Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԵՂԵՆ ՈԳՈՒ ԿԱՆՉԸ



Շուտով լույս կտեսնի Սերժ Առաքելյանի «Հրեղեն ոգու կանչը» գեղարվեստական վավերագրական ակնարկների գիրքը, որը պատմում է արցախյան ռազմաճակատներում «Զորավար Անդրանիկ» ինքնապաշտպանական կամավորական ջոկատի մարտիկների ցուցաբերած արիության ու տոկունության, նրանց մարտական սխրանքների մասին։ Գրքի հերոսներն անձնուրացաբար կռվելով զավթիչների դեմ, իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հանրապետության սահմաններն ու Արցախը։ Հայրենիքի հանդեպ նվիրական սերն է, որ ոգեշնչում, մարտնչելու եւ հաղթելու ուժ էր տալիս նրանց։
Ստորեւ տպագրում ենք վերոհիշյալ գրքից մի հատված։

1989 թվականի հոկտեմբերի 4-ին Մարմարաշենի կամավորական ջոկատի հրամանատարը Գնել Մանուկյանն էր (Մասիսի Գագո)։ Ջոկատը մարտական առաջադրանք էր ստացել մեկնելու Հադրութ՝ ամրապնդելու շրջանի Արփագյադուկ, Սպիտակաշեն, Պետրոսաշեն սահմանամերձ գյուղերի պաշտպանունակությունը։ Դրանք այն օրերն էին, երբ հաճախակի էին դարձել ադրբեջանցիների սադրանքները։ Նրանք ռուս օմօնականների հետ մեկտեղ դիմում էին ամեն ստոր միջոցի՝ հայաթափելու շրջանի բնակավայրերը։
Հրամանատարը, մտքերի մեջ սուզված, ուղղաթիռի մեջ ռազմական քարտեզի վրա մատիտով նշումներ էր անում։ Հայացքը կտրելով քարտեզից՝ ցած նայեց։ Ներքեւում ճերմակ, փափուկ ամպեր են՝ դեպի հեռուները սահող։ Աշնանային արեւի կրակներից ցոլում են լեռնագագաթները՝ լույսով ողողելով հորիզոնը։ Ի՜նչ հրճվանք է երկնքից դիտել հողը հայոց։
Գնելը հրաշալի գիտի Արցախի դարավոր պատմությունը. Արցախը նաեւ իր նախնիների հողն է, իր հայրենիքը, որ ադրբեջանցիներն ուզում են խլել ու դարձնել իրենցը։ Սակայն հողն իր տիրոջ արդար տքնանքով է դառնում հայրենիք։ Հողը հայրենիք է դառնում իր զինվոր որդիների անձնվիրությամբ։ Իսկ ինքը հավատարիմ զինվորն է այդ հողի, ուր իր եղբայրներն ու քույրերն են կռվում եւ զոհվում են, հերոսանում այդ հողում։
…Ուղղաթիռն իջավ անտառի բացատում. այնտեղ արդեն սպասում էին տղաներին։ Մութն ընկնելուն պես՝ սկսեցին շարժվել։ Նախօրեին անձրեւ էր եկել, եւ դիրքեր տանող արահետի կպչուն ցեխը դժվար էր դարձնում քայլելը։ Տեղ հասան առավոտյան։
Երկու ամիս ջոկատը մնաց Հադրութում։ Հերթապահում էին գիշերները, կասեցնում ադրբեջանցիների հարձակումները, օգնում բնակիչներին վերանորոգելու գնդակոծումներից վնասված տները։ Դեկտեմբերին ջոկատը վերադարձավ Հայաստան՝ մարտական առաջադրանքը կատարած։
…Գնել Մանուկյանի տանը լուսանկարների ընտանեկան ալբոմն եմ նայում։ Ահա ինքը՝ ֆիդայու հանդերձանքով, մանկության տարիների լուսանկար է։ Մեկ այլ լուսանկարում մարտական ընկերների հետ է, դիրքերում…
Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում է ծնվել, բազմազավակ ընտանիքում։ Գնելի երազանքն էր՝ օդաչու դառնալ։ Նրան ձգում էր երկինքը։ Պատահական չէ, որ գույներից ամենաշատը երկնագույնն էր սիրում։
