Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՌՎՈՂԸ ԿՌՎՈՒՄ Է



Զինվորական հին համազգեստով, երկփողանի, որսորդական հրացաններով ու ատրճանակներով զինված՝ մերոնք սովորում էին հաղթել։ Վազգենը մոռացել էր, որ գրող է։ Նա ընդունել էր ճակատագրի մարտահրավերը։ Ճաք էր տալիս եղբայրական ժողովուրդների դարբնոց համարվող 70-ամյա հսկայական երկիրը։ Վազգեն Սարգսյան գրողը, որ կատարել էր իր ընտրությունը դեպի մեծ գրականություն, շեղվեց իր ուղուց, վերամկրտվեց որպես հայրենիքի զինվոր։

Երասխում զենքի ու փամփուշտի պակաս կար։ Սկզբում Վազգենենց տան բակում էին զենք թաքցնում։ ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե) աշխատակիցները գնում էին տուն, սուրճ խմում ու հարգալից հեռանում՝ չէին էլ փորձում ստուգել։ «Հողափորի» աշխատանքը կատարում էր Վազգենի եղբայրը՝ Արամը։ Վազգենը 18 օր Երասխից տուն չէր գնացել։ Սուրենավանի մոտ, Երասխ չհասած՝ մեքենա էր, որ գալիս էր, կռիվ էին գնում, բայց զենք չկար։ Ստիպված` Վազգենը «շլագբաում» էր դրել, նշանաբան սահմանել (ընկերոջ՝ Աբրիկի անունն էր` Քեռի), որ չիմացողները չանցնեն։ Ասում էր` գալիս եք, որ նահատա՞կ դառնաք, զենք չունեք։

«Ղարաբաղ» կոմիտեի որոշմամբ` հնարավոր ու անհնարին ուղիներով ձեռք բերված զենքը կենտրոնացվում էր մեկ մարդու ձեռքում՝ Վազգենի։ Զենք հայթայթելու տարբերակներն էին` գնել, առգրավել, գողանալ… Տղաները գալիս էին, զենքը ստանում, գնում, շատերը իրենք էին զենք հայթայթում, բերում։ Ու այդ բոլորը պետք է ուղարկվեր Ղարաբաղ։ Օդային ճանապարհով։ Ինքնաթիռ չկար։ Ռուսաստանից էր բերել տալիս, բավականին թանկ գնով, միջնորդները գալիս-գիշերում էին «Դվին» հյուրանոցում` 6-7 հոգով։ Նույնիսկ վատ եղանակին նրանց հետ թռչում էր Ղարաբաղ, ետ գալիս։

Ամեն երեկո «Կարապի լճի» մոտից լեփ-լեցուն ավտոբուսներ էին մեկնում Ղարաբաղ։ Իսկ Ղարաբաղում ամեն ինչ արյունով էր շաղախված։ Վազգենը իր կյանքով այլեւս չէր ապրում։ Ամեն առավոտ Մոսկվայի հետ խոսելիս անընդհատ ասում էր` «դեվուշկա», «դեվուշկա», հայրն էլ` Զավեն Սարգսյանը, կարծել էր, թե սիրած աղջիկ ունի, շուտով կամուսնանա։ Պարզվում է` զենքի մասին էր խոսում, գաղտնալեզու էր։ Պավել Գրաչովի հետ այնքան լավ հարաբերություններ ուներ, որ ռուս գեներալները Վազգենի միջնորդությունն էին խնդրում Գրաչովի մոտ։ Իսկ Գրաչովն ասում էր` «То, что знаем я и Вазген, знаем только я и Вазген»։

Ժամանակն անցնում էր։ Հայրենասիրության մասին ճամարտակող, բարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանցից ոմանց զավակներն արդեն արտասահմանում էին, բիզնես էին անում, տաքուկ տեղերում էին կամ էլ հենց քեֆ էին անում քաղաքի ռեստորաններում, Վազգենին հարցրի` բա ո՞նց կլինի։ Ասաց. «Չգիտե՞ս` գողը միշտ էլ գողանում է, վախկոտը` փախչում, կռվողը` կռվում»։

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԹՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Ճակատագրեր, Պատմության էջերից


25/01/2012