Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՔ



ՀԱՅՔԿոմիտասի ճշմարտությունը

Մեծն Կոմիտասը տեսավ իր ժողովրդին պատուհասած արհավիրքը եւ ինքն էլ նրա զոհը դարձավ։ Բայց նա գիտեր մեծ ճշմարտությունը՝ հայի միտքն ու հանճարը, ինչ էլ լինի, չեն մարելու։ Դա նկատի ուներ՝ ասելով. «Գողթանի միակ անունը կբավե, որ անմիջապես մեր հայրենակիցներու մտքին մեջ ոգեկոչե երաժշտության եւ բանաստեղծության ամբողջ անցյալ մը»։

Վահան Թոթովենցը, որ ինքն էլ եղավ մեծ արհավիրքի վկան ու ականատեսը, Կոմիտասին նվիրված իր հոդվածում հաստատում է նրա այս խոսքերի ճշմարտությունը՝ նշելով, որ հայ մայրերն իրենց ժողովրդի ամենամղձավանջային պահերին անգամ ապավինել են հայ երգին՝ որպես հայ ոգու անմարելի արտահայտություն։ «Երաժշտությունը, որ կբխեր մեր հարսներուն ու աղջիկներուն կուրծքերեն,- գրում է նա,- շրթներուն վրա ծաղկեցնում էր ձայնաթրթիռ լույս մը՝ լուսավորելով անմեղ, շինական, աննմանորեն համեստ սիրո ու հափշտակության աշխարհը»։

Հաստատելով Կոմիտասի ճշմարտությունը՝ Թոթովենցն իմաստավորում է հայ ժողովրդի անցյալը, նրա կենաց ու մահու պայքարն իր պատմությունը պահելու եւ շարունակելու համար։ «Մեր կորստին, մեր աստվածային չարչարանքներին բուն էությունը կկայանա այն բանին մեջ, որ մենք ունեցած ենք լույսի ու գեղեցկության պայծառ անցյալ մը եւ գիտակից այդ գեղեցկության՝ տառապած ենք, մարտնչած ենք պահելու այդ լուսավոր գիծը եւ ընդդեմ այդ ծափահարելի համառության՝ մենք չարչարված ենք եւ կոտորված»։

«Լույսի եւ գեղեցկության պայծառ անցյալում» ունենալով մեր մեծագույն հարստություններից մեկը՝ հայ երգը, հայ մայրերն ուժ են քաշել դրանից, ոգի առել, դիմակայել դժբախտություններին։ Թոթովենցը պատմում է մի դեպք, որը, որքան էլ ողբերգական լինի, դառնում է հայ մայրերի այդ ոգեղենացած վարքի, նրանց ներքին էության ցայտուն դրսեւորումներից մեկը։ Եղեռնի օրերին, Երիզայի դաշտում, Թոթովենցը մոտենում է Եփրատին եւ տեսնում, թե ինչպես հայ կինը, թուրքի ճիրաններից ազատված իր մանկան շորերը լվանում է գետում ու հետն էլ, մայրական անհուն խռովքը պահած, երգում.

Ես քու շորերդ, ի՛մ տղաս,

Հորդ արյունով ներկված

Եփրատին մեջ լվացի…

Ողբերգական եւ միաժամանակ՝ հերոսական մի դրվագ, որ ցնցում է իր ճշմարտությամբ։ Բայց այստեղ նաեւ Կոմիտասի ճշմարտությունն է՝ ինչ էլ լինի, ինչ արհավիրք էլ գա՝ հայ երգը չի մարելու, որովհետեւ կոչված է պահելու հայ ազգի ոգին։

 

ՀԱՅՔԶոհրապի երկու պատասխանները

1915¬ի ապրիլի 11¬ին Թուրքիայի ներքին գործոց նախարար Թալեաթն արձակում է հայերի ցեղասպանությունն սկսելու չարագույժ հրամանը։ Մի գիշերում Պոլսո ողջ հայ մտավորականությունը ձերբակալվում է, աքսորվում եւ հենց աքսորի ճանապարհին էլ նահատակվում։

Գրիգոր Զոհրապը, որը խորհրդարանի խոսնակ էր, մեծ ազդեցություն ունեցող փաստաբան, այդ գիշեր զերծ է մնում ձերբակալումից, բայց, պատրաստ կիսելու իր հոգեւոր եղբայրների ճակատագիրը, հաջորդ օրն իսկ բառացիորեն վազում է ներքին գործոց նախարարություն եւ բացատրություն պահանջում նրա ոճրապարտ ղեկավարից։ Ժամանակակիցների վկայությամբ՝ Զոհրապն ամեն ջանք գործադրում է հրամանի վերջնական կատարումը խափանելու համար, բայց՝ ապարդյուն։ Ավարտին նրանց միջեւ տեղի է ունենում այսպիսի խոսակցություն.

«-Պեյ Էֆենտի, բայց պիտի գա օր մը, որ ձենե հաշիվ պիտի պահանջվի։

-Ո՞վ պիտի պահանջի այդ հաշիվը։

-Ե՛ս,- կպատասխանե Զոհրապը»։

Սա քաղվածք է Սերոբ Դավթյանի «Էջեր ուղեւորին մը օրագրեն» գրքից (Իզմիր, 1922), որը պատմությանն է թողել ոճրագործի ամբարտավան հարցին Զոհրապի պատասխանը՝ որպես հայ գրողի եւ մարդու հպարտ կեցվածքի, ազգասիրության եւ արժանապատվության մի ուրույն վավերագիր։

Զոհրապի առաջին կենսագիր, նշանավոր պատմաբան Արշակ Ալպոյաճյանը ճիշտ էր՝ գրողի «ատ ես¬ը ետին դատակնիքը եղավ իր մահավճռին». նախարարի հետ խոսակցությունից հինգ օր հետո Զոհրապը եւս ձերբակալվեց եւ սպանվեց գազանաբար։ Մարդասպանը՝ Չերքեզ Ահմադը, հետագայում վայրենի ցինիզմով պետք է պատմեր. «Զոհրապը ձեռք անցուցի։ Ոտքիս տակ առի, խոշոր քարով մը գլուխը ճզմեցի, ճզմեցի, ճզմեցի, մինչեւ որ…»։

Զոհրապը գիտեր իր ճակատագիրը, բայց որոշել էր «պատնեշին վրա կենալ»։ Իսկ Թալեաթից հաշիվ, այնուամենայնիվ, պահանջվեց, եւ պահանջողը Զոհրապի վրիժառու հայրենակիցն էր՝ Սողոմոն Թեհլիրյանը. 1921¬ին, Բեռլինի փողոցներից մեկում, ատրճանակի կրակոցով նա վերջ տվեց մարդակերի կյանքին։

Զոհրապը, այո՛, գիտեր իր ճակատագիրը, բայց չգիտեր այն ճանապարհը, որ իրեն հեռու էր տանելու արհավիրքում հայտնված իր ժողովրդից։ Պատմությունը Զոհրապի մեկ այլ պատասխան էլ է պահել՝ այս անգամ տրված իր մտերիմներից մեկի՝ Մարթեն Հակոբյանի հարցին. «Մի՞թե չես տեսնում, թե ինչ ամպեր են կուտակվում գլխիդ վերեւ, ինչո՞ւ չես փախչում»։ Մարթենն այս հարցը տվել է՝ «ահագին գումար ալ իր տրամադրության ներքո դնելով»։ Եվ հետեւել է Զոհրապի պատասխանը. «Ո՞ւր փախչիմ եւ ինչպե՞ս, որո՞ւ թողում այս անգլուխ ու անտեր ժողովուրդը։ Չէ, փախչիլ չեմ կըրնար, պետք է, պարտքս է մինչեւ վերջ պատնեշին վրա կենալ»։

Զոհրապի այս երկու պատասխաններն օրգանապես կապված են իրար, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն են եւ այն յուրատեսակ հայելին, որի մեջ երեւում է մեծ մտավորականի եւ հայի սքանչելի կերպարը։

 

Վարուժանի «Ջարդը»

ՀԱՅՔԴանիել Վարուժանը՝ հայ «ցեղին սրտի» մեծ երգիչը, 1906¬ի օգոստոսին գրում է իր հզոր գործերից մեկը՝ «Ջարդը»։ Այն նվիրված էր 1895-1896 թթ. «կարմիր սուլթան» Համիդի հրահրած հայկական ջարդերի սուրբ նահատակների հիշատակին։ Եղերերգություն չէր միայն այդ ընդարձակ քերթվածը, այլեւ ըմբոստ ոգու աղաղակ, բարբարոսության սարսռազդու մերկացում, միաժամանակ՝ իր ժողովրդի վերապրումի, հարատեւումի հանդեպ անսասան հավատի շողարձակում։ «Լաց, Հայաստա՛ն, ո՜վ թշվառ կին», «Լացե՜ք, լացե՜ք, ո՜վ հեգ մայրեր», բայց եւ՝ «Օ՛ն, լսեցե՛ք, լսեցե՛ք, ով մայրեր», վաղը կելնեն հայորդիք, կթամբեն իրենց նժույգները եւ «վրեժին մեջ կմկրտվին»,

Մեր մեռելները բոլոր

Միահամուռ ոստյունով

Պիտի կանգնին գերեզմանին մեջ իրանց

Ու անհամբեր հեռո՜ւն, հեռո՜ւն ակնապիշ

Պիտի սպասեն վարդահեղեղ գալուստին

Արշալույսի մը, որուն

Հավատացե՛ք ինձ, մայրե՛ր,

Ես ոտնաձայնը կառնեմ…

Այսպիսի հավատով է ավարտվում Վարուժանի «Ջարդը»։ Եվ այն հավատով, որ հայ մայրերի արգանդը կդառնա «նոր Որդիներու նոր Սաղմերի ստեղծիչ», եւ կծնվեն «Առյուծներ ապագա»։

Այդպես պիտի լիներ եւ այդպես էլ եղավ, հայ մայրերը ծնեցին հայոց նոր հանճարներ, որոնցից մեկն էր մեծանուն դերասան Վահրամ Փափազյանը։ Նրա ծնունդն ու հաստատումը որպես դերասան ուղղակիորեն կապված են հենց Վարուժանի «Ջարդի» հետ։

1909 թ. սկզբներին ապագա մեծ ողբերգակը հայտնվում է Կ. Պոլսում, որն իր ծննդավայրն էր։ Շիշլիի գերեզմանատանն այդ օրերին կազմակերպվում է սգո արարողություն՝ նվիրված 1896¬ի ջարդի նահատակների հիշատակին։ Դրան մասնակցում է նաեւ Փափազյանը։ Հետեւենք իր իսկ հիշողություններին. «…Նախկին ընկերներս բարձրացրին ինձ մի անհայտ մեռյալի գերեզմանաքարի վրա՝ պահանջելով արտասանել Վարուժանի «Ջարդը»։ Եվ ես արտասանեցի։ Հավաքական տրամադրության ենթարկվելով՝ ավելի շատ ապրեցի այդ կրակոտ քերթվածը, որի յուրաքանչյուր բառն այնքան հարազատորեն համաչափ էր ժողովրդի հոգեկան ռիթմին։ Բարձրացավ մի ահռելի աղմուկ, ոգեւորության մի այնպիսի արտահայտություն, որից ես անգամ սկսեցի վախենալ»։

Արարողությանը ներկա է եղել նաեւ հայոց մեծ դերասանուհի Սիրանույշը։ Հիացած 21-ամյա, դեռեւս անհայտ դերասանի ասմունքով՝ նա Վահրամ Փափազյանին հրավիրում է իր թատերախումբ, հովանավորում նրա առաջին քայլերը դեպի արվեստի տաճար։

