ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
Հունիսի 5-ին ՀՀ զինված ուժերում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Մի քանի ուղղություններով ուսումնական կենտրոններում սկսվել է քննաշրջանի ակտիվ փուլը:
Ատեստավորում անցնող առաջին խմբի զինծառայողներն են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները, որոնք քննությունները բարեհաջող հանձնելուց հետո հետագա ծառայությունը կշարունակեն իրենց ընտրած զորամասերում՝ սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով:
Քննությունների առաջին օրը, հիմնականում «լավ» և «գերազանց» գնահատականներով, զինծառայողները հանձնել են շարային պատրաստության ստուգարքը: Առաջիկա օրերին ատեստավորում անցնող հայրենյաց պաշտպանները կհանձնեն նաև քննություններ ֆիզիկական, կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից, որոնց արդյունքների հանրագումարով էլ ստուգող հանձնաժողովը կգնահատի զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը:
***
Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում հունիսի 6-ին ԶՈՒ ուսումնական կենտրոններում ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների անհատական ֆիզիկական պատրաստության աստիճանը։
Զինծառայողները հանձնել են նորմատիվներ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 3 կմ վազք վարժաձևերից։ Հաշվի առնելով, որ ուսումնական պատրաստության փուլում խիստ ուշադրություն է դարձվել անձնակազմի ֆիզպատրաստության վիճակի բարձրացմանն ու տոկունության ամրապնդմանը՝ քննական այս փուլի պահանջները զինծառայողները հիմնականում կարողացել են հաղթահարել առանց դժվարությունների։
***
Հունիսի 7-ին ուսումնական կենտրոններում ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների կրակային պատրաստության աստիճանը։ Զինծառայողները ստուգարքներ են հանձնել «Կրակային պատրաստություն» առարկայից՝ խոցելով տարբեր հեռավորությունների վրա տեղադրված թիրախները։
***
Հունիսի 8-ին ծրագրի մասնակիցները ուսումնական կենտրոններում թեստային առաջադրանքների միջոցով ստուգարքներ են հանձնել մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից։ Սա այս օրերին ատեստավորվող զինծառայողների քննական վերջին փուլն էր: «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մյուս շահառուները քննություններ կհանձնեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Բոլոր ստուգարքների ցուցանիշների համադրմամբ կամփոփվեն քննությունների արդյունքները։ Ստուգող հանձնաժողովները կգնահատեն յուրաքանչյուր զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը, որի վերաբերյալ կկազմվի արձանագրություն և վերջնական եզրակացություն։
Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները առաջիկա օրերին կմեկնեն զորամասեր` հետագա ծառայությունը շարունակելու։
Ատեստավորման գործընթացը զինված ուժերում շարունակվում է: