Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է



ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է«Պաշտպան հայրենյաց» ծրագրի առաջին շահառուները գործնական ակտիվ պարապմունքներով ու դասերով շարունակում են ամրապնդել մասնագիտական կարողություններն ու հմտությունները:  Անցած ամիսների ընթացքում ձեռք բերելով մասնագիտական անհրաժեշտ հմտություններն ու պահանջվող որակները՝ նրանք շուտով կամփոփեն ուսումնառությունն ու որպես կայացած զինվորականներ կստանձնեն մեր երկրի պաշտպանության առաքելությունը:

Ուսումնական կենտրոններից մեկում վաշտը բաժանվել էր ջոկերի. մի ջոկը սովորում էր նռնակի նետում, մյուսը՝ հրամանատարական արկղով կրակի վարման և նշանառության, իսկ երրորդն էլ՝ ճիշտ դիրքավորվելու ու մարտ վարելու հմտությունները:

-Ուսումնական փուլի ընթացքում լավ սովորել եմ,  պատրաստվել: Վստահ եմ, որ քննությունները հաջող կհանձնեմ: Ֆիզիկական տվյալներս լավ են, կրակային պատրաստվածությունս՝ նույնպես, թեստերին լիարժեք պատրաստ եմ: Նպատակս մարտունակ զինվոր դառնալն է, քանի որ հայրենիքին ծառայելը մեծ պատիվ է,- ասում է Դավիթ Խաչատրյանը:

-Տրամադրվածությունս գերազանց է: Թեև քննական պահանջները բարձր են, սակայն քրտնաջան պարապում ենք: Մեզ հետ պարապող սպաները հիմնական շեշտը դրել են ֆիզիկական և կրակային պատրաստվածության, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների վրա: Համոզված եմ, որ ստացածս գիտելիքներով կկարողանամ քննությունները հանձնել լավ,- վստահեցնում է Նարեկ Սաղոյանը:

-Ես էլ ջանք ու եռանդ չեմ խնայում, որ քննությունները լավ հանձնեմ: Ինձ համար մեծ պատիվ է ծառայել իմ հայրենիքի զինված ուժերում: Շատ ոգևորիչ և գովելի է, որ կա այսպիսի ծրագիր,- ընկերոջն է  միանում 15 տարի Ռուսաստանում ապրած և հայրենիք վերադարձած շարքային Նավասարդյանը:

Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու նոր համակարգն ընտրած զինծառայողներից յուրաքանչյուրի մոտ նկատվում է արհեստավարժ զինվորական դառնալու և մեր բանակի մարտունակության ու հզորացման գործում ներդրում ունենալու պատրաստակամությունը:

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է-Այս ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս ծառայության հետ մեկտեղ նաև սովորել, ինչը լուրջ առավելություն է: Ես պատրաստ եմ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս: Առաջիկա քննություններին շատ լավ եմ պատրաստվում: Ծառայելու եմ խաղաղապահ բրիգադում: Խոստանում եմ պատվով  կատարել իմ առջև դրված խնդիրները,- վստահեցնում է Էդգար Հակոբյանը:

Պարապմունքներն ու մարզումները հաջորդում են մեկը մյուսին: Ուսումնական պատրաստության փուլի ավարտին քիչ ժամանակ է մնացել: Հայրենիքի ապագա պաշտպաններն արդեն բավականաչափ գիտելիք ու փորձ ենք ձեռք բերել, սովորել են այն, ինչ պետք է զորքերում լավագույն որակներով աչքի ընկնելու համար: Եվ քանի որ հաշված օրեր անց այս տղաները մասնագիտական, ֆիզիկական, շարային ու կրակային պատրաստությունից կմասնակցեն ատեստավորման քննություններին, ուստի նախաքննական դասերի կարևոր բաղկացուցիչն են դարձել փորձնական ստուգարքները:

-Մենք այս ծրագրի առաջին շահառուներն ենք, ուստի, պետք է ամեն ինչ անենք մեզ լավագույն կողմերով դրսևորելու համար: Մարզումների ժամանակ ավելի եմ բարելավել ֆիզիկական տվյալներս. եթե սկզբում պտտաձողի վրա կատարում էի 15 ձգում, այսօր արդեն կատարում եմ 20 և ավելի ձգում: Քննություններին կգրանցեմ բարձր արդյունքներ,- ասում է Մինաս Ծատուրյանը:

Այս ծրագիրը շատերին է  գրավել իր առավելություններով ու տրամադրվող սոցիալական բազմաթիվ արտոնություններով: Հայրենիքի պաշտպանության գործին զինվորագրվելու նոր ծրագրի հիմքում մրցակցային բարձր նշաձող է դրված, ինչին հասնելու համար մասնակիցները լավ սովորել են, ձեռք բերել զինվորական անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ՝ դրանք ամփոփելով ավարտական քննություններով, որոնք հաջող հանձնելուց հետո կմեկնեն զորքեր՝ իրենց ընտրած ծառայության վայրերում պայմանագրային հիմունքներով հինգ տարի ժամկետով ծառայելու:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1485) 24.05.2023 - 30.05.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/05/2023