստեփան Եսայանի ենթադրությամբ՝ այնտեղ, որտեղ այժմ Երևանյան լիճն է, հավանաբար կառուցված էին ամբարտակներ: Այն, որ արդեն երրորդ հազարամյակում ամբարտակներ են կառուցվել, մենք բավականաչափ հստակ կարող ենք փաստել Էջմիածնից ոչ հեռու գտնվող Մոխրաբլուրի բնակավայրի օրինակով, որտեղ մասնավորապես հայտնաբերվել են պատվարներ, որոնք ապահովում էին մոտ 100 հեկտար հողատարածքի ոռոգումը: Ենթադրվում է, որ նման ամբարտակներ կարող էին լինել նաև Շենգավիթում: Սա մերկապարանոց պնդում չէ, քանի որ այստեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ լճային ձկների, ինչպես նաև կուղբի ոսկորների մնացորդներ: Շենգավիթում գտնվել են մեծ քանակությամբ ցորենի շտեմարան-հորեր, որոնք մեծաթիվ մարդկանց ապահովել են սննդով: Շենգավիթը նաև արհեստագործական կենտրոն է եղել: Այստեղ հայտնաբերվել են քարագործական, պղնձագործական արհեստանոցներ: Հնագետ Հակոբ Սիմոնյանի ենթադրությամբ՝ այստեղ շատ ավելի մեծ քանակությամբ պղինձ էր ձուլվում, քան անհրաժեշտ էր բնակավայրի կարիքների համար: Ուստի, մեծ հավանականությամբ, Շենգավիթից այդ պղինձը այս կամ այն կերպ արտահանվում էր նաև այլ բնակավայրեր: Նման խոշոր արհեստագործական կենտրոնի առաջացումը, որի մոտակայքում կարծես թե պղնձի հանքեր չկան, իհարկե, պատահական չէր. Շենգավիթը գտնվում էր առևտրական ճանապարհների խաչմերուկում:

Շենգավիթի հուշարձանը հայտնի է արդեն բազում տասնամյակներ: Առաջինն այս հնավայրը 1937-1938 թթ. հետազոտել է ականավոր հայ հնագետ Եվգենի Բայբուրթյանը: Ցավոք, 1938 թթ. Բայբուրթյանը բռնադատվում է, և նրա աշխատանքները որոշակի ժամանակ մոռացության են մատնվում: Անգամ այն հնագետները, որոնք այս կամ այն կերպ օգտագործում էին նրա ուսումնասիրած նյութերը, խուսափում էին գիտնականի անունը հիշատակելուց՝ նշելով միայն նրա գրքի վերնագիրը: Իսկ Շենգավիթի արշավախումբն իսկապես հիշատակման արժանի է, և ոչ միայն զուտ հայտնաբերած պեղածոների առումով: Այն առաջիններից էր, որ կրում էր միջմասնագիտական բնույթ: Այսպիսի արշավախումբը մեծ պատիվ կներկայացներ անգամ այսօրվա ցանկացած հուշարձանի պեղումների համար: Դրանում ներգրավված էին հրաշալի հնաբուսաբաններ, գենետիկայի մասնագետներ: Շենգավիթի խեցեղենը մշակվում էր գեոֆիզիկայի ինստիտուտում: Կարելի է վստահորեն ասել, որ Շենգավիթի արշավախումբը մի քանի քայլ առաջ էր իր ժամանակներից: Պեղումների ընթացքում հնավայր այցելեցին բազմաթիվ ականավոր գիտնականներ: Մասնավորապես՝ 1936 թ. Շենգավիթ այցելել է խեթագիտության հայրերից մեկը՝ չեխ խեթագետ, արևելագետ Վեդրժիխ Հրոզնին: Առաջին անգամ Բայբուրթյանի ազգանունը տալիս է Բորիս Պիոտրովսկին 1949 թ., ինչը, կարելի է ասել, մեծ խիզախություն էր պահանջում:

1958 թ.-ից Շենգավիթի պեղումները վերսկսում է Սանդրո Սարդարյանը: Նրան հաջողվում է ոչ միայն բավականին ընդարձակ տարածքով պեղել հուշարձանը, այլև վերջինս և դրա նշանակությունը ընկալելի դարձնել հանրությանը:

