ՎԵՐԸՆՁՅՈՒՂՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ
Գյումրեցի Արամ Թերզյանին շատերը կհիշեն՝ 44-օրյա պատերազմի ժամանակ նա Ռուսաստանից վերադարձավ ու գնաց առաջնագիծ:
Տանեցիք գիտեին, վստահ էին, որ երբ վտանգված է հայրենիքի խաղաղությունը, Արամը օտար հողում հանգիստ չի նստի, կշտապի միանալ հայրենյաց պաշտպաններին, բայց քանի որ ազատամարտիկ հայրն արդեն ճակատում էր, որոշեցին թաքցնել Արամի անձնագիրը, ցանկանալով գոնե այդ կերպ նրան հետ պահել իր մտադրությունից:
Սակայն Արամը հնարը գտավ՝ զույգ եղբոր՝ Սայաթի անձնագրով վերադարձավ ծննդավայր ու Գյումրու կամավորական ջոկատի կազմում մեկնեց սահմանաբերան՝ իր հետ վերցնելով միայն տան աղոթագիրքը. 90-ականներին՝ Արցախյան ազատամարտի ժամանակ, Արամի հայրը ծոցագրպանում էր պահել այդ աղոթագիրքն ու ողջ-առողջ տուն վերադարձել պատերազմի թոհուբոհից:
-Մտածեցի՝ եթե այդ գիրքը հորս կյանքը փրկել է, ուրեմն՝ իմն էլ կփրկի, կպահպանի…
***
Թիկունքից տարբեր օգնություններ էին գալիս՝ սնունդ, հագուստ, աշակերտներից՝ տաք, ոգեւորող նամակներ… Մի անգամ էլ ծանրոցներ էին եկել՝ քնապարկեր էին, մեջն էլ խաչեր: Արամն իր խաչը դրեց աղոթագրքի մեջ ու պահեց ծոցագրպանում՝ ուղիղ սրտի տակ…
***
Հոկտեմբերի 10-ին, Հադրութում, թշնամու դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս, Արամը վիրավորվում է եւ հրաշքով ողջ մնում. փամփուշտը սրտին չէր հասել շնորհիվ ծոցագրպանի աղոթագրքի ու խաչի. գնդակը դիպել էր աղոթագրքին, խաչը կոտրել, շեղել ուղղությունը՝ վնասելով թեւը…
Արամը բուժվեց բժշկական կենտրոններից մեկում, այնուհետ վերականգնողական փուլն էլ «Զինվորի տանը» անցկացրեց:
Ապաքինվելուց հետո հենց այստեղ էլ աշխատանքի անցավ՝ որպես սոցիալական աշխատող:
Ու երբ «Զինվորի տանը» մատուռ բացվեց, Արամը որոշեց մարտերի բովով անցած աղոթագիրքն ու խաչը, որ պահում էին իրենց տանը՝ որպես նվիրական ու սրբազան մասունք, նվիրել նորաբաց մատուռին:
– Ուրիշ որտե՞ղ պետք է հանգրվաներ աղոթագիրքը, եթե ոչ «Զինվորի տանը». «Զինվորի տունը» մեր երկրորդ տունն է, մեր հույսի ու լույսի տունը՝ ընտանիքի պես ջերմ ու հարազատ: Երբ աղոթատուն պիտի բացվեր, որոշեցի ինձնից էլ մի մասնիկ լինի այստեղ, որ տղերքին ուժ լինի: Ցանկանում եմ, որ այս փոքրիկ աղոթագիրքն իր զորությամբ ծառայի այստեղ բուժվող բոլոր մեր տղաներին, որ բոլորը տեսնեն ու հավատան, որ հրաշքներ իրոք կան: Թող աղոթագիրքը պահապան լինի սահմանին կանգնած մեր զինվորին ու զորականին,- ասում է Արամն ու նաեւ անկեղծանում.
-Վաղուց նպատակադրվել էի՝ երբ ընկերուհի ունենամ, իմ սիրելիին հենց «Զինվորի տանը», կյանքեր փրկած աղոթագրքի ու խաչի մոտ եմ ամուսնության առաջարկություն անելու:
***
Երիտասարդի որոշումը վերջերս կյանքի կոչվեց. աղոթագիրքն ու խաչն ափի մեջ ամուր պահած՝ առաջարկություն արեց…
Արամի ընտրյալը գյումրեցի Ռիման է, մանկավարժական համալսարանում իր հետ նույն կուրսում է ուսանում, զինվորականի աղջիկ է…
Դե, անակնկալը շատ սիրուն էր, պատասխանը՝ դրական:
Պատերազմում կյանքեր փրկած աղոթագիրքը հիմա նաեւ վերընձյուղման խորհրդանիշ է….
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՆԻ ԱՊՐԵՍՅԱՆԻ
Խորագիր՝ #17 (1482) 03.05.2023 - 09.05.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում