Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ԲԵՐԴԸ



ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ԲԵՐԴԸԱրցախի անվտանգությունն ու ժողովրդի անդորրը պահպանելու, թշնամիների ասպատակություններից պաշտպանվելու նպատակով Արցախի մելիքները լեռնային անմատչելի ծերպերում, բարձրադիր վայրերում, գետերի, դրանց վտակների ափերին, տափարակ ու բարեբեր դաշտերում դարերի ընթացքում կառուցել են հարյուրավոր ամրոցներ, բերդեր: Այդպիսի ամրակուռ կառույցներից է Գյուլիստանի նշանավոր բերդ-ամրոցը։

Գյուլիստանը անցյալում Մեծ Հայքի Արցախ նահանգի մի մասն էր։ Մ.թ.ա. I հազարամյակից մտել է Բիայնիլի, մ.թ.ա. VI-II դդ.՝ Երվանդունիների, մ.թ.ա. II-ից մ.թ. I դդ.՝ Արտաշեսյանների, I դ.՝ Արշակունիների հայոց թագավորությունների, V դ. վերջերից՝ Արցախի Առանշահիկ նախարարական տոհմից Վաչագան Բարեպաշտի ստեղծած թագավորության կազմում։ VII-IX դդ. եղել է արաբական տիրապետության ներքո։ X դարից եղել է հզորացող Խաչենի իշխանության կազմի մեջ, XVII դ. վերջին և XVIII դ. սկզբին ձևավորված Խամսայի մելիքություններից մեկի՝ Գյուլիստանի մելիքության մեջ։ Գյուլիստանի հաշտության պայմանագրով (ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև 1813 թ. հոկտեմբերի 24-ին Գյուլիստան գյուղում՝ 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո) Արցախը, այդ թվում՝ Գյուլիստանի մելիքությունը և Հարավային Կովկասի տարածքների մեծ մասն անցել են Ռուսաստանին։

XIX դ. Գյուլիստանը ներառված էր Ելիզավետպոլի նահանգի Ջվանշիրի գավառի կազմում։ 1918-1920 թթ. Գյուլիստանը Արցախի այլ շրջանների թվում փաստորեն ինքնուրույն էր և կառավարվում էր տեղի Հայոց Ազգային խորհրդի կողմից։ 1920-ի մարտ-ապրիլին Գյուլիստանն Արցախի մյուս շրջանների հետ ենթարկվել է օսմանյան թուրքերի և մուսավաթականների հարձակումներին, ավերվել են բազմաթիվ բնակավայրեր, զոհվել անմեղ բնակիչներ։

ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ԲԵՐԴԸ1921 թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ՝ Արցախը միացվել է Խորհրդային Ադրբեջանին՝ ինքնավարության իրավունքով։ 1923 թ. հուլիսին կազմավորված ԼՂԻՄ-ի կազմում, սակայն, չեն ներառվել Գյուլիստանը և Հյուսիսային Արցախի շրջանները։ 1930-ական թվականներին Գյուլիստանի շրջանն անվանափոխվում է Շահումյան։

1992 թ. ամռանը համատեղ «Գերանբո» ռազմագործողության արդյունքում Գյուլիստանը՝ բերդը և մերձակա համանուն գյուղը, Շահումյանի շրջանի մյուս բնակավայրերի հետ մնում են Ադրբեջանի վերահսկողության գոտում, իսկ շրջանի ամբողջ բնակչությունն ստիպված լքում է հայրենի բնօրրանը։

Գյուլիստան պարսկերենից թարգմանաբար նշանակում է վարդաստան, վարդերի պուրակ։ Այդ մասին 1466 թ. հիշատակում է գյուլիստանցի գրիչ Հակոբը ինքնագիր «Մաշտոցի» հիշատակարանում, որտեղ ասվում է, որ բնակավայրի հնագույն անունը Վարդուտ է։