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ԱԿՈՒՆՔՆԵՐԸ1990-ականներից առ այսօր այս հնավայրը պեղում է հնագետ Հակոբ Սիմոնյանը: Վերջին տասնամյակների պեղումների ընթացքում բացահայտվեցին կարևորագույն հուշարձաններ, այդ թվում նաև սրբատեղին: Խոսելով Շենգավիթի տնտեսական հզորության մասին՝ պետք է ասել, որ այն տարածքներում, որտեղ գտնվում են Շենգավիթի հուշարձանը և հարևան բլուրները՝ Եռաբլուրը, Կարմիր բլուրը, աղի նստվածքները շատ մոտ են գետնի մակերևույթին: Ըստ Հակոբ Սիմոնյանի՝ աղն էլ լինելով ամենապահանջված ապրանքը աշխարհում, հանդիսացել է բնակավայրի հզորության կարևոր գործոններից մեկը: Որպես հնագույն բնակատեղի՝ Շենգավիթը միակը չէր Երևանում: Վաղ բրոնզեդարյան նյութեր հայտնաբերվել են նաև Երևանի այլ հատվածներում, մասնավորապես՝ Հրազդան գետի երկայնքում գտնվող քարանձավներում:

1936 թ.-ին Եվգենի Բայբուրթյանը նախաձեռնեց մեկ այլ հուշարձանի՝ Երևանի երկաթուղային կայարանից ոչ հեռու գտնվող Մուխանաթ թափա բնակավայրի պեղումները: Բլուրն իր այս անունը ստացել է 19-րդ դարի սկզբներին, երբ ռուսական զորքերը գրոհում են Երևանը և այդտեղ տեղադրել էին  թնդանոթ ու գնդակոծում էին ամրոցի պարիսպները: Պարսիկները այդ բլուրն անվանել էին Մուխանաթ թափա՝ չար բլուր: Այստեղ հայտնաբերվել են վաղ բրոնզե դարին վերաբերող նյութեր, բայց շատ ավելի հետաքրքիր է, որ այստեղ կա նաև միջին բրոնզեդարյան բնակատեղի, որի կենտրոնական գագաթամերձ հատվածում Բայբուրթյանը պեղել է կլոր հատակագծով մի կառույց, որը նա համարում է սրբատեղի: Վաղ բրոնզեդարյան նյութեր հայտնաբերվել են նաև Երևանի այլ հատվածներում՝ մասնավորապես Հրազդան գետի երկայնքում գտնվող քարանձավներում: Միջին բրոնզի դարը, այսինքն՝ սկսած 3-րդ հազարամյակի 2-րդ կեսից մինչև 2-րդ հազարամյակի կեսը, ներկայացված է Երևանի տարածքում գտնվող մի շարք հուշարձաններով: Բացի նշված Մուխանաթ թափայից, հայտնաբերվել են միջին բրոնզեդարյան մի շարք դամբարանային հուշարձաններ: Մասնավորապես՝ դամբարաններ են հայտնաբերվել Զեյթունի Կիրզա թաղամասում: Միջին բրոնզե դարաշրջանին բնորոշ նյութեր հայտնաբերվել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցման ժամանակ:  Երևանից ոչ հեռու՝ գործնականում Երևանի սահմաններում, հարկ է խոսել հանգուցային Կարմիր բերդ դամբարանադաշտի