Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՍՏԵՂ ՈՐԴԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է ՀՈՐԸ, ԹՈՌԸ՝ ՊԱՊԻՆ



ԱՅՍՏԵՂ ՈՐԴԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է ՀՈՐԸ, ԹՈՌԸ՝ ՊԱՊԻՆԱյս թղթակցությունը սահմանապահ Թթուջուր համայնքի, նրա հերոսական բնակիչների մասին է, որոնք չընկրկելով բազմաթիվ դժվարությունների ու վտանգի առջև, ապրում են, արարում, շենացնում հարազատ բնօրրանը:

 

Հերթական հերթափոխին հայրիկը գյուղի մյուս տղամարդկանց հետ դիրքեր կբարձրանա, իսկ մանկապարտեզում, խաղից հոգնած, անհոգ քուն կմտնեն երեխաները՝ ամուր գրկած իրենց մանկական երազանքները: Հետո նրանք սրտի թրթիռով կնայեն սարերին ու կփորձեն կռահել, թե որ դիրքում են իրենց հայրերը, դիրքը հակառակորդից ինչ հեռավորության վրա է… Ու հետո տղաները կփորձեն իրենց զրույցներին էլ ավելի լրջություն տալու համար հերթափոխից վերադարձած հայրերի պատմությունները մեջբերել՝ երևակայության մեջ  մոտեցնելով մի օր էլ հայրենյաց պաշտպան լինելու իրենց ժամը։

Սերյոժա Սարիբեկյանն էլ իրենց տան հերոսն է, իր հասակ առնող երկու աղջիկների համար տան տղամարդու տիպար։ Ժամկետային ծառայությունն անցել է պաշտպանության բանակում, Ջրականի առաջնագծում:

-Երեխա տարիքից երազել եմ հայրենիքի պաշտպան դառնալ, որովհետև աչքս ինչ բացել եմ, տեսել եմ՝ հարազատ ու բարեկամ, ընկեր ու դրկից այս գործի մեջ են: Հիմա էլ ես եմ այս գործի մեջ: Հասկացա, որ զինվորական ծառայությունն իմն է, և ծննդավայր վերադառնալուց հետո որոշեցի անցնել պայմանագրային ծառայության,- այսպես սկսվեց մեր զրույցը Սերյոժա Սարիբեկյանի հետ, որի եղբայրը՝ Վահրամը, նույնպես պայմանագրային է և այս պահին մարտական հերթապահության մեջ է:

***

Լևոն Սահակյանը տասներկու տարի ծառայում է առաջնագծում։ 2020-ին նրանց ստորաբաժանումը աջակցում էր Քարվաճառի պաշտպանական ուժերին։ Պատերազմից հետո առավել մեծ պատասխանատվությամբ է կրում հայրենիքի պաշտպանի կոչումը՝ միշտ պատրաստ անհրաժեշտության դեպքում օգնության հասնելու այնտեղ, որտեղ իր կարիքը կլինի։

-Մեր ծառայողները հիմնականում տեղացիներ են ու ծառայում են մեծ նվիրումով: Անձնակազմի մարտական ոգին շատ բարձր է՝ պատրաստ   ցանկացած ոտնձգության արժանի հակահարված տալու,- վստահեցնում է փորձառու պայմանագրայինը:

***

Սարգսյան Դավիթը ավագ դպրոցի սան է, հայրն էլ պայմանագրային զինծառայող: Դավիթն անթաքույց հպարտությամբ է պատմում, որ հայրը Շուշիի պաշտպանության մարտերին է մասնակցել, հիմա էլ առաջնագծում է.

-Ապրում ենք սահմանին շատ մոտ և տեսնում ենք, թե ինչքան կարևոր է զինվորական ծառայությունը, մարտական հերթապահությունը, որ անտրտունջ իրականացնում են մեր հայրերն ու պապերը: Շուտով հայրենիքը պաշտպանելու իմ սերնդակիցների հերթը կգա:

Դավթի հայրը մարտական դիրքում իր դասընկերոջ՝ Խաչատուրի հորն է փոխարինում։ Խաչատուրը մեզ իրենց տուն է հրավիրում, որ անձամբ ծանոթանանք դիրքապահ հոր՝ Ալիկի հետ։

Ալիկը մի քանի ժամ է, ինչ իջել է մարտական դիրքերից։ Առաջիկա մի քանի օրն ընտանիքի հետ կլինի, հետո նորից ընկերներին փոխարինելու կգնա։

Թեյի սեղանի շուրջ է ծավալվում մեր զրույցը:

-Ճիշտ է՝ գործերը շատ են, հոգսերը նույնպես, սակայն չենք տրտնջում: Հայրենիքի պաշտպանությունը մեզ համար առաջնահերթություն է, պատիվ, իսկ խրամատում լինելը՝ արժանապատվություն,- ասում է Ալիկը:

Նրա բացակայության ընթացքում ընտանիքի ողջ հոգսը մնում է կնոջ՝ Արմինեի ուսերին։  Խաչատուրը մորն օգնում է ինչով կարող է, իհարկե, երաժշտական դպրոցում պարապմունքներն ավարտելուց հետո միայն։ Արմինեն մեզ հետ իր մայրական երազանքներով է կիսվում.

-Խաչատուրս երաժշտական դպրոցը կավարտի, բարձրագույն երաժշտական կրթություն կստանա, անվանի դուդուկահար կդառնա… Ի՞նչ կա որ՝ դա էլ է հայրենասիրության մի ձև։

Սեղանի շուրջ նստած Խաչատուրը պատանեկան սաստող հայացքով հանդիմանում է մորը։ Ալիկն էլ լուռ ժպտում է՝ հայր ու որդի իրար հասկանում են՝ Խաչատուրը նախ հայրենիքը պիտի պաշտպանի, իսկ աշխարհի մեծ բեմերը կսպասեն։

Այստեղ՝ սահմանին, կարգն է այդպիսին, որդին փոխարինում է հորը, թոռը՝ պապին, որ հարատևի Թթուջրի լեգենդը, սերնդեսերունդ փոխանցվեն Կոտրած ժամի ու մոնղոլ-թաթարների ասպատակությունների մասին պատմությունները, որ գյուղի նոր եկեղեցին հանկարծ ու հանկարծ գալիք օրերի պատումներում կրկին դառը վերհուշով չհիշատակվի, որ հավատքն իր զորությունը չկորցնի, որ հայի հողը իրեն մնա ու հայկական մնա։

***

Դեռևս հնագույն ժամանակներից Թթուջրում բնակվել են միայն ու միայն հայեր, ինչի պատմական վկայությունը գյուղի արևելյան մասում, 11-րդ դարում կառուցված եկեղեցին է, որին մեր բարբառով կոչել ենք Կոտրած ժամ: Իսկ  առաջին խրամատները փորվեցին հեռավոր 88-ին, երբ դեռ  կանոնավոր բանակ չկար։ Գյուղի տղամարդիկ, միմյանց փոխարինելով, սահման էին պահում,- հիշում է դպրոցի պատմության ուսուցիչ Արտավազդ Թորոսյանը, որն այն ժամանակ գյուղխորհրդի նախագահն էր:

***

Պատմությունները հին-հին օրերից հնացած, բայց ասես այնքան նոր են, ճիշտ այս օրերի մասին, ասես՝ ոչինչ էլ չի փոխվել։ Իրիկնանում է: Ոչխարի հոտը, ձնոտ սարի փեշերին քսմսվելով, իջնում, հասնում է գյուղամեջ։ Տանուտերը ճամփեզրից իր անասունն է առանձնացնում, և այծ ու ոչխար, իրար խառնված, դեպի գոմն են գլորվում։ Լևոնը խոր հոգոց է արձակում՝ այսօրն էլ անց կացավ։ Հետո մանրիկ քայլերով տուն է մտնում, տեղավորվում կնոջ կողքին, ու նորից ամեն իրիկնացող օրվա հետ  Բալյան ամուսինները լուռ իրենց վիշտն են ապրում։  Նրանց կրտսեր որդին՝ Ժիրայրը, Շուշիում է զոհվել։

-Ժիրայրս փոքրուց երազում էր ֆիդայի դառնալ: Փայտից հրացան ու ավտոմատ էր սարքում: Լուսանկարների մեծ մասում Ժիրայրս իր ձեռքով պատրաստած զենքերով է: Պատերազմը հենց սկսվեց, եղբոր՝ Սևակի հետ վիճում էին, թե ով գնա, ով՝ մնա: Ժիրայրն անդրդվելի էր և պնդում էր, որ ճիշտ կլինի, որ ինքը գնա, քանի որ եղբայրը ընտանիք, երեխա ունի: Սևակս էլ հակադարձում էր, ճիշտը իր գնալն է, քանի որ ինքն է ավագը և նաև փորձառուն,- հիշում է մերօրյա հերոսի մայրը՝ Անահիտ Բալյանը:

Պայմանագրային գումարտակում է ծառայում Ժիրայրի ավագ եղբայրը՝ Սևակը, որն այս պահին էլ առաջնագծում է։ Պատերազմի օրերին Ժիրայրը բոլորից գաղտնի առաջինն ինքն էր կամավորագրվել, որ մեկնի Արցախ: Ընկերներին ասել էր՝ Սևակին դուստրն է սպասում, հանկարծ չպատահի այնպես, որ փոքրիկն անհայր մեծանա։

Տղաների հայրը՝ Լևոնը, 88-ից է առաջնագծում եղել ու մնացել է գյուղի սարերում այնքան, մինչև իրավիճակը խաղաղվել է, հետո արդեն որդիներն են մեծացել, ու երբ պայմանագրային ծառայության անցնելու ցանկություն են հայտնել՝ Լևոնն օրհնել է որդիներին, բարի ծառայություն մաղթել։ Որդին Քարվաճառի պաշտպանության  մարտերին էր մասնակցել, մի քանի օրով վերադարձել էր տուն, հետո նորից մեկնել Արցախ, այս անգամ Շուշի։

Թթուջրեցի Ժիրայրի ճանապարհը հասել էր Քարվաճառ, հետո Շուշի ու մնացել Շուշիում: Ճակատագիր էր, թե գիտակցված ընտրություն, միայն ինքը՝ Ժիրայրը գիտեր: Դուդուկահար կդառնա Խաչատուրը, թե հայրենյաց պաշտպան՝ ինքն է ընտրելու, կամ գուցե իրո՞ք կա նախախնամություն, իսկ Մարիամը հստակ  է որոշել՝ լրագրող է դառնալու: Մեծերն ասել են, որ պիտի լավ սովորի, հիմա դեռ սովորում է, որ գա Երևան ու բուհ ընդունվի, լրագրություն սովորի, իսկ առայժմ պայմանավորվեցինք, որ հիմա դեռ իր ծննդավայրի՝ սահմանապահ Թթուջրի ու թթուջրեցիների, սահմանը պահող տղերքի մասին մենք կգրենք, մինչև Մարիամը մեծանա ու ինքը պատմի պատերազմի ու խաղաղության միջև սեպի պես խրված իր գյուղի ու ամեն օր հերոսացող իրենց հայրերի, եղբայրների, ընկերների մասին: Նրանց մասին, ովքեր  երբևէ չեն էլ մտածել, որ իսկական հերոսներն  իրենք են։

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #10 (1475) 15.03.2023 - 21.03.2023, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


17/03/2023