ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զինված ուժերում ներդրվել է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրայինի անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց»:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնել պայմանագրային զինծառայության։
Ծառայության ժամկետը հինգ տարի է, այդ ընթացքում ծրագրի մասնակիցը կստանա աշխատավարձ՝ օգտվելով պայմանագրային զինծառայողի համար նախատեսված արտոնություններից, կունենա աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն, եթե ատեստավորում անցնի, իսկ ծրագրի ավարտին էլ կստանա 5 միլիոն դրամ պատվովճար:
Եթե ժամկետայինը պայմանագիր է ստորագրում ու անցնում վճարովի ծառայության, բայց ընթացքում որոշում է հրաժարվել այս ծրագրով ծառայելուց, ապա պայմանագրային ծառայության այդ ժամկետը չի հաշվարկվի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, եւ զինծառայողը կշարունակի պարտադիր ծառայության չծառայած մասը։
«Հայ զինվորը» շարունակում է հարցախույզը՝ պարզելու, թե «Պաշտպան հայրենյաց» ծրագրին որքանով են տեղյակ մեր հայրենակիցները և եթե տեղյակ են, ապա ինչ տեսակետ, կարծիք, նկատառումներ ունեն։
44-օրյա պատերազմի մասնակից եմ, տեսել եմ պատերազմի ամբողջ արհավիրքն ու խորապես գիտակցում եմ՝ մեզ օդ ու ջրի պես ուժեղ ու ամուր, արհեստավարժ բանակ է պետք, բանակ, որ զսպիչ ուժ կլինի հակառակորդի համար:
Շատ եմ ուզում, որ մեր բանակը մի բռունցք դառնա, հզորանա, եւ բանակն ամրացնող, ամրապնդող ամեն ծրագիր պետք է հնարավորինս արագ գործադրվի:
Հարություն Կարապետյան
ք. Ջերմուկ
«Պաշտպան հայրենյաց» -ի մասին վերջերս եմ իմացել, լավ ծրագիր է, առաջին հերթին՝ հայրենիքդ ես պաշտպանում, քո ներդրումն ունենում երկրի անվտանգությունն ապահովելու գործում, եւ երկրորդ՝ ծառայությունդ վարձատրվում է. աշխատավարձ ես ստանում, գումարած՝ ծրագրի ավարտին էլ՝ հինգ միլիոն պատվովճար:
Ծրագիրը մի շատ կարեւոր առավելություն էլ ունի՝ ծառայավայրի ընտրությունը, կարող ես բնակավայրիդ մոտ զորամասում ծառայել: Կարծում եմ՝ սահմանային հատվածներում ապրողների համար հատկապես գրավիչ տարբերակ է՝ կայուն աշխատանք է ապահովում, կայուն աշխատավարձ, ընտանիքիդ մոտ ես լինում ու հայրենի եզերքդ ես պաշտպանում։
Հակոբ Վիրաբյան
Տավուշի մարզ
գ. Զորական
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի նպատակը մեկն է՝ կայուն, հզոր և մարտունակ բանակի գոյությունը:
Ծրագիրը հնարավորություն է նաեւ ծառայել երկրին և սահմանից տուն գումար ուղարկել՝ նյութապես քիչ թե շատ աջակցելով հարազատներին:
Շատ երիտասարդներ բանակում ծառայությունն ավարտելուց հետո մեկնում են օտար եզերք՝ աշխատանք փնտրելու։ Կարծում եմ՝ այս ծրագիրը կնպաստի, որ երիտասարդները արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն մնան իրենց հայրենիքում։
Վստահ եմ՝ շատերը սահմանված ժամկետը լրանալուց հետո էլ կմնան շարքում եւ կշարունակեն իրենց ծառայությունը։
Ռազմիկ Հովհաննիսյան
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի
3-րդ կուրսի ուսանող
Ժամկետային ծառայությանս ժամանակ 44-օրյա պատերազմի մասնակից դարձա. կռվել եմ Կարմիր շուկայի, Վարանդայի հատվածներում, վիրավորվել եմ Հադրութի մոտակայքում:
Բանակի ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված յուրաքանչյուր որոշում, նախաձեռնություն հայրենիքի ճակատագրով մտահոգ ամեն անհատի համար էլ ողջունելի է:
Հզոր, ամուր հայրենիք ունենալու ուղին արհեստավարժ բանակի ստեղծումն է, ինչին էլ միտված է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:
Մամուլից, հեռուստաեթերներից տեղեկացել եմ՝ այս ծրագիրը բազմաթիվ շահառուներ ունի, շատերն են ցանկություն հայտնել ծառայելու: Իհարկե, սոցիալական բաղադրիչը շատ կարեւոր գործոն է, բայց չէի կամենա, որ զուտ դրա համար օգտվեին այս ծրագրից: Ըստ իս՝ պետք է ծառայեն միայն իսկական նվիրյալները, ում համար հայրենիքը բացարձակ արժեք է. իրենց քաջ նախնյաց մարտական ոգով լցված ամուր ու անառիկ պահեն հայրենի եզերքը, տերն ու զինվորը լինեն մեր երկրի։
Գարիկ Կարապետյան
Գեղարքունիքի մարզ
գ. Մադինա
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #07 (1472) 22.02.2023 - 28.02.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում