ՈՒԺԸ ԻՄ ՏԱՐԵՐՔՆ Է
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղը փռված է յոթ բլուրների վրա. լանջերից մինչև գագաթ տներ ու այգիներ են: Ծառերը փթթել են՝ հոնի դեղին ծաղիկներն ու վարդագույն դեղձենիները, սպիտակ ծիրանենիները, տանձենիներն ու խնձորենիները…
-Գերիշխող գույնը սպիտակն է,- ասում եմ Սոֆյային:
-Մեր գյուղը տարվա բոլոր եղանակներին էլ չքնաղ է,- պատասխանում է երիտասարդ կինը,- ծաղիկները կթափվեն, ու կարճ ժամանակ անց ծառերը կպատվեն գույնզգույն պտուղներով: Աշնանը ծառերի տերևներն ինչ գույն ասես չեն հագնի: Իսկ ձմռանն ամեն ինչ կպատվի ճերմակով:
Նոր եմ եկել դաշտից: Արդեն սոխ, կարտոֆիլ ու ոլոռ ենք ցանել, որոշ ժամանակ անց լոբի կցանենք: Ջերմոցում աճեցնում ենք վարունգ, լոլիկ, այլ բանջարեղեն: Խաղողի այգին էլ լավ բերք է տալիս: «Կարմրահյութից» գինի ենք սարքում, խաղողի «Բանանց» տեսակն ուտելու համար ենք պահում. շատ անուշ համ ունի: Կովեր, խոզեր ունենք, հավեր ու հնդկահավեր… Գործին վերջ չկա:
Ես նայում եմ զմայլված:
-Շեն գյուղից, հարուստ գյուղացուց լավ բան չկա:
Սոֆյան բարձրաձայն ծիծաղում է ու կրկնում.
-Հարո՜ւստ…
Հետո լրջանում է ու ասում.
-Չենք բողոքում։ Ճիշտ է՝ շատ ենք աշխատում, բայց ոչ մի բանի կարոտ չենք: Մեզ մեր ունեցածը հերիքում է, ավելացածն էլ վաճառում ենք: …Հրավիրում եմ, աշնանը եկե՛ք, փորձե՛ք մեր անմահական մրգերի ու «Կարմրահյութ» խաղողի գինու համը: Հրանտս իր բանակի քեֆի հյուրերին իր ձեռքով քաշած գինին հյուրասիրեց:
-Մի՞շտ է գյուղն էսպես խաղաղ, թե՞ կրակոցներ են լինում սահմանին:
-Մի՛ վախեցիր,- ինձ հանգստացնում է Սոֆյան, – դիրքերում պայմանագրայիններն են: Մեր սահմանները պաշտպանված են: Հազվադեպ կարող են հատուկենտ կրակոցներ լսվել: Բայց դրան ուշադրություն դարձնող չկա: Գյուղում 360 ընտանիք է ապրում:
-Չեմ վախենում,- ասում եմ փութկոտ, – երբեք չեմ վախեցել: Ուզում էի իմանալ՝ գլուխներդ հանգի՞ստ եք բարձին դնում:
Սոֆյան, նկարների կույտը ձեռքին, գալիս ու հատ-հատ շարում է սեղանին: Երկու որդի, մեկ դուստր ունի: Ավագ որդին՝ Հրանտը, զինվոր է, աղջիկը կենսաբանական ֆակուլտետի ուսանողուհի է, կրտսեր որդին տասներեք տարեկան է:
Սոֆյան նկարներից մեկը մեկնում է ինձ: Կապուտաչյա, խարտյաշ տղա է նկարում՝ նուրբ դիմագծերով ու շատ գեղեցիկ:
-Իմ զինվորն է,- ասում է Սոֆյան:
-Ձեզ է նման, շատ սիրուն է:
Կինը շիկնում է:
-Խաղաղ, ծանրակշիռ, լուրջ տղա է: Մանկուց այդպիսին էր: Տատի հետ էր կապված: Ամբողջ օրը միասին էին. զրուցում էին, տատը բանաստեղծություններ էր սովորեցնում, հեքիաթ ու պատմվածք էր կարդում: Հետո միասին քննարկում էին բարին ու չարը, ճիշտն ու սխալը: Հետաքրքրությամբ լսում էր նաև հոր ու պապի զրույցներն Արցախյան առաջին պատերազմի մասին: Երկուսն էլ մասնակցել էին ազատամարտին ու իրական պատմություններ էին պատմում Հրանտին: Գուցե էդ զրույցներն էին պատճառը, որ խելացի, մտածող տղա դարձավ՝ զգայուն, հուզական, բարի: 11-12 տարեկանից մեծի նման օգնում էր մեզ բոլոր գործերում: Պարտաճանաչ էր ու պատասխանատու: Ինչ գործ էլ հանձնարարեիր, երբեք հուսախաբ չէր անի:
…Բանակում ասես նոր շնչառություն բացվեց տղայիս համար: Շատ բան չի պատմում, ասում է՝ այստեղ բոլորը շատ ուժեղ են, պիտի ամեն ինչ անեմ, որ ոչ մեկից հետ չմնամ: Ուժեղ լինելն այնպես է խանդավառել տղայիս, որ արդեն խոսում է զինվորական դառնալու մասին: Ասում է՝ մա՛մ, որ գամ գյուղ, ի՞նչ եմ անելու. կմնամ, կծառայեմ…
-Համաձա՞յն եք:
Սոֆյան թոթվում է ուսերը:
Հանկարծ ուղեղումս միտք է ծագում:
-Եկեք զանգենք Հրանտին:
Սոֆյան մի պահ նայում է կասկածանքով, հետո վճռական վերցնում հեռախոսը…
-Բարև՛, մա՛մ…
Բարձրախոսը միացված է:
-Բարև՛,- ասում եմ: Հեռախոսի մյուս ծայրում մի պահ լռում են: Հանկարծ ես շփոթվում եմ ու ասելիք չեմ գտնում:
-«Կարմրահյութ» խաղողի գինին սրտո՞վդ էր, թե՞ զորացրվելուդ քեֆի ժամանակ ավելի լավ գինի ենք խմելու:
Իմ հարցից ես ավելի եմ զարմանում, քան զինվորն ու իր մայրը: Սոֆյան ներկայացնում է ինձ:
-Ձեզ գիտեմ,- ասում է Հրանտը, – մեր Էրիկ Պողոսյանի մասին էիք գրել:
-Ո՞նց ես,- ուզում եմ հնարավորինս անկեղծ հարցնել, որ չհետևի հերթապահ պատասխան: Իհարկե, քիչ հույս ունեմ, որ զինվորը սիրտը կբացի իմ առաջ:
-Երեք ամսվա ծառայող եմ, հարմարվելու շրջանն արդեն անցել է: Կարելի է ասել՝ լավ եմ:
Ձայնի մեջ ակնհայտ անկեղծություն կա:
-Ինչի՞ն էիր հարմարվում:
-Նոր ռեժիմին, նոր ճաշերին, նոր մարդկանց, նոր մասնագիտությանը…
-Դժվար չէ՞:
-Դժվար է: Բայց երբ սիրում ես գործդ, դժվարություններն ավելի հեշտ ես հաղթահարում:
-Ի՞նչն ես սիրում հատկապես:
-Բացահայտում ես հնարավորություններիդ վերին սահմանը: Ես Ֆիզկուլտ ինստիտուտի ուսանող եմ, ուժը իմ տարերքն է:
-Արի թուլությունից խոսենք. այս պահին ո՞ւմ կուզենայիր տեսնել կողքիդ, ո՞ւմ ես ամենից շատ կարոտել:
Հրանտը ծիծաղում է, լռում: Հարցս չեմ կրկնում:
-Արդեն պիտի գնամ, հաջողությո՛ւն,- ասում է Հրանտն ու առանց մեր պատասխանը լսելու՝ անջատում հեռախոսը: Էն հարցը, որ պիտի Հրանտին տայի, Սոֆյային եմ ուղղում.
-Ո՞նց եք պատկերացնում Ձեր ընտանիքի վաղվա օրը:
-Բոլորիս միասին եմ պատկերացնում մեր Վերին Կարմիրաղբյուր գյուղում՝ տղաներիս, հարսներիս, թոռներիս հետ: Միայն թող խաղաղություն լինի, մնացածը մենք կստեղծենք սեփական ձեռքերով:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #15 (1480) 19.04.2023 - 25.04.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում