Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋՐԱԲԵՐԴ



ՋՐԱԲԵՐԴՀայն իր պատմության ընթացքում կառուցել է ոչ միայն հոյակերտ եկեղեցիներ ու վանքեր, այլև անառիկ բերդեր ու ամրոցներ, պաշտպանական ու ամրաշինական կառույցներ։ Ամբողջ Հայկական լեռնաշխարհում՝ Արցախից Կիլիկիա, Համշենից՝ Միջագետք, բերդերն ու ամրոցները կառուցվել են բնական դժվարամատույց և անմատչելի վայրերում, շրջափակվել աշտարակավոր կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվել հողաթմբերով ու ջրածածկ խրամներով։ Մենք ունենք դեռևս Ք.Ա. III-II  հազարամյակների կիկլոպյան ամրոցներից մինչև XIX դարում կառուցված բերդեր։ Սույն հոդվածաշարով ուզում ենք, որ մեր պատմամշակութային ժառանգության այս շերտը ևս ուշադրության արժանանա և դառնա ճանաչելի։ Շարքն սկսում ենք կորսված, բայց ոչ մոռացված Ջրաբերդով։

Ջրաբերդը Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող հնագույն ամրոց է՝ Թարթառ և Թրղի գետերի միախառնման տեղում։ Հայտնի է, որ այն կառուցվել է Արշակունյաց արքայատոհմի կառավարման տարիներին։ Ամրոցի մասին առաջին հիշատակությունը մեզ է հասել վաղ միջնադարյան նշանավոր պատմիչ Մովսես Կաղանկատվացու «Աղուանից աշխարհի պատմութիւն» աշխատությունից։ Կաղանկատվացին գրում  է, որ Աղվանից Վիրո կաթողիկոսը (596-629 թթ.) Չարաբերդ ամրոցում ճգնող գրիչներին, պատմիչներին և գավառի նշանավոր անձանց իր մոտ է կանչում։ «Եւ ժողովեալ առ ինքն կաթողիկոսին զամենայն գլխաւոր զորդիս թագաւորացն մեծաց աշխարհիս՝ զգաւառապետս և զգեօղապետս, զերիցունս եւ զսարկաւագունս և զդպիրս, որ ի ժամուն անդ հանդիպեցան յամրոցին Չարաբերդոյ. և ասէ ցնոսա. ա՛րք եղբարք՝ դուք ինքնին գիտէք զհարուածս մեծամեծս, զահ և զդողումն անյագ և անողորմ սրոյն, որ վասն մեղաց մերոց առաքեցաւ մեզ և ընկղմեաց յանկարծակի զանձինս մերգ և ահա եմք ի տարակուսանս, և ոչ գիտեմք յո՛ երթիցուք կամ ո՛ւր փախիցուք յերեսաց նոցա»։ Այս վկայությունը առաջին և ամենահինն է Ջրաբերդի մասին։ Այսինքն՝ ամրոցն արդեն գոյություն ուներ VII դարում։

Ջրաբերդը, որ բառացի նշանակում է ջրային բերդ, իր անունն ստացել է դիրքի շնորհիվ՝ հյուսիսից հարավ ձգվող ամրոցի տարածքը գետերի շրջանցումից առաջացած թերակղզու տեսք ունի և պաշտպանված է ինչպես դրանց ջրառատ ու արագահոս պատնեշով, այնպես էլ գետեզերքից ուղղաձիգ բարձրացող ժայռերով։ Տարբեր ժամանակաշրջաններում տարբեր կերպ են անվանել ամրոցը՝ Չարաբերդ, Ջրապերթ, Չրաբերդ, Ճառաբերդ կամ Ջերմուկ բերդ։ Թերևս միայն Ջրաբերդ անունն է, որ լավագույնս  նկարագրում է բերդի աշխարհագրական առանձնահատկությունը։

Ջրաբերդի մասին ամենավաղ հիշատակություններից մեկը վերաբերում է Արցախի Խաչեն գավառ ներխուժած խազարների՝  620-ական թվականների վերջերի ասպատակություններին։ Իսկ XI դարից Ջրաբերդը հիշատակվում է հակասելջուկյան պայքարի համապատկերում։ Ջրաբերդը ակնարկվում է նաև մոնղոլական  տիրապետության ժամանակաշրջանում  և XVI դարում՝ թուրք-պարսկական պատերազմների ժամանակ։

Հայաստանի ամրոցաշինության մեջ բացառիկ է Ջրաբերդի դերը, որը եզակի է իր դժվարամատչելի ժայռակերտ դիրքով և ամրոցներին բնորոշ պաշտպանական համակարգով։ Ներկայումս մեզ են հասել միայն ամրոցի ավերակները։ Ժամանակին այստեղ եղել են բազմաթիվ կացարաններ, պաշտպանական խցեր։ Մասամբ պահպանվել են նաև դարպասները և դեպի գետն իջնող թաղածածկ գետնուղիները։ Ամրոցի ամենաբարձր ժայռազանգվածի վրա երևում է միջնաբերդը։ Ջրաբերդը նշանավոր է ոչ միայն իր ժայռեղեն պարիսպներով, այլև իր պաշտպանական, ազդանշանային համակարգով։ Ամրոցը փոքր արահետներով կապված է եղել  հոգևոր կենտրոնների՝ Դադիվանքի, Գանձասարի, Երից Մանկանց, Եղիշե Առաքյալի և Հոռեկա վանական համալիրների հետ։

Մի գեղեցիկ ավանդապատում կա՝ կապված Ջրաբերդ ամրոցի հետ։ Պատմում են, որ մի անգամ սաստիկ սով է սկսվում թշնամիներից պաշարված այս բերդում։ Սակայն հնարամիտ մարդիկ չեն թողնում, որ սովը գերության դուռը հասցնի իրենց։ Բերդի պատերից նրանք դուրս են թափում այնտեղ ամբարած կիրը, փռում են և սկսում  մաղել։ Թշնամիները կարծելով, թե դա ալյուր է, որը  երկար ժամանակ դեռ կարող է պահել բերդականներին, հուսահատ թողնում են պաշարումը և հեռանում։

1881 թվականին Րաֆֆին ճանապարհորդում է Արցախում և այդ ընթացքում լինում է նաև Ջրաբերդ ամրոցում. «Ջրաբե՜րդ, այս անունը լսելիս իմ սիրտը բաբախում էր ե՛ւ ուրախությունից, ե՛ւ տրտմությունից։ Պահպանել էր մեր մայրերին պարսիկների, թաթարների, արաբների և կովկասյան լեռնաբնակների հարձակումներից։ Մենք պիտի իջնեինք Թարթառի ձորը։ Բերդը տեսնելու համար պետք էր անցնել գետը։ Չորեք կողմից բարձրանում են անտառապատ լեռներ։ Նայում ես դեպի վեր, երկնքի մի նեղ շերտն ես տեսնում։ Նայում ես դեպի ցած և մտածում ես, որ ահա գտնվում ես անդունդի շրթունքների մոտ, որը իր ահագին բերանը բաց արած պատրաստվում է կլանելու քեզ»։

ՋՐԱԲԵՐԴՀայտնի է, որ Արցախի հինգ մելիքություններից  մեկը Ջրաբերդի մելիքությունն էր, որն ընդգրկում էր Թարթառի միջին հովիտը՝ Թարթառի և նրա Թրղի վտակի միախառնման տեղում գտնվող Ջրաբերդ ամրոց-իշխանանիստով։ Ջրաբերդի մելիքությունը թերևս ամենափոքրն էր իր տարածքով, սակայն հարուստ էր խմելու և ոռոգման առատ ջրերով, զովասուն ամառանոցային վայրերով, թանձր անտառներով, արգավանդ հողերով, օգտակար հանածոներով, հատկապես արծաթով։  Ջրաբերդի մելիքության առաջին տերերը՝ Մելիք-Իսրայելյանները, սերել են Հասան-Ջալալյաններից։ Այս մելիքական տան նահապետ Մելիք-Իսրայելն ապրել է XVII դարի երկրորդ կեսին։ Նրա անունով էլ տոհմի անդամներն սկսել են կոչվել Մելիք-Իսրայելյաններ։ Ջրաբերդի մելիքները մասնակցել են XVIII դարի առաջին կեսին Արցախում բռնկված ազգային-ազատագրական պայքարին։ Իսկ Ռուսաստանի կայսր Պետրոս 1-ին հասցեագրված 1721 թվականի  նամակն ստորագրել է նաև Ջրաբերդի Մելիք Եսային։

Եսայի Մելիքի հաջորդ և եղբայր Ալլահկուլի Սուլթանն աչքի է ընկել Անդրկովկաս ներխուժած օսմանյան զորքերի դեմ մղած կռիվներում, որի համար Իրանի Նադիր շահից արժանացել է «սուլթան» կոչմանը։ Ալլահկուլի սուլթանը, ապա նաև նրա եղբայր Հաթամը (Ադամ) 1740-ական թվականների վերջին և 1750-ական թվականներին պայքարել են հզորացած Փանահ խանի և Վարանդայի դավաճան Մելիք Շահնազար Բ-ի դեմ։ Մելիք Հաթամն ստիպված է եղել իր հպատակներով առժամանակ հեռանալ Ջրաբերդից և հաստատվել Գանձակում։ Մելիք Հաթամին հաջորդած որդին՝ Մելիք Մեջլումը, կյանքն անցկացրել է Ջրաբերդի մելիքության սահմաններից դուրս՝ դաշնակիցներ փնտրելով և պայքար մղելով Փանահ խանի որդու՝ Իբրահիմ խանի դեմ։ Մելիք Մեջլումն սպանվում է 1796 թվականին՝ Գանձակի բերդի պաշտպանության ժամանակ։

Ջրաբերդի  մելիքության վերջին իշխանները Աթաբեկյաններն էին։ Իսկ Մելիք Վան Աթաբեկյանի մահից հետո Արցախի մելիքությունները դադարում են գոյություն ունենալ։ Ջրաբերդի վերջին մելիքի՝ Հովհաննես Մելիք-Վան Աթաբեկյանի ռազմական և դիվանագիտական հմտություններն ու հաջող վարած մարտական գործողությունները  նկարագրում է ռուս ականավոր ռազմական պատմաբան Վասիլի Պոտտոն իր՝ «Ղարաբաղի առաջին կամավորականները» աշխատության մեջ, որն ամբողջությամբ նվիրված է Մելիք Աթաբեկյանների իշխանատոհմին։

Ցավոք, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ջրաբերդ ամրոցն  Արցախի բնիկ տերերի  վերահսկողության ներքո չէ այլևս։

 

Պատրաստեց՝ ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #17 (1482) 03.05.2023 - 09.05.2023, Հոգևոր-մշակութային


05/05/2023