ԲԱՀՐԵՅՆՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ՀՈՒԶՈՒՄՆԵՐԸ
Երկրի մայրաքաղաք Մանամիից հյուսիս գտնվող Մուխարրագ քաղաքում խոշոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և բանտում մահացած 24-ամյա քաղբանտարկյալի հուղարկավորության մասնակիցների միջև: Հայտնի է միայն, որ ընդհարումների արդյունքում մի քանի տասնյակ մարդ սպանվել է, իսկ շուրջ հազար ցուցարար, որոնց մեծ մասը շիա դավանանքի հետևորդներ են, այդ թվում և ընդիմության առաջնորդներից մեկը, ձերբակալվել է:
Քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով նույն օրը հզոր ցույցեր են տեղի ունեցել նաև երկրի այլ քաղաքներում:
Բահրեյնում անցած տարվա գարնանը սկսված հուզումներն իշխանություններն արագորեն ճնշել էին Սաուդյան Արաբիայից ու Արաբական Միացյալ Էմիրություններից բերված ոստիկանական լրացուցիչ ուժերի օգնությամբ:
Բայց և այնպես Բահրեյնի բնակչության մեծամասնությունը կազմող շիաներին հաջողվեց երկիրը ղեկավարող սունի դավանանքի Համադ ալ-Խալիֆ թագավորի ընտանիքին մեծ զիջումներ պարտադրել բնակչության քաղաքական ազատությունների շրջանակի ընդլայնման ու թագավորի իշխանության սահմանափակման ասպարեզներում: