Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՀՈԳԵՇՆՈՐՀ Տ. ՄՈՎՍԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ



ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՀՈԳԵՇՆՈՐՀ Տ. ՄՈՎՍԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ«Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում, այստեղ չէ, այլ Հարություն առավ»:

 (Ղուկ. 24:5-6)

 

Սիրելի սպաներ և զինվորներ,

Ավետարանական այս կենսաբեր ավետիսով ենք դիմավորում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղավար տոներից երկրորդն է և խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթանակը մահվան հանդեպ։ Ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Մահը կուլ գնաց հաղթանակին: Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա. Կորնթ. 15.54-55)։

Սուրբ Հարության տոնը՝ հաղթանակի տոն է, հաղթանակ մեղքի և մահվան հանդեպ, հրավեր՝ Քրիստոսով նոր կյանք սկսելու:

Այս մտորումով պետք է ընթանանք առաջ՝ դիմագրավելու այն բոլոր փորձություններին ու մարտահրավերներին, որոնք գալիս են մեզ հանդիման: Ժամանակակից, փոփոխվող աշխարհում Ավետարանը չի կորցրել իր արդիականությունը, և Աստված շարունակ մեզ հորդորում է հետևել հաղթանակած Քրիստոսին, հեռու մնալ մեղքից, ձերբազատվել բացասական երևույթներից, որոնք խաթարում են մեր կյանքը, նորովի նորոգել մեր իրականությունը՝ հիմնված ճշմարիտ հավատքի, եղբայրասիրության և հայրենասիրության բարձր արժեքների վրա:

Աստվածորդու Հրաշափառ Հարության տոնի ուրախ ու հուսաբեր առիթով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով, ԶՈՒ Հոգևոր առաջնորդության ու գնդերեցների անունից շնորհավորում և իմ օրհնությունն ու բարեմաղթանքներն եմ բերում Հայոց Բանակի սպաներին, զինվորներին, պայմանագրային ու քաղաքացիական ծառայողներին: Հանապազ աղոթում եմ, որ Հարուցյալ  Քրիստոս Իր Սուրբ Աջով միշտ պահպանի Հայաստանն ու Արցախը, Հայոց Բանակի քաջարի հրամանատարներին ու զինվորներին, անսասան պահի հայրենի մեր սահմանները։

 

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ

ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻԻՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ

Խորագիր՝ #13 (1478) 0504.2023 - 11.04.2023, Հոգևոր-մշակութային


06/04/2023