Գյուլիստանի բերդը ծովի մակերևույթից 1567 մ. բարձրության վրա է։ Այն զբաղեցնում է 7200 քառ. մ. տարածություն։ Երեք կողմից՝ արևմուտքից, հյուսիսից, մասամբ արևելքից Ինջա (Բարակ) գետը շրջանցում է այդ բարձունքը՝ թերակղզու տեսք տալով նրան։ Միակ քիչ թե շատ մատչելի կողմը հյուսիսայինն է՝ զառիթափ բաց լանջը, որտեղից մոտենալը նույնպես շատ դժվար է։

Բնական պաշտպանական հարմարություններին ավելացել է բարձր բուրգերով հզորացած, իսկ հարավային կողմում՝ կրկնակի բերդապարիսպը, և ժայռը դարձել է անառիկ ամրոց։ Բերդն ունեցել է դեպի գետն իջնող գաղտնի ստորգետնյա ուղի։ Ներսում պահպանվել են զինանոցներ, պահեստներ, բազմաթիվ սենյակներ, մեկ և երկհարկանի տներ, ջրի ամբար և այլն։

Գյուլիստանի բերդը Մելիք Բեգլարյանների իշխանանիստ կենտրոնն էր։ Իսկ 1729-1731 թթ. դարձել է Արցախում հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոնը, հետագայում ստեղծված Չարաբերդ-Գյուլիստան սղնախի հենակետերից մեկը։ Ժամանակին այստեղ մեծ համբավ և հեղինակություն էին վայելում Եսայի Յուզբաշին ու Աբրահամ սպարապետը, որոնց հաջողվել էր համառ դիմադրությամբ ու ճկուն քաղաքականությամբ երկրամասը զերծ պահել կովկասյան լեռնականների ու թուրքական բանակի ասպատակություններից։ Ամենայն հավանականությամբ, հենց այդ ժամանակաշրջանում էլ՝ XVIII դարի առաջին կեսին, հիմնովին վերակառուցվել են ամրոցի պարիսպներն ու մոտակա շինությունները, ներառյալ միջնաբերդ ապարանքը։

Սղնախական պայքարի անկումից և Աբրահամ սպարապետի մահից հետո XVIII դարի կեսերին ամրոցն անցել է գավառի մյուս նշանավոր իշխանատոհմի՝ Մելիք Հովսեփի իրավասությանը։ Վերջինիս և նրա որդիներ Մելիք Բեգլարի և Մելիք Աբովի օրոք ևս բերդը երկրամասի հզոր պաշտպանական հանգույցներից էր և անառիկ էր մնացել անգամ դարավերջին Շուշիի խաների ոտնձգությունների շրջանում։ Հիշարժան են հատկապես 1754 թ. օգոստոսի 26-ի դեպքերը, երբ ամրոցի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ջարդվում են Փանահ խանի զորքերը։

Գյուլիստանի բերդից 3 կմ հեռավորության վրա է Սուրբ Ամենափրկիչ (Նապատ) եկեղեցին։ Աբրահամ Յուզբաշիի գերեզմանը այդ եկեղեցու գավթում է։

«Ես շտապում էի տեսնել Գյուլիստանի բերդը, որի մեջ ամրացած հայոց մելիքները մինչև վերջին ժամանակները սարսափեցնում էին մահմեդականներին։ Ամենափրկչի անապատից մի նեղ ճանապարհ անտառների միջով ուղիղ տանում է դեպի բերդը։ Նա շատ հեռու չէր, ընդամենը պետք է գնալ մի երեք վերստ, որը հեռվից տեսա, իմ սիրտն սկսեց բաբախել։ Ես տեսնում էի այն բերդերից մեկը, որի մեջ իմ վեպի հերոսները գործել էին»։ ՐԱՖՖԻ, «ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»։

Ամուր ու անսասան է մեր ժողովրդի ոգին, անկոտրում՝ ապրելու և արարելու կամքը, և հաստատուն՝ հայրենիքի հանդեպ նվիրումը։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #20 (1485) 24.05.2023 - 30.05.2023, Հոգևոր-մշակութային


29/05/2023