Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՐԵՎՈՐԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ



ԿԱՐԵՎՈՐԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻԱրտանիշ գյուղը գտնվում է Գեղամա գեղեցկուհու՝ Սևանա լճի Արտանիշ ծոցի ափին, ծովի մակերևույթից մոտ 1800 մ բարձրության վրա: Այն ներառված է Շողակաթ խոշորացված համայնքի կազմում և ունի շուրջ 220 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ, ինչպես նաև սեզոնային ձկնորսությամբ ու մեղվապահությամբ: Համայնքի ղեկավար Ռոբերտ Շուշանյանի հավաստմամբ՝ գյուղից հեռացողներ, ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ պատերազմից, հետո չեն եղել:

-Արտագնա աշխատանքի գնացողներ ունենք, բայց  ծննդավայրից ընդմիշտ հեռացողներ՝ ոչ,- վստահեցնում է համայնքապետը:

Արտանիշի հիմնական դպրոցի տնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իվետա Պետրոսյանի դիտարկմամբ՝ երեխաները բավականին լավ առաջադիմություն են հանդես բերում:

-Երեխաները գիտակցում են, որ իրենք էլ իրենց գիտելիքով պետք է նպաստեն մեր հայրենիքի բարգավաճմանն ու հզորացմանը,-  ասում է տնօրենը:

Դպրոցում աշխատում են փորձառու ուսուցիչներ: Նրանցից մեկը՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Սյուզաննա Մանուչարյանը, վերջերս կամավոր հիմունքներով հանձնել էր որակավորման քննությունը և ստացել բարձր գնահատական, ինչն աննախադեպ իրադարձություն էր ինչպես  դպրոցի, այնպես էլ մարզի կրթական կյանքում:

-Գյուղում խմբված մարդկանց չես տեսնի: Մարդիկ կամ դաշտերում են, կամ էլ իրենց տնամերձներում,- ասում է գյուղապետը: Մոտենում ենք առաջին իսկ պատահած տանը: Տնամերձում շիկահեր մի կին քաղհան է անում, իսկ յոթանասունին մոտ  տղամարդը հեռվում մեղվի փեթակներն է կարգի բերում: Մոտեցանք, բարևեցինք: Տանտիրուհին ոչ վարժ հայերենով մեզ ներս հրավիրեց:

-Մեր դուռը միշտ էլ բաց է հյուրերի առաջ, -ասաց նա և ձայն տվեց ամուսնուն.

-Արա՛մ, հյուրեր ունենք:

Տղամարդը, որ ըստ երևույթին նկատել էր մեզ, շտապեց ընդառաջ: Տեսնելով մեզ ուղեկցող գյուղապետին և դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցչին, կնոջը կարգադրեց սեղան գցել: Տանտիրուհին՝ ազգությամբ մոլդավուհի Օլգա Մորատուն, փութաց կատարելու ամուսնու հրամանը: Բավականին հետաքրքիր զրուցակից դուրս եկավ Արամ հորեղբայրը՝ հումորով ու կատակասեր:

Երբ արդեն ծանոթացել էինք, հետաքրքրվեցի նիստ ու կացով, առօրյա գործերով:

-Ոնց բոլոր գյուղերում, տղա՛ ջան: Հաց ենք ստեղծում: Ամբողջ օրը քրտնաջան աշխատում ենք: Եվ քանի որ հացը հողից ենք ստանում, մենք էլ մեր բաժին հողն ենք մշակում առավոտից մինչև մութն ընկնելը,- ասաց նա:

-Հողի հետ աշխատելը, հող մշակելը թեև հաճելի, բայց իհարկե դժվար գործ է,- նկատում եմ ես:

-Հեշտ գործ չկա կյանքում: Պիտի աշխատես, որ ապրես, ընտանիքդ կերակրես: Կինս մոլդավուհի է, բայց հողն այնպես է մշակում, հողի լեզուն այնպես է հասկանում, որ ես էլ եմ զարմանում:

ԿԱՐԵՎՈՐԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ-Քանի՞ երեխա ունեք,- հարցնում եմ նրան:

Հարցս տանտիրոջ սրտով էր:

-Հինգ: Մեկ աղջիկ, որը մայրաքաղաքում է ապրում, և չորս տղա:

-Իսկ թոռնե՞ր:

-Թիվը չգիտեմ,- ծիծաղում է: – Հաշվեմ, ասեմ:

Կնոջն է օգնության կանչում:

-Օլգա՛, քանի՞սն են մեր թոռները:

-Տասնվեցը:

-Ճիշտ է՝ 16-ը: Վեցը՝ լաչառ, տասը՝ աչառ:

-Այսինքն՝ վեց աղջիկ, տասը տղա:

-Բա էլ ոնց: Գևորգս պայմանագրային է: Ամսվա կեսը դիրքերում է, կեսը՝ տանը: Մի գաղտնիք էլ ասեմ, զարմանաս:

-Ասե՛ք:

-Մեր տանը չորս ազգի ներկայացուցիչ կա. հայ, ռուս, մոլդավացի ու գերմանացի: Իմ հորական պապն էլ գերմանացի է եղել:

-Իսկապես որ, զարմացա,- ասում եմ ես:

Հաջորդ տունը, որ այցելեցինք, պայմանագրային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից Խաչիկ Թաթունցի տունն է: Մեկհարկանի տան բակը  կատարյալ շինհրապարակի էր նման: Մեր այցի պահին տանտերը առաջնագծում էր:

-Շինարարության մեջ ենք, դրա համար այս տեսքն ունի մեր տունը: Ամուսինս մենակ չի հասցնում, քանի որ ամսվա կեսը ծառայության մեջ է,- ասաց տանտիրուհին:

Հինգ երեխա են մեծացնում Թաթունցները՝ երեք տղա, երկու աղջիկ:

-Երեքը դպրոցական են, երկուսը՝ մանկահասակ:

Իմ այն հարցին, թե ինչպես են հասցնում հոգալ բազմանդամ ընտանիքի հոգսերը, Արմինեն ասաց.

-Դժվարությամբ, բայց արժանապատվորեն: Ամուսինս չափից դուրս աշխատասեր է: Նա, ինչպես ասում են, կաշվից դուրս գալով էլ լինի, հոգում է ընտանիքի հոգսերը: Ես էլ  նրան տանն եմ թև ու թիկունք, տնամերձն եմ մշակում: Լոբի, կարտոֆիլ եմ ցանել: Հավ ու անասուն ենք պահում: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, մինչև տարեվերջ դրսի շինարարական աշխատանքները կվերջացնենք, իսկ ներսի գործերը ժամանակի հետ կամաց-կամաց կանենք: Մենք սիրում ենք մեր գյուղը, մեր հողը, կարևորը՝ խաղաղություն լինի,- ասաց Արմինեն ու շտապեց տուն. փոքրիկը քնից զարթնել էր:

Արտանիշն ունի իր մերօրյա հերոսը՝ Ռոբերտ Շուշանյան, որը հերոսաբար զոհվեց 44-օրյա պատերազմում: Գյուղի դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասարանը նրա անունն է կրում:

-Մեր դպրոցի ամենալուսավոր անկյունն է այս դասարանը,- ասաց դպրոցի նախկին տնօրեն, ՆԶՊ առարկայի ուսուցիչ Արայիկ Մարգարյանը:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #18 (1483) 10.05.2023 - 16.05.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


18/05/2023