Երբ Գնելը իր մանկության ու պատանեկության մասին է պատմում, հիշում է հորն ու տխրում… Ուժեղ բնավորության տեր մարդ էր, Հայրենական մեծ պատերազմի վետերան, 9 երեխաների հայր Գեյման Մանուկյանը։ Նա մեծ դեր է խաղացել երեխաների դաստիարակության գործում, նրանց սովորեցրել է, որ մարդը կարող է հաղթահարել ամեն մի դժվարություն, դիմանալ ամեն մի փորձության։ 15 տարեկան էր Գնելը, երբ կորցրեց հորը։ Գեյման Մանուկյանը կյանքից հեռացավ դեռ 60-ը չբոլորած։ Լեգենդար Թամանյան դիվիզիայի շարքերում էր կռվել. հրաձգային վաշտի հրամանատար էր։ Հյուսիսային Կովկասում մղված մարտերում ցուցաբերած արիության համար պարգեւատրվել է Կարմիր աստղի շքանշանով, ապա՝ Փառքի երրորդ աստիճանի շքանշանով՝ Կերչի, Սեւաստոպոլի ազատագրական մարտերում գործած սխրանքի համար։ Մարտերով հասել է Բեռլին ու հաղթանակած տուն վերադարձել։
Երբ թերթում էի Գնելի՝ ազատամարտի տարիների օրագիրը, հայացքս կանգ առավ գրառումներից մեկի վրա. «Արժանի լինենք մեր հայրերի մարտական փառքին»։ Ինքը արժանի եղավ այդ փառքին, Արցախյան պատերազմի տարիներին արեց այն, ինչ կարող է անել հանուն հայրենիքի ամեն մի փորձության պատրաստ զինվորը։
«Հայտրանստեխմոնտաժ» տրեստում ինժեներ էր աշխատում, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ Թողեց ամեն ինչ։ Հայրենի գյուղի կամավորականներից ջոկատ ստեղծեց՝ հասկանալով, որ անխուսափելի է կռիվը։ Գնելը նշանակվեց ջոկատի հրամանատար։ Եվ 1989 թվականի աշնանը սկսվեց Մարմարաշենի կամավորական ջոկատի մարտական երթը։
Մի տարի անց Գնելը նշանակվեց Մասիսի շրջանի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվեցին ինքնապաշտպանական ուժերի շտաբ, հետախուզական ու թիկունքային ծառայություններ։ Նախկին դեսանտային Գնել Մանուկյանը գիտեր, որ առանց կարգապահության հնարավոր չէ հասնել լուրջ հաջողությունների։ Հրամանատարը միեւնույն ժամանակ հասկանում էր, որ ինքը արհեստավարժ զինվորական չէ, չունի հրամանատարական աշխատանքի մեծ փորձ, որ շատ բան պետք է սովորի ընթացքում, յուրացնի զինվորական գործի գաղտնիքները. չէ՞ որ իրեն վստահել են։ Իսկ պատերազմը շատ մոտ է։ Հադրութի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական կռիվներում Գնելը զգացել է նրա հոտը։
Դժվարին պայմաններում էր աշխատում Մասիսում տեղակայված ջոկատի շտաբը։ Չէին հերիքում զենքն ու զինամթերքը։ Բնակիչների որսորդական հրացաններն էին հավաքել ու զինել ջոկատը։ Չկային անհրաժեշտ նյութատեխնիկական պաշարներ։
Հրամանատարի համառ ու տքնաջան աշխատանքն իր պտուղները տվեց։ Ամուր կարգապահություն հաստատվեց ջոկատում։ Ամենօրյա պարապմունքների շնորհիվ ջոկատը դառնում էր ավելի մարտունակ։ Նորակոչիկ կամավորականներին Գնելն ինքն էր դիպուկ կրակել, սողալ սովորեցնում վարժանքների ժամանակ։ ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում ծառայության տարիներին ձեռք բերած փորձը շատ բանով է օգնել հրամանատարին։
1990-ի հոկտեմբերին Մասիսի ինքնապաշտպանական ջոկատը վերանվանվեց «Զորավար Անդրանիկ»։ Անհուն սերը դեպի Մեծ զորավարը ուժ ու զորություն էր հաղորդում մարտիկներին, ոգեշնչում սխրանքի։
Ջոկատի տղաներն էին պատմում. ռազմաճակատ մեկնելուց առաջ պիտի հավատարմության երդում տային Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Ուր որ է՝ պիտի սկսվեր երդման արարողությունը։ Ջոկատի ձգված շարքերին է մոտեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը։ «Ձեր մեջ կա՞ն չմկրտվածներ»,- հարցրել է կաթողիկոսը։ Ջոկատում կային 15 չմկրտված ազատամարտիկներ։ Եվ կաթողիկոսը մկրտել է նրանց սուրբ մյուռոնով։ Պատմում էին նաեւ, որ հոգեւորականներից մեկը փորձել է տղաներին արգելել զենքով մտնել եկեղեցու խորանը, բայց Վեհափառը թույլ է տվել։ «Զենքը միշտ էլ ազգի զինվորի ձեռքին պիտի լինի՝ քնած ժամանակ էլ»,- ասել է Վազգեն Առաջինը։
Ազատամարտիկ Բաբաջան Բաբաջանյանը հուզմունքով է հիշում այդ օրը, կաթողիկոսի վսեմ, մարգարեական դեմքը, քաջագործությունների ոգեշնչող խոսքերը նրա։
Ականանետային դասակի հրամանատար էր Բաբաջանը, նաեւ հմուտ զինագործ։ Պատերազմի տարիներին ականանետներ է պատրաստել, նռնակներ, «Ալազան» հրթիռների մարտագլխիկներ։ Դրանք այն օրերն էին, երբ զենք ու զինամթերքի խիստ կարիք էր զգացվում։ Նրա պատրաստած ինքնաշեն զենքերով ոչ միայն «Զորավար Անդրանիկ» ջոկատն է կռվել, այլեւ մյուս կամավորական ջոկատները։ Բաբաջանը ինքն է իր զինակիցներով կամավոր մեկնել ճակատ, իր իսկ պատրաստած զենքերով մարտնչել ոսոխի դեմ։
Վազգեն Սարգսյանին հիացրել է նրա բնատուր տաղանդը։ Սպարապետն այդ ժամանակ ՀՀ Գերագույն խորհրդի պաշտպանության, ներքին գործերի անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն էր։ Հանրապետության սահմանամերձ գոտիներում եւ Արցախում մղված մարտերում հաջող քննություն բռնած այդ ինքնաշեն զենքերը ներկայումս «Զորավար Անդրանիկ» թանգարանում են։
Անկեղծ ու անմիջական է Բաբաջանի հետ մեր զրույցը։ Նախիջեւանի Շահբուզի շրջանի Գյոմուր գյուղն է նրա ծննդավայրը։ Սրբություններ է թողել այնտեղ, հայրական տուն, հարազատների շիրիմներ…
Դեռեւս 1990-ական թվերին գյուղը բազմիցս հարձակումների է ենթարկվել թուրք զավթիչների կողմից, սակայն թշնամին ամեն անգամ ջախջախվել ու հետ է շպրտվել։ Ելուզակները հաշվի չէին առել, որ երբ ընդվզում է գյոմուրեցու ոգին, նա դառնում է անպարտելի։
-Ճակատամարտերի ժամանակ նաեւ գյուղի աշխարհագրական դիրքն է օգնել, մեր լեռները, մեր քերծ ու քարափները,- պատմում է Բաբաջանը։ Հայրենի լեռների կարոտն էր, որ 1987-ին Բաբաջանին տարավ իր ծննդավայրը։ Համադասարանցիների հետ էր գնացել։ Գյուղից 6-7 կմ հեռու եկեղեցի կար՝ Հազարափրկիչը, որ Նախիջեւանի Շահապոնք գավառի 12-րդ դարի հուշարձաններից էր։ Եկեղեցին դարեր շարունակ սրբավայր է եղել տեղի հայության համար։ Գնացել են այնտեղ մոմ վառելու ու տեսել մուտքը քարերով փակած։ Մաքրել են քարերից, որ ներս մտնեն։ Հանկարծ կուսակցության շրջկոմի առաջին քարտուղարն է հայտնվել, սպառնացել, որ եթե փորձեն եկեղեցի մտնել, տեղնուտեղը կսպանի բոլորին։ Հրաշքով փրկվել են՝ Մելս անունով վարորդի արիության շնորհիվ։ Հավանաբար պատմական դառը հիշողությունն էր շրջկոմի առաջին քարտուղարին կատաղության հասցրել. 300 տարի առաջ եկեղեցու մոտ թուրքերի դեմ տեղի ունեցած ճակատամարտում հայերը փայլուն հաղթանակ են տարել։
1988-89թթ. տեղահանված նախկին նախիջեւանահայերն իրենց միջոցներով Խարբերդում նոր եկեղեցի կառուցեցին՝ նոր Հազարափրկիչը, որն ուխտատեղի է դարձել նաեւ Բաբաջանի համար, հին սրբավայրից բերված մասունքներն են այնտեղ։
Արարատի մարզի Դարակերտ գյուղում է ապրում Բաբաջան Բաբաջանյանը՝ ընտանիքով։ Երկու երեխաների հայր է։ Մանրամասներ էր պատմում մարտերից ու խնդրում էր, որ տղաների անունները նշեմ։ Խոսքն իր հրամանատարությամբ գործող ականանետային դասակի տղաների մասին էր՝ Երասխավանի, Մարտակերտի կռիվներում քաջի մահով ընկած Վրույր Ավագյանի ու Հրաչ Թադեւոսյանի, Սեյրանի, Կամոյի, Վարդանի (Շոթո), Էրիկի։ Ստեփանակերտից Մարտակերտ տանող ճանապարհի Կիչան-Սրխավենդ հատվածի համար մղված կատաղի մարտերում նրանց կատարածը սխրանք էր։ Տղաներին հաջողվել է թափանցել հակառակորդի թիկունքը եւ ականանետային հուժկու կրակով ճնշել բարձունքին տեղակայված նրա կրակակետերը, ապահովել մեր ստորաբաժանումների հարձակումը։ Սրխավենդն արդեն ազատագրված էր։ Բաբաջանն իր դասակի մարտիկներով առաջիններից մեկն է մտել գյուղ։ Կռվում էին ամեն մի տան համար։ Գրոհի ժամանակ մտել են տներից մեկը, որն արկի պայթյունից բոցավառվել է։ Եվ Բաբաջանին ու իր մարտիկներին մեծ դժվարությամբ է հաջողվել դուրս նետվել կրակի բոցերի միջից։
Բաբաջանն իր դասակով մասնակցել է նաեւ Լաչինի միջանցքի համար մղված կռիվներին։ Նախկին ճակատայինի հիշողության մեջ այսօր էլ թարմ են մնացել այդ օրերին ականավոր գրող Սերո Խանզադյանի՝ Լաչին կատարած այցի մանրամասները։ Այդ ժամանակ Բաբաջանը Լաչինի պարետն էր։
-Մեքենայից դուրս եկավ սիրելի գրողը, մոտեցավ, ողջագուրվեց ազատամարտիկների հետ,- պատմում է Բաբաջանը։ -Ես փոքր-ինչ հետ քաշվեցի. փոշոտ էին շորերս։ Նկատեց, աջը դրեց ուսիս, նայեց աչքերիս ու ասաց. «Դա ֆիդայո՜ւ փոշի է…»։ Իմացավ, որ «Զորավար Անդրանիկ» ջոկատից ենք.
-Մեծ զորավարը հասել է Լաչին, բայց առաջ չի գնացել, իսկ նրա սուրբ անունը կրող ջոկատը մասնակցել է Լաչինի ազատագրմանը՝ իրականություն դարձնելով նրա երազանքը։
…Երասխավանում էր։ Ադրբեջանցիների ձեռքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքը պետք էր գրավել։ Գրոհից առաջ Գնելը վերջին կարգադրություններն էր անում մարտիկներին։ Ադրբեջանցիները բարձունքից կրակ բացեցին։ Հրամանատարը շրջվեց ու տեսավ դեպի մեր դիրքերը կուզեկուզ վազող մի տղայի։ Ճանաչեց՝ Հայկն էր, 16-ամյա Հայկ Հարությունյանը՝ Մարմարաշենից։ Քրտնքի սառը կաթիլներ երեւացին Գնելի դեմքին։ «Շան որդիները հիմա կխփեն…»։ Քիչ անց Հայկն արդեն խրամատում էր, տղաների մոտ։ Հրամանատարը մոտեցավ նրան՝ զսպելով զայրույթը.
-Քեզ ո՞վ է բերել այստեղ։
-Ոչ ոք, ինքս եմ եկել։ Եղբայրներս այստեղ են կռվում։
-Այլեւս նման բան չանես։ Դու դեռ փոքր ես,- սաստեց հրամանատարը, ապա մոտեցավ եւ համբուրեց հանդուգն ու խիզախ պատանու ճակատը։

ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Խորագիր՝ #01 (866) 12.01.2011 – 19.01.2011, Ճակատագրեր


21/01/2011