և մի փոքր ավելի ուշ շրջանի բնակավայրի մասին: Ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանը քաղաքի համար որոշակի ծաղման ժամանակաշրջան էր: Ինչո՞վ էր դա պայմանավորված: Այս ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը ծածկվում է ամրոցների խիտ ցանցով, որոնք պետք է իրար հետ տեսողական կապի մեջ գտնվեին: Յուրաքանչյուր փոքր տարածաշրջանում ձևավորվում է որոշակի պաշտպանական գոտի: Երևանի տարածքում այս ժամանակաշրջանում մի քանի հանգուցային բնակատեղիներ են հանդես գալիս: Առաջինը հարկ է խոսել Կարմիր բլուրի նախաուրարտական շրջանի բնակատեղիի, այնուհետև՝ Ծիծեռնակաբերդի, Մուխանաթ թափայի մասին, որտեղ կային վաղ երկաթեդարյան հուշարձաններ: Ծիծեռնակաբերդի ձորամերձ շրջանում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև Կիկլոպյան խոշոր ամրոցի հետքերը ու շատ հետաքրքիր խեցեղեն: Ի դեպ, ասեմ, որ այս հուշարձանը գոյատևել է բավականաչափ երկար: Այնտեղ կան խոշոր դամբարաններ, որոնցից մեկն ընկնում է հենց բարձր լարման սյան տակ: Այնտեղ ունենք նաև պաշտամունքային աշտարակներ, որոնք հայտնի էին դեռևս 1920-ական թվականներին: Եվ վերջապես այնտեղ կա նաև ամրոց, որը վերակառուցվելով գոյատևել է՝ սկսած վաղ երկաթի դարաշրջանից (2-րդ հազարամյակի վերջից) մինչև ուշ միջնադար: Ավելին, մենք Ծիծեռնակաբերդի առումով նաև գրավոր վկայություն ունենք բյուզանդական աղբյուրներում, որ ամրոցը 11-րդ դարում պաշարվել է բյուզանդացիների կողմից: Ականավոր հայ հնագետ, երջանկահիշատակ Հայկ Հակոբյանը իր խոշոր գրականագետ և Խաչատուր Աբովյանի հրաշալի մասնագետ հոր՝ Պիոն Հակոբյանի վկայություններից պատմում էր, որ այս ամրոցի մասին գիտեր դեռևս Խաչատուր Աբովյանը և իր աշակերտներին հաճախ տանում էր տեսնելու մեր նախնիների փառքը: Ծիծեռնակաբերդի պեղումների ժամանակ հայտնաբերվել են վկայություններ, որ ամրոցը գրոհել են, և այն ամենայն հավանականությամբ գրավվել ու հրկիզվել է ուրարտացիների օրոք: Սակայն հետագայում վերականգնվել է, և մենք այստեղ ունենք անտիկ ժամանակաշրջանին վերաբերող բավականաչափ լուրջ շերտ և նույնիսկ անտիկ ժամանակաշրջանի մի քանի կուռք: Ծիծեռնակաբերդն ու Կարմիր բլուրը միակը չէին Երևանի տարածքում: Եվս մի ամրոց է հայտնի՝ Ձորաբերդ 2-ը՝ ներկայիս Մերգելյանի անվ. ինստիտուտի մերձակայքում:

Փաստորեն, այսօրվա Երևանը իրենից ներկայացնում էր մի ամփոփ պաշտպանական շրջան: Եվ կրկին նշեմ՝ սա շատ բնական է, քանի որ մի կողմից այդ ամրոցները պաշտպանում էին Արարատյան դաշտի մուտքը՝ դարպասները, մյուս կողմից՝ դրանք ապահովում էին դեպի նախալեռներ՝ մասնավորապես՝ Կոտայքի սարահարթ և այնուհետև՝ դեպի Սևան տանող ճանապարհները: Երևանը ռազմավարական կարևոր մի հանգույց էր, և քաղաքն իր այդ նշանակությունը պահպանեց դարեր շարունակ: Մասնավորապես՝ եթե մենք խոսում ենք միջնադարի մասին, ապա պետք է նաև հիշենք հայազգի պատմիչ Սեբեոս եպիսկոպոս Բագրատունու այն վկայությունը (6-7-րդ դար), որ հենց Երևանում արաբական երկու ջոկատներ, որ Հայաստան էին ներխուժել և պետք է միավորվեին, անհաջողության մատնվեցին և ջախջախվեցին: Այսինքն՝ քաղաքը պաշտպանական բավականաչափ լավ ենթակառուցվածք ուներ:

Երևանի զարգացման հաջորդ փուլը Ուրարտական ժամանակաշրջանն էր (մ.թ.ա. 9-6-րդ դարեր), երբ հիմնադրվում է բուն քաղաքը՝ Էրեբունի-Երևանը: Քաղաքի անվան ծագման վերաբերյալ տարբեր տեսակետներ կան, որոնց մասին քիչ անց կխոսեմ: Արարատյան դաշտում Վանի թագավորության տիրակալներն առաջին անգամ հայտնվում են դեռևս Մենուայի և Իշպուինիի համատեղ գահակալման ընթացքում, ինչի մասին վկայում է Նախիջևանի Օձաբերդի արձանագրությունը: Մենուայի գահակալման օրոք սկսվում է Արարատյան դաշտավայրի ծրագրավորված գրավումը:

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ԱԿՈՒՆՔՆԵՐԸԴեպի Արարատյան դաշտավայր գրոհի առաջին կետը, որ պետք է գրավեին, մի փոքրիկ ամրոց էր, որը միջնադարյան մեր աղբյուրներում հիշատակվում է որպես Ցոլակերտ քաղաք: Այն փռված էր Արարատի լանջերին՝ անտիկ Արտաշատ քաղաքի տարածքում, որտեղից արդեն ուղիղ ճանապարհ է բացվում դեպի Արարատյան դաշտ:

Ուրարտացիները վարում էին բավականաչափ ճկուն և՛ հողային, և՛ վարչական, և՛ կրոնական քաղաքականություն: Այն տարածքներում, որտեղ դիմադրության էին հանդիպում բնակչության կողմից, բավականաչափ կոշտ էին վարվում, սակայն, եթե նրանք կամավոր ընդունում էին Ուրարտուի գերագահությունը, բնակատեղին չէր ավերվում: Այսպես եղավ, դիցուք, հենց Ցոլակերտ բերդաքաղաքի գրավման ժամանակ: Նոր գրավված տարածքներում հավանաբար դեռևս Մենուայի օրոք կառուցվում է ամրոց հին Արտաշատի տեղում: Նրան հաջորդողը՝ Արգիշտին, ճանապարհների կարևոր հանգույցում կառուցում է մեկ այլ ամրոց՝ Էրեբունին: Խոսենք նաև Էրեբունի անվանման մասին: Հետաքրքիր տեսակետ է արտահայտում ականավոր սեպագրագետ Հովհաննես Կարագյոզյանը, որ Էրեբունի անվանումը դիտարկում է որպես երկու բառի միավորում՝ «եր» և «բոն» կամ «բուն»՝ ելնելով այն հանգամանքից, որ Էրեբունիում բնակեցվել էին Խատե և Ծուպանե (Ծոփք և Փոքր Հայք) երկրների բնակիչները, Կարագյոզյանը այդ բառը ստուգաբանում է հնդեվրոպական լեզուների տրամաբանությամբ: «Եր»-ը երջանիկ, երանելի բառերի հիմքն է, իսկ «բուն» կամ «բոն» նշանակում է շեն, բնակավայր:  Նա հիշեցնում է, որ հին ժամանակներում կար սովորություն, որ տվյալ տարածքում հիմնվող առաջին քաղաքը անվանվում էր երջանիկ քաղաք:

Էրեբունին երկար ժամանակով չմնաց տարածաշրջանի միակ քաղաքը: Արդեն Արգիշտիի թագավորության շրջանում՝ 10 տարի անց, Արարատյան դաշտավայրում կառուցվեց տարածաշրջանի խոշորագույն բնակավայրերից մեկը՝ Արգիշտիխինիլի քաղաքը՝ այսօրվա Արմավիրը: Հավանաբար արդեն Արգիշտիի ժամանակաշրջանում սկսում է ձևավորվել Արարատյան դաշտը՝ որպես ընդհանուր պաշտպանական գոտի: Դաշտը օղակող բլուրներն ամբողջությամբ ծածկվում են ամրոցների ցանցով, որոնք կոչված էին ապահովելու Արարատյան դաշտի և դեպի Սևանի ավազան, անգամ մինչև Սյունիք հիմնական ճանապարհների անվտանգությունը: Արարատյան դաշտը Վանի տիրակալների համար ձեռք էր բերում առաջնահերթ նշանակություն: Երևանի տարածքում կառուցվում է ևս մեկ խոշոր բնակավայր՝ Կարմիր բլուրը:

 

Շարունակելի

Զրուցեց և պատրաստեց ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #06 (1471) 15.02.2023 - 21.02.2023, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


17/02/2023