Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ



ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔՊահեստազորայինների քսանհինգօրյա վարժական հավաքները շարունակվում են: Տարբեր տարիքի, քաղաքացիական տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ զինվորական հանդերձանքով են՝ հայրենիքի սահմանների պաշտպանությանը պատրաստ լինելու ընդհանուր նպատակով:

Հյուսիսարեւելյան առաջնագծում ենք: Վարժական հավաքների մասնակից պահեստազորայինները միացել են սահմանը հսկող մեր զինծառայողներին: Մարտական հենակետերից մեկում հանդիպում ենք զորամիավորման հրամանատար,  գնդապետ Ալեքսանդր Ցականյանին: Գնդապետը պարբերաբար այցելում է զորամիավորման պատասխանատվության գոտում հավաքների անցկացման վայրեր, հետեւում պարապմունքների ընթացքին։ Պահեստազորայինների հետ զրույցներում նա հորդորում է անկաշկանդ բարձրաձայնել մտահոգող խնդիրները, գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկներ ներկայացնել:

-Պահեստազորայինների հետ անցկացվել են պատրաստության, ներդաշնակման սահմանված պարապմունքները, իրականացվել է նաեւ  մարտական հրաձգություն։ Ուսումնական փուլն անցած անձնակազմն ընդգրկվել է 14-օրյա մարտական հերթապահության։ Տղաների  պատրաստվածության մակարդակը բավական բարձր է, նրանք գիտակցում են իրենց առջեւ դրված  խնդրի կարեւորությունը, ձգտում առավել հմուտ տիրապետել իրենց պարտականություններին, հաստիքային զենքին եւ սպառազինությանը։

Պահեստազորայիններից ոմանք ցանկություն են հայտնել վարժական հավաքներից հետո  համալրել զինված ուժերի շարքերը։ Հենց մարտական դիրքում էլ գնդապետ Ալեքսանդր Ցականյանը  պատվոգրերով խրախուսում է ծառայության մեջ աչքի ընկածներին։

Զրուցում ենք պահեստազորայինների հետ:

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔՇարքային Արտակ Վարդանյանը Ստեփանավանի Վարդաբլուր գյուղից է.

-Տասնմեկ տարի ծառայել եմ զինված ուժերում, անցել պատերազմներով, ապա հաշվառվել պահեստազորում: Առաջին անգամ եմ մասնակցում վարժական հավաքի՝ հստակ գիտակցելով նմանատիպ միջոցառումների կարեւորությունն ու առաջնահերթությունը։ Բազում մարտահրավերների առաջ կանգնած երկրում ենք ապրում, այնպես որ` մարտունակ պահեստազոր ունենալը, մեր ռազմական գիտելիքները եւ ունակությունները թարմացնելը պարտադիր է, կենսականորեն անհրաժեշտ:  2013 թվականին եմ ավարտել ծառայությունս, բանակում «Ֆագոտն» էր զենքս, հիմա՝ հակատանկային միջոցը։ Ջանում եմ գերազանց տիրապետել ինձ վստահված զինատեսակին, վերջերս էլ խրախուսվել եմ լավ կրակելու համար: Ծառայությունն իր հունով գնում է, դժվարություններ չկան, որովհետեւ անցած զինվորական ճանապարհ ունեմ, ծանոթ եմ բոլոր առանձնահատկություններին:

Հայկ Մխիթարյանն էլ երկրորդ անգամ է  մասնակցում  վարժական հավաքների, մասնակցել է նաեւ եռամսյա  հավաքներին, գերազանց ծառայության համար ներկայացվել խրախուսման եւ լեյտենանտի կոչում ստացել:

– Իմ կարծիքով` 25-օրյա  ժամանակահատվածն առավել նպատակահարմար է, կարճ ժամանակով ես տնից բացակայում: Սակայն մի նկատառում ունեմ՝ ես մասնագիտությամբ քիմիայի ուսուցիչ եմ, ցանկալի կլիներ, որ մանկավարժներին ներգրավեն հավաքներին ուսումնական տարվա ավարտին, ավելի ճիշտ՝ ամռան ամիսներին: Իսկ մեծ հաշվով՝ ամեն հայ տղա պետք է զենք բռնել իմանա, որ արժանի հակահարված տա հակառակորդին։ 90-ականներին էլ հայրս է մասնակցել ինքնապաշտպանական կռիվներին, վարորդ է եղել, զենք-զինամթերք տեղափոխելիս մեքենան ականի վրա  պայթել է։ Ես երեք տարեկան էի…

Մեզ հզոր բանակ է պետք երկիրն անառիկ  պահելու համար: Որոշել եմ  մանկավարժությունը փոխարինել զինվորական գործով, արդեն դիմել եմ հրամանատարությանը:

Ժամկետային ծառայությանս ընթացքում հակատանկային դասակի ավագ օպերատոր էի,  այժմ էլ  հակատանկային դասակի հրամանատար եմ: Անձնակազմս լավն է, կես խոսքից իրար հասկանում ենք, առաջադրված խնդիրներն արագ կատարում: Վերջերս հրետանու պետն էլ մեզ գովեց՝ լավ պատրաստվածության համար:

Զորամիավորման հրամանատարը Հայկին խրախուսում է պատվոգրով:

-Հպարտություն է՝ ծառայությունս գնահատվել է, նաեւ պարտավորեցնող է՝ ավելի եռանդով շարունակելու ծառայությունը:

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔՀաջորդ խրախուսվողն էլ Մխիթար Հարությունյանն է, մասնագիտությամբ բժիշկ է, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:

-Կարծում եմ՝ հավաքները անհրաժեշտ են: Հիմա այստեղ ենք ու չպիտի թերանանք,  ձեւական բնույթ չպետք է կրի այս ամենը։ Ամեն բնագավառում էլ կիսատ-պռատությունն անհանդուրժելի է, բայց ռազմական ոլորտում՝ առավել եւս։

-Մեր ամեն գործողություն այստեղ պիտի միտված լինի զինվորական գիտելիքների, ունակությունների ու հմտությունների ամրապնդմանը,- լրացնում է հակատանկային հաշվարկի հրամանատար, ավագ օպերատոր Նվեր Մխիթարյանը: -Ծանուցագիր ստանալուն պես ներկայացել եմ տարածքային ստորաբաժանում, մեր հայրենիքը մենք պետք է պաշտպանենք:

Շարքային Ազատ Մադոյանը 44-օրյա պատերազմի մասնակից է՝ Ջրական, Հադրութ, Ակնա…

-Մարտունակ, պատրաստված պահեստազորի կարեւորությունը հենց կռվի դաշտում զգացի, շատերը չունեին զինվորական բավարար գիտելիքներ, չգիտեին ինչպես պաշտպանվել հրետանու կրակից, անօդաչու թռչող սարքերի հարվածից, ինչպես կողմնորոշվել տեղանքում, ինչն էլ հանգեցրեց ցավագին կորուստների…

-Բոլորս էլ հասկանում ենք՝ անհրաժեշտ է մեր զինվորական գիտելիքները թարմացնել, կատարելագործել՝ հարկ եղած դեպքում գրագետ ու կազմակերպված գործելու համար,-մեր զրույցը եզրափակում է սպիտակցի Գարեգին Թովմասյանը: – Ամեն մեկս պետք է կարեւորի իր դերը հայրենիքի  պաշտպանության գործում՝ ուխտելով՝ ե՛ս պիտի պաշտպանեմ իմ հողն ու ջուրը, ե՛ս պիտի պահպանեմ հայի անունն ու պատիվը եւ իմ զավակին ժառանգեմ հայ լինելու հպարտությունն ու հային հայ պահող հողակտորը…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1479) 12.04.2023 - 18.04.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/04/2023