Այդ ժամանակ Շիշլիի գերեզմանատանը հավաքվածներից ոչ ոք չգիտեր, որ շուրջ 5 տարի հետո համիդյան ջարդերը շարունակվելու են երիտթուրքական ցեղասպանությամբ։ Լինելու է 1915-ի Մեծ եղեռնը, որի սուրբ նահատակներից է լինելու նաեւ «Ջարդի» հեղինակը՝ հայ պոեզիայի շողշողուն աստղ Դանիել Վարուժանը։

 

Ակադեմիկոս Գորդլեւսկու հայացքը

Նշանավոր շատ մարդիկ են ականատես եղել ու արձագանքել 1915-ի եւ դրանից հետո ընկած ժամանակաշրջանի ողբերգական իրադարձություններին, պաշտպան կանգնել հայերին։ Դրանցից մեկն է արեւելագետ¬թուրքագետ, ակադեմիկոս Վլադիմիր Գորդլևսկին։ 1907-ին նա դասավանդել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում եւ մոտիկից շփվել հայերի հետ, հեղինակն է «Այնտեղ, ուր հնում ապրել են հայերը» ուսումնասիրության, որտեղ բազմաթիվ փաստերով ու ընդհանրացումներով ցույց է տվել հայերի նշանակալի դերը Օսմանյան կայսրության տնտեսական եւ մշակութային կյանքում, մերկացրել թուրքական կառավարող շրջաններին՝ որպես հայերի ցեղասպանության կազմակերպիչների։

1917-ին Գորդլևսկին ականատես է եղել, թե կոտորածից փրկված հայերը, թողած ծննդավայր, ունեցվածք, ամեն ինչ, ռուսական նահանջող զորքի հետ ինչպես են շարժվել դեպի Անդրկովկաս։ Սոսկալի է եղել գաղթի ճանապարհը՝ լի ցնցող տեսարաններով, կորուստների ցավով ու տառապանքով։ Գորդլևսկու հայացքը կանգ է առել տանջահար մի կնոջ վրա. «Ահա եզը դանդաղ քաշում է ճռռացող սայլը, որի վրա դարսված են տնային կահ¬կարասիքը։ Իսկ կողքից քայլում է մի կին՝ մեկ ձեռքին հայելի, մյուսում՝ սուր։ Դատեցեք՝ ի՞նչն է նրա մեջ ավելի ուժեղ՝ կոկետությա՞ն բնազդը, թե՞ ինքնապաշտպանության»։

Խորհրդանշական շատ բան կա գիտնականի նկարագրած այս տեսարանի մեջ. հայուհին իր նման հարյուր հազարավորների պես կորցրել է տուն-տեղ, հարազատների, բռնել գաղթի ճամփան, բայց ապրելու կամքը չի կորցրել, վկա՝ հայելին, իր անկորնչելի կանացիության նշանը, որ տանում է հազար ու մի դժվարությունների միջով, մյուս ձեռքին սուրն է, որով պահպանելու, պաշտպանելու է իր կյանքը։

Տեսարանի այս իմաստն ենք տեսնում Գորդլևսկու հաջորդ տողերում. «Եվ ես հավատում եմ՝ կանցնի մղձավանջի պես ծանր այդ ժամանակը, եւ մարդն ամոթ կզգա… Հարյուր հազարավոր անմեղ հայեր թուրքական գազանությունների զոհ դարձան։ Հայաստանի զավակները հսկայական արիությամբ դեպի մահ էին գնում։ Նրանք գիտեին, որ մահվան միջով հայ ժողովուրդը լավագույն կյանքի կվերածնվի։ Ու կապրի Հայաստանը։

Իմ նո՜ր հայրենիք,

Հզո՜ր հայրենիք…

Այսպես ոգեշնչված երգել է Հովհաննես Թումանյանը՝ հայոց պոեզիայի պատրիարքը»։

Հետագա ժամանակներն ապացուցեցին այս խոսքերի ճշմարտացիությունը՝ հայը, անցնելով մահվան միջով, ապրեց։ Հայը հաղթեց մահին։

 

Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #18 (1483) 10.05.2023 - 16.05.2023, Հոգևոր-մշակութային


15/05/2023