Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



Օրերս 1-ին բանակային զորամիավորումում տեղի ունեցավ 2011 ուսումնական տարվա մարտական պատրաստության, մարտական պատրաստականության, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության արդյունքների ամփոփում, որին մասնակցեցին զորամիավորման հրամանատարությունը, զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարները, ԲԿ վարչակազմը:

Զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Կ.Աղաջանյանի բացման խոսքից հետո զորամիավորման շտաբի պետ գնդապետ Տ.Փարվանյանը զեկուցեց 2011թ. ուսումնական տարվա զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, շտաբների, զորքերի ծառայության, հրետանու, սպաների ունակությունների և հմտությունների կատարելագործման, կապի միջոցների պահպանման, շահագործման և կատարելագործման, անվտանգության կանոնների խստիվ պահպանման, պարբերաբար անցկացված ստուգումների ու դրանց արդյունքների մասին: Ներկայացնելով լավագույն ստորաբաժանումներն ու զինծառայողներին, ընդհանուր առմամբ, նա զորամիավորման ու ենթակա զորամասերի զինվորական կարգապահությունը, մարտական պատրաստությունը և պատրաստականությունը գնահատեց բավարար:

Զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Թ.Շահնազարյանը զեկույցում իր հերթին կարևորեց ցուցադրական մարտավարական զորավարժությունների, մարտական պատրաստականության միջոցառումների ընթացքում իրականացված ստուգումների, անձնակազմերից ընդունված ստուգարքների, ենթակա զորամասերի ստորաբաժանումներում անցկացված ներդաշնակումների, ֆիզիկական պատրաստականության միջոցառումների, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի` կատարելագործված հրաձգարանների դերը, որոնք խրախուսվել են ՊՆ հանձնաժողովների կողմից:

Գնդապետ Թ. Շահնազարյանը ներկայացրեց լավագույններին:

Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գնդապետ Վ.Բաղդասարյանը ներկայացրեց հաշվետու ուսումնական տարվա դաստիարակչական աշխատանքների և զինվորական կարգապահության վիճակը` ընդգծելով այդ գործընթացում զորամիավորման ողջ անձնակազմի, իրավապահ մարմինների ներգրավման դերի, մարտավարաշարային պարապմունքներում` դաստիարակչական զրույցների, քրեական օրենսգրքի «Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունները» հոդվածին և նրա դրույթներին զինծառայողների ծանոթացման, սոցիալական հարցումների, ԲԿ բոլոր ստորաբաժանումներում սերժանտների, զինվորների, զինծառայողների հետ անհատական զրույցների, նրանց շրջանում բարոյահոգեբանական վիճակի բարելավման, պաշտոնական դիրքի չարաշահումների բացառման, հասարակական ակտիվների, աշխատանքային խմբերի կարևորությունը:

Գնդապետ Վ.Բաղդասարյանը, նշելով առկա թերությունները, միաժամանակ ներկայացրեց կարգապահության գծով լավագույններին:

Ամփոփիչ խոսքում զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Կ.Աղաջանյանը, կարևորելով անցնող տարվա ձեռքբերումները եւ նշելով բացթողումները` շնորհակալություն հայտնեց լավագույն ցուցանիշներ արձանագրած բոլոր զինծառայողներին` ընդգծելով կարգապահության դերը ողջ զորամիավորումում` ամենաթանկը համարելով զինծառայողի կյանքի, առողջության և արժանապատվության պահպանումը:

2011թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության, պատրաստականության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքներով լավագույն ճանաչված զորամասերը, ստորաբաժանումները և զինծառայողները զորամիավորման հրամանատարի կողմից խրախուսվեցին թանկարժեք նվերներով, դրամական պարգևներով:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Ազգային բանակ


25/01/2012