Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՎ ՍԻՐԻԱՅԻՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԽԱԽՏՈՒՄ ՈՐԵՎԷ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ



Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: Նա նշել է, որ միջազգային հանրակցությունը որևէ արգելք չի սահմանել Սիրիային սպառազինության մատակարարման վերաբերյալ և հիշեցրել, որ երբ 2011 թվականին նման արգելք սահմանվեց Լիբիայի նկատմամբ, Ռուսաստանը խստորեն պահպանեց այն:

ՌԴ փոխարտգործնախարարը միաժամանակ հստակեցրել է, որ թեև նման սահմանափակումների բացակայությանը, Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը չխախտելու նպատակով Ռուսաստանն այս տարածաշրջանի պետություններին է վաճառում սպառազինության բացառապես պաշտպանական տեսակներ:

Նշելով, որ Դամասկոսի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը սկսվել է Բաշար Ասադի իշխանավարությունից դեռ շատ առաջ, Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ անկախ կառավարությունների փոփոխությունից, Մոսկվան շարունակելու է կատարել իր ստանձնած պարտավորությունները: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները նույնպես սպառազինություն են վաճառում մերձավորարևելյան պետություններին, ինչը որևէ խնդիր չի հարուցում:

ՌԴ փոխարտգործնախարարի այս հայտարարությունն ըստ էության պատասխանն է նախօրեին Վաշինգտոնի հայտնած այն մտահոգության, որ թեև Սիրիայում արդեն տաս ամիս շարունակվող բախումներին, Ռուսաստանը Դամասկոսին է վաճառում 10 հատ «ЯК-130» ուսումնամարտական ինքնաթիռներ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


25/01/2012