ՀԱԿՎԱ՞Ծ ԵՔ ԷՅՖՈՐԻԱՅԻ
Էյֆորիան ուրախ տրամադրության վիճակն է: Երբ մարդը էյֆորիայի մեջ է, շուրջն ամեն ինչ «վարդագույն» է թվում, նա ոչնչից չի դժգոհում: Էյֆորիան համարվում է նորմալ երևույթ, եթե ունի արտահայտման օբյեկտիվ պատճառներ, ի մասնավորի` տոները: Քանի որ առաջիկայում մեզ սպասում են նշանակալի տոներ (ի մասնավորի` հայոց բանակի ստեղծման 20-ամյակը), փորձեք պարզել, թե որքանո՞վ եք հակված էյֆորիայի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱՑԻ այն, որ
1. Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար և նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչմանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ, կամ, առավել ևս, ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:
2. Թեստի արդյունքները չեն կարող մեկնաբանվել միանշանակորեն:
ՀԻՇԵՔ նաև
3. Թեստի արդյունքներին անհրաժեշտ է վերաբերվել հումորով:
Պատասխանեք «այո» կամ «ոչ».
1. Հաճա՞խ է Ձեր տրամադրությունն այնքան բարձր լինում, որ մոռանում եք խնդիրներն ու դժվարությունները:
2. Ընկերական շրջապատում կարո՞ղ եք այնքան լավ զգալ, որ «կտրվեք» ամեն ինչից:
3. Ձեր եռանդով կարո՞ղ եք լսարան գրավել և պահել նրա ուշադրությունը:
4. Սիրո՞ւմ եք «Ամեն ինչ միևնույնն է» արտահայտությունը, և արդյոք Ձեզ համար իսկապես ամեն ինչ միևնո՞ւյնն է:
5.Հաճա՞խ եք ուրախության և զվարճությունների ներքին պահանջ զգում:
6. Ալկոհոլի օգտագործումից հետո Ձեր տրամադրությունն անմիջապես բարձրանո՞ւմ է:
7. Ձեր մասին ասո՞ւմ են` «Էքստրավագանտ (ինքնատիպ, տարօրինակ, եզակի) անձնավորություն է»:
8.Ձեզ համար բացարձակապես միևնո՞ւյնն է, թե մարդիկ ինչ են խոսում Ձեր մասին:
9. Դերասանական ակնառու ունակություններ ունե՞ք:
10.Պատահե՞լ է, որ հանդիսատեսի ուշադրությանն ու բուռն ծափահարությունների արժանանաք:
11. Կարո՞ղ եք փայլել խելքով և տաղանդով, երբ զգում եք շրջապատի հավանությունը:
12. Սիրո՞ւմ եք երևակայել, ինչ-որ ինքնատիպ բան մտածել:
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Յուրաքանչյուր «այո» պատասխան գնահատեք 1 միավոր, «ոչ»` 0 միավոր: Հաշվեք գումարը:
9-12 միավոր – էյֆորիայի բարձր մակարդակ: Դուք իրապես կյանքը վայելող և դրա «համը» զգացող մարդ եք: Սակայն Ձեր հուզականությունն այդպես արտահայտելը կարող է նաև բացասաբար ընկալվել շրջապատի կողմից և չհամապատասխանել ուրիշների սպասելիքներին, քանի որ էյֆորիան միշտ չէ, որ տեղին է: Մտածեք այս մասին:
5-8 միավոր – Դուք հակված եք էյֆորիայի, ինչը համարվում է միջին ցուցանիշ: Ըստ Ձեզ` ուրախությունը տեղին է, երբ առիթը կա, և դուք իրավացի եք:
4 և ավելի ցածր միավոր – էյֆորիայի բացակայություն: Այդքան մռայլ մի՛ եղեք: Հավատացեք, Դուք դեռ ժամանակ կունենաք Ձեզ լիարժեք ուրախանալ խանգարող մտածմունքների մեջ խորասուզվելու, այնպես որ բաց մի թողեք «լիցքաթափվելու» առաջիկա առիթները:
ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Ռազմական