Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾՆՆԴԱՎԱՅՐԻՑ ԱՆԲԱԺԱՆ



ԾՆՆԴԱՎԱՅՐԻՑ ԱՆԲԱԺԱՆԷրիկ Պողոսյանը Տավուշի մարզի Տավուշ գյուղից է, ընտանիքի միակ արու զավակը: Հայրը՝ մայոր Մխիթար Պողոսյանը, ծառայում է սահմանամերձ զորամասում: Էրիկ Պողոսյանը վերջերս է զորակոչվել և ծառայելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: Էրիկը որոշել է՝ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո չի զորացրվելու, դառնալու է պայմանագրային զինծառայող և շարունակելու է պաշտպանել հայրենիքի սահմանները: Ես նրա հետ զրուցեցի անմիջապես երդման արարողությունից հետո:

-Էրի՛կ ջան, շնորհավորում եմ զինվորական երդման ու զինվորանալուդ կապակցությամբ: Եվ ուզում եմ մեր զրույցն սկսել քո զինվորական ծառայության առաջին ամսվա տպավորություններից:

-Շնորհակալ եմ: Ամենատպավորիչը, իհարկե, երդման արարողությունն էր: Դու բարձրաձայն խոստովանում ես, որ Հայրենիքը կյանքից թանկ է քեզ համար ու ստանձնում ես այդ խոսքերից բխող ամբողջ պատասխանատվությունը: Շուտով կգնամ առաջնագիծ: Ես սահմանամերձ մարզից եմ, բացի դրանից, զինվորական հորս հետ հաճախ եմ գնացել զորամաս, իսկ 2020 թվականի հուլիսյան մարտական գործողությունների ժամանակ՝ որպես կամավորական, եղել եմ դիրքերում, օգնել եմ զինվորներին ու սպաներին, բայց երբեք այսպիսի պատասխանատվություն չեմ զգացել հայրենիքի հանդեպ:

-Քո խոսքերից հետո մի քիչ դժվար է վերադառնալ կենցաղային թեմաների, բայց հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ պայմաններում է անցել ծառայությանդ առաջին ամիսը: Զորամասը նորո՞գ է, լա՞վ է տաքացվում, արդյոք ունե՞ք բոլոր անհրաժեշտ հիգիենայի պարագաները, հագուստը հարմա՞ր է, սնունդը համո՞վ է:

-Մեր զորամասում ոչ մի քանդված կամ թափթփված անկյուն չես գտնի: Զորանոցները մաքուր են ու տաք: Ինձ համար հիգիենան շատ կարևոր է, ուրախությամբ պիտի ասեմ, որ սպիտակեղենը ժամանակին փոխում են, բավարար քանակությամբ ատամի մածուկ և օճառ ունենք: Զինվորական հագուստը տաք է ու հարմարավետ: Իսկ սնունդը, կարելի է ասել, շատ լավ է: Այնքան շատ ու բազմազան կերակուրներ են տալիս, որ ամբողջը հնարավոր չէ ուտել:

-Ասում են՝ պատերազմով անցած բանակները միջանձնային հարաբերությունների խնդիր են ունենում: Եվ որոշակի ջանքեր են պետք ՝ լարվածությունը մեղմելու, կանոնադրային հարաբերություններ հաստատելու համար:

-Գուցե անցած տարիներին նման խնդիր եղել է, չգիտեմ, հիմա ամեն ինչ հարթ է, ես լարվածություն չեմ զգացել. հրամանատարները խաղաղ են, հարգալից… Բնականաբար, զինվորները նույնպես հաշտ են միմյանց հետ: Ընկճվածություն չկա: Ես դեռ Տավուշում բազմաթիվ հերոսական պատմություններ եմ լսել մեր զինվորների ու սպաների անհավանական քաջագործությունների մասին: Անկեղծ ասած՝ զորամասում այնպիսի ոգեղենություն կա, ասես՝ այս պատերազմում մենք ենք հաղթել: Մեր բանակը այսքան մեծ հարվածից հետո չծնկեց, որովհետև ինքն իր ուժը տեսավ ռազմաճակատում:

-Ինչո՞ւ որոշեցիր ծառայել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով:

-Շատ շահավետ ծրագիր է: Նախ՝ ամենամսյա աշխատավարձ եմ ստանալու, ծառայության վերջում էլ՝ միանվագ գումար: Հետո՝ ինքս եմ ընտրելու ծառայության վայրը:

-Բայց 2-ի փոխարեն 5 տարի ես սահման պահելու:

ԾՆՆԴԱՎԱՅՐԻՑ ԱՆԲԱԺԱՆ-Ես որոշել եմ զինվորական դառնալ, այսինքն՝ ոչ թե 5 տարի, այլ շատ ավելի երկար ժամանակ պիտի սահման պահեմ: Մի լավ դրույթ էլ կա օրենքում: Պիտի քննություն հանձնենք՝ եթե գերազանց արդյունք ցույց տանք, շատ բարձր դրամական բավարարում ենք ստանալու, եթե ոչ, վճարվելու ենք պայմանագրայինի չափ: Հիմա ես եռանդով պարապում եմ, որ բարձր դրամական բավարարում ունենամ, արդյունքում՝ շատ լավ սովորում եմ զինվորական գործը:

-Ի՞նչ ես սովորել մինչև հիմա:

-Մարտավարության դասին սովորել եմ հաստիքային զենքս քանդել, հավաքել, կրակել: Շարային պատրաստությանն եմ տիրապետում, ֆիզիկական պատրաստությունս եմ բարելավել:

-Դժվա՞ր է:

-Չէ՛, ես գյուղի տղա եմ, ֆիզիկական աշխատանքի սովոր: Ինձ համար ամեն ինչ շատ հեշտ է: Ես գյուղում ավելի վաղ էի արթնանում, քան բանակում: Ֆիզիկապես ավելի ծանրաբեռնված էի:

-Ի՞նչ կպատմես քո գյուղի մասին: Երիտասարդները հնարավորություն ունե՞ն գյուղի հետ կապելու իրենց ապագան:

-Տավուշը անտառներով շրջապատված չքնաղ գյուղ է, մոտ հազար բնակիչ ունի, դպրոցում 300-350 աշակերտ կա: Գյուղի մշակույթի տանը երեխաներն ու մեծերը սովորում են դերձակություն, հաճախում են պարի խմբակ, ըմբշամարտ են պարապում: Մայրաքաղաքից զանազան գեղարվեստական խմբեր են գալիս ու ելույթ ունենում մշակույթի տանը: Գյուղում թեյի գործարան կա:

-Էրի՛կ ջան, կարո՞ղ է՝ քո երազանքները իրականության տեղ ես պատմում. ի՞նչ թեյի գործարան:

-Մեր խոտաբույսերը կարող եք գնել մայրաքաղաքի խանութներում, դրանք մեր գյուղի գործարանում են վերամշակվում: Գյուղացիները զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, մի քանի տասնյակ մարդ էլ, այդ թվում՝ իմ մայրը, թեյի գործարանում են աշխատում:

-Քեզ համար քո ապագան ուրվագծվա՞ծ է արդեն:

-Այն անբաժան է իմ ծննդավայրից:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #06 (1471) 15.02.2023 - 21.02.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/